Տուգանքների ողջ իմաստն իրավախախտումների կանխումն է. նախարարը` ծխելու արգելքի մասին

24 մայիսի, 2018  18:49

Հասարակական վայրերում ծխելու համար նախատեսված տուգանքները չպետք է լինեն այնպիսին, որ մարդիկ կարողանան հեշտությամբ վճարել դրանք. տուգանքների ողջ իմաստն օրենքի խախտումների կանխումն է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ծխելու դեմ պայքարն առողջապահության ամենակարեւոր ուղղություններից մեկն է, քանի որ ծխելուց հրաժարվելն օգնում է կանխարգելել մի շարք հիվանդություններ, որոնց բուժումը դժվար եւ թանկ է: Տուգանքները ծխելու դեմ պայքարի մեթոդներից մեկն են. դրանց խնդիրը չթույլատրված վայրերում ծխելն արգելելն է եւ մարդկանց պասիվ ծխելուց պաշտպանելը: Տույժերի չափը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ չցանկանան խախտել օրենքը եւ ծխել չթույլատրված վայրում:

«Եթե մենք ուզում ենք ունենալ 5000 դրամ տուգանք, ինչպես՝ հոծ գծի խախտման դեպքում, որպեսզի բոլորը կարողանան հատել այն եւ 5000 դրամ վճարել, ավելի լավ է նման արգելք ընդհանրապես չլինի. թող բոլորը հատեն այդ գիծը կամ թող բոլորը ծխեն չթույլատրված վայրերում»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ հանրային վայրերում ծխելու համար տուգանքների վերջնական չափը դեռ չի սահմանվել. խորհրդարանում քննարկումների ընթացքում դրանք հավանաբար կվերանայվեն՝ ինչպես եւ օրինագծի մի շարք այլ դրույթները:

«Այստեղ հասարակական ​​կոնսենսուս է հարկավոր. բավարար է արդյո՞ք 50 հազար դրամը, որպեսզի մարդիկ չծխեն չնախատեսված վայրերում: Եթե 10 հազար դրամը բավարար է, ապա տուգանքը կլինի հենց այդքան: Ինչպես այսօր նշեց պարոն Փաշինյանը, քաղաքացին չպետք է տուգանքների օբյեկտ, «նյութ» լինի: Հակառակը, մենք պետք է խնդրենք քաղաքացիներին ենթարկվել այն օրենքներին, որոնք արգելում են ինչ-որ տեղ ինչ-որ բան անել: Այս արգելքները բխում են հասարակության շահերից: Միեւնույն ժամանակ, մենք պարտավոր ենք պատասխանատվություն սահմանել արգելքի խախտման համար՝ լինի դա տուգանք, թե քրեական պատասխանատվություն՝ քրեական հանցագործությունների դեպքում: Տուգանքների իմաստն օրենքի խախտումների կանխումն է. Չի կարելի պահանջել, որպեսզի տուգանքներն այնքան ցածր լինեն, որ բոլորը կարողանան խախտել օրենքը եւ վճարել տուգանքը»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը Լեուն Ալթունյանի օրոք օրինագիծ էր ներկայացրել «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխման մասին», որի համաձայն առաջարկվում է սահմանել հետեւյալ տուգանքները.

տրանսպորտի բոլոր տեսակներում (ներառյալ օդային, ջրային, էլեկտրական, երկաթուղային), ինչպես նաեւ ավտոբուսի կանգառներում, երկաթուղային կայարաններում եւ օդանավակայաններում (բացառությամբ հատուկ առանձնացված վայրերի) ծխելու համար սահմանվում է 100.000 դրամ տուգանք: 3 ամսվա ընթացքում կրկնակի խախտման համար՝ 200 000 դրամ:

Ուղեւորատար տրանսպորտի վարորդները տրանսպորտային միջոցում ծխելու համար կտուգանվեն 50 000 դրամի չափով:

Հանրային վայրերում եւ փակ տարածքներում ծխելու արգելքի խախտման համար առաջարկվում է 250 000 դրամ տուգանք սահմանել: 3 ամսվա ընթացքում կրկնակի խախտման համար՝ 500 000 դրամ:

Հաստատություններում ծխելու արգելքի մասին տեսանելի վայրում հայտարարություններ չտեղադրելու համար դրանց ղեկավարները կտուգանվեն 100.000 դրամի չափով:

Փակ տարածքներում ծխելու արգելքին չհետեւելու համար դրանց ղեկավարները կտուգանվեն 500 հազար դրամի չափով: 3 ամսվա ընթացքում կրկնակի խախտման համար կրկնակի տուգանք կկիրառվի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի