• Latest news

ԱՄԲ. Հաջողության ինչպիսի՞ հնարավորություններ կան

15 օգոստոսի, 2018  22:34

Արտամարմնային բեղմնավորմանը (ԱՄԲ) դիմել ցանկացող անպտուղ զույգերը մշտապես հարց են տալիս՝ իրենք հաջողության ինչպիսի՞ հնարավորություն ունեն: Կանանց քանի՞ տոկոսին է հաջողվում ԱՄԲ միջոցով հղիանալ:

Հաջողության հնարավորությունները կախված են մի ամբողջ շարք գործոններից, սակայն ընդհանուր առմամբ դրանք բավականին բարձր են, պնդում է վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Քալիֆորնիա, ԱՄՆ): Նրա խոսքով՝ վաղ թե ուշ ԱՄԲ-ի դիմած կանանց մոտ 80-90 տոկոսը հղիանում է. մեկն առաջին իսկ փորձից, մյուսը՝ մի քանի փորձերից հետո:

ԱՄԲ յուրաքանչյուր փորձի դեպքում հաջողության հնարավորությունները կախված են հիվանդի տարիքից, առողջական վիճակից, անպտղության պատճառներից եւ տեւողությունից: Կարծիք կա, որ մարդու ապրելակերպը նույնպես ազդում է նրա ֆերտիլության եւ նույնիսկ ԱՄԲ հաջողության վրա. ալկոհոլային ըմպելիքների չարաշահումը, ծխելը եւ ոչ առողջ սնվելը վտանգի գործոններ են, որոնք խորհուրդ է տրվում բացառել երեխա ունենալ ցանկացող զույգերին:

Հաջողության հնարավորությունները կախված են նաեւ նրանից, թե արդյոք ԱՄԲ անցկացնելիս օգտագործվել է ձվարանների հորմոնալ խթանում: Նման խթանման շնորհիվ մասնագետները մի քանի ձվաբջիջ են ստանում եւ սովորաբար՝ մի քանի սաղմ ինչը մեծացնում է հաջողության հավանականությունը: Սակայն որոշ դեպքերում, եթե կնոջն այս կամ այն պատճառով հակացուցված է ձվարանների հորմոնալ խթանումը, մասնագետները նրան կարող են առաջարկել բնական ցիկլով ԱՄԲ, որի դեպքում սաղմ ստանալու համար մասնագետներն օգտագործում են բնական դաշտանային ցիկլում հասունացած մեկ ձվաբջիջ՝ առանց հորմոնալ դեղամիջոցների օգտագործման: Այս գործողությունը հիվանդի համար ավելի անվնաս է, սակայն հաջողության հնարավորությունն էլ ավելի ցածր է, քան «սովորական» ԱՄԲ-ի դեպքում, քանի որ ամեն ամիս կարելի է ստանալ միայն մեկ ձվաբջիջ եւ լավագույն դեպքում՝ մեկ սաղմ: Որպես կանոն, բնական ցիկլում ԱՄԲ-ի մեկ փորձը շատ ավելի էժան է, քան խթանման օգտագործմամբ ԱՄԲ-ի դեպքում, սակայն հաճախ հղիության հասնելու համար առաջին դեպքում ավելի շատ փորձեր են պահանջվում, քան երկրորդ:

Այսպես թե այնպես, եթե զույգը որոշել է ԱՄԲ կատարել, մասնագետը խորհուրդ չի տալիս կենտրոնանալ վիճակագրության եւ հնարավոր հաջողության հնարավորության վրա:

«Մարդկանցից շատերը կենտրոնանում են թվերի վրա, հարցնում են, թե իրենք հաջողության ինչպիսի հնարավորություն ունեն: Սակայն սա այն չէ, ինչի վրա արժի կենտրոնանալ: Ես նույնիսկ չգիտեմ, թե մեր կլինիկայում վիճակագրությունն ինչպիսին է, սակայն գիտեմ, որ հիվանդների մեծ մասը կղիանա՝ ոմանք անմիջապես, ոմանք՝ մի քանի փորձից հետո: Եթե զույգը հետեւի բուժման նախանշված պլանին, մեծամասնության մոտ ամեն ինչ կստացվի»,- նշում է Վիգեն Սեֆիլյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել