• Latest news

Չեխիայում ժողովուրդը հեշտ վարժվեց հասարակական վայրերում չծխելուն. չեխ տուրօպերատոր

26 ապրիլի, 2018  19:12

Մոտ մեկ տարի առաջ Չեխիայում սահմանվեց հասարակական վայրերում ծխելու արգելք: Մինչեւ հիմա Չեխիան համարվում է Եվրոպայի «ամենածխող» երկրներից մեկը, այդուհանդերձ, ժողովուրդը, ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց չեխական Saxana տուրօպերատորի տնօրեն Օլենա Ռիակովսկան, օրենքը նորմալ ընդունեց եւ հեշտ վարժվեց, որ այսուհետեւ հասարակական վայրերում չի կարելի ծխել:

Ինչպես նշեց Օլենա Ռիակովսկան, անցյալում Չեխիայի ռեստորաններում եւ սրճարաններում ծխողների եւ չծխողների առանձին հաստատություններ կային: Սակայն 2017-ի մայիսից ուժի մեջ մտավ 2016-ի վերջին ընդունված օրենքը, որով ծխելն արգելվում էր ռեստորաններում, բարերում, սրճարաններում, գարեջրատներում, կինոթատրոններում, համերգասրահներում եւ ցուցահանդեսների դահլիճներում, կենդանաբանական այգիներում եւ մրցահրապարակներում: Ծխելն արգելված է նաեւ բժշկական հաստատությունների տարածքներում (ծխարաններ եւս չկան), բացառությամբ հոգեբուժական փակ հաստատությունների, որտեղ ծխելու համար հատուկ տեղեր կան: Կրթական հաստատություններում եւ դրանց հարակից տարածքներում նույնպես ծխելն արգելված է: Չթույլատրված վայրում ծխելու համար տուգանքը 5 հազար կրոն է (մոտ ԱՄՆ 240 դոլար): Գետնին ծխախոտի մնացորդը գցելու համար տուգանքը 1000 կրոն է:

Փողոցում ծխելն արգելված չէ, սակայն հասարակական տրանսպորտի կանգառներում ծխելու արգելքը գործում է: Ինչ վերաբերում է էլեկտրոնային սիգարետներին, դրանք ռեստորաններում եւ սրճարաններում առայժմ կարելի է ծխել, սակայն բժշկական կենտրոններում՝ ոչ:

Չեխուհու խոսքով՝ այս օրենքի ընդունումը ծխողների համար շատ խնդիրներ չի ստեղծել, քանի որ, ինչպես նախկինում, երկրում տեղեր կան, որտեղ ծխելը թույլատրված է: Ամենուր՝ սկսած օդանավակայանից ծխողների համար հատուկ սենյակներ կան: Հասարակական վայրերում ծխելն արգելող օրնքը չի վախեցնում նաեւ զբոսաշրջիկներին, ավելի շուտ հակառակը՝ զբոսաշրջիկներից շատերի համար հաճելի է մաքուր օդ շնչելը, հատկապես հասարակական սննդի հաստատություններում:

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Ծխախոտային արտադրանքի բացասական ներգործության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծը:

Նախագիծը հասարակական վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ է նախատեսում, ինչով երկրի բնակչության շրջանում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել. ոմանք համարում են, որ տուգանքների չափը (հասարակական վայրերում ծխելու համար սկսվում են 250 հազար դրամից) անհրաժեշտ է վերանայել եւ նվազեցնել, մյուսները համարում են, որ խոշոր տուգանքներն ուղղակի անհրաժեշտ են, որպեսզի օրենքին հետեւեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել