• Latest news

Այդ տղաներն են, որ չեն թողնում վերջնականապես հիասթափվել ամեն ինչից. բժիշկը՝ ապրիլյան պատերազմի մասին

15 ապրիլի, 2018  13:09

Այն, ինչ արել ենք այդ տղաների համար, շատ քիչ է: Բժշկի կամ բուժքույրի 4-5 անքուն գիշերը ոչինչ է նրանց արածի դիմաց: Եթե հիմա ինչ-որ մի լավ բան կա, մնացել է, նրանց շնորհիվ է, այդ տղաներն են, որ չեն թողնում վերջնականապես հիասթափվել ամեն ինչից: Այսպես է այսօր գնահատում 2016 թվականի ապրիլը երկու պատերազմի միջով անցած բժիշկ Սերգեյ Հակոբյանը:

Սերգեյ Հակոբյանը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի «Լյարդի վիրաբուժության եւ հեպատոլոգիայի» բաժանմունքի վարիչն է: «Ապրիլի 2-ին հիվանդանոցում տնօրենի հետ խորհրդակցությունից հետո անեսթեզիոլոգ Արմեն Աթանեսյանի եւ վիրահատարանի բուժքույր Կարինե Մարգարյանի հետ մեկնեցինք Արցախ: Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց ամենածանր վիրավորներին էին բերում: Մնացինք այնտեղ»,- պատմում է նա։

Վիրաբույժն այս անգամ ստիպված չէր ռումբերի պայթյունի տակ վիրահատություններ կատարել, բայց 2016-ի ապրիլյան պատերազմը բժիշկներից վերցրեց առավելագույնը: «Չգիտեինք, որ այսօր զենքերից կարող են այդ տիպի ծանր վնասվածքներ լինել: Զենքի տեսակ կա, որը բավական մեծ այրվածքներ է առաջացնում մարմնի վրա, եւ եթե 60-70 տոկոսն այրվում է, արդեն բժշկությունն անզոր է: Մենք որ կարողացանք այդքան ծանր վիրավորների, բժշկական առումով՝ անհույս վիրավորների այդ վիճակից հանել, ապաքինել, մեր բժիշկների հաղթանակն է: Բայց ո՛չ ես, ո՛չ մեկ այլ բժիշկ չի կարող ասել, թե իր արածը հերոսություն է: Դա սովորական, քաղաքացիական կեցվածք է»,- ասում է նա։

Բժշկին իր ու իր նմանների արածը չի զարմացրել: Բայց զարմացրել է մի բան, ինչը վաղուց արդեն չի զարմացնում այդտեղ ապրող մարդկանց:

«Այդ օրերին մի կարճ խորհրդակցություն տեղի ունեցավ Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի մոտ: Մենք մտավախություն ունեինք, որ ավելի երկարատեւ ու ծավալուն գործողություններ կսկսվեն եւ, հնարավոր է, Ստեփանակերտը ռմբակոծեն: Որոշվեց բունկերային մի հոսպիտալ բացել Ստեփանակերտում: Ես զարմացած էի, թե ինչ արագությամբ այդ մարդիկ կարողացան այդ աշխատանքը կատարել: Մենք առաջին օրը գնացինք որոշելու, թե որտեղ պետք է լինի, ասենք, վիրահատարանը կամ մյուս բաժանմունքը եւ այլն: Եվ զարմացա, թե ինչ էին արել ընդամենը մեկ օրում, նույնիսկ մի ամբողջ օր էլ չէ, 15 ժամում: Նախկինում այդ տարածքն ինչ-որ պահեստ է եղել, ամբողջը մաքրած էր, պատրաստած, բժիշկների անձնակազմը պատրաստ էր: Նրանք այնքան երկար են ապրել պատերազմական իրավիճակում, որ շատ հարցեր ավելի արագ են լուծվում: Երկար քննարկումներ չկան, կարճ ու կոնկրետ. որոշված է՝ պետք է անել»,- հիշում է Սերգեյ Հակոբյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել