• Latest news

Հարթաթաթությունն այժմ ուսումնասիրվում է նոր բնագավառի՝ պոդիատրիայի կողմից

7 դեկտեմբերի, 2013  14:27

Պոդիատրիան նոր` երիտասարդ ուղղություն է բժշկության մեջ, որն ուսումնասիրում է  ոտնաթաթի բնածին, ձեռք բերովի, տրավմատիկ բնույթի  հիվանդությունները, ոտնաթաթի և քայլքի շարժման կենսամեխանիկան, վերլուծում է ոտնաթաթի ֆունկցիոնալ առանձնահատկությունները, բացատրում է քայլքի տարբեր ձևերը, ուսումնասիրում է ոտնաթաթի դիրքը կոշիկներում և  ոտնաթաթի դեֆորմացիաների զարգացման մինչկլինիկական  ողջ շարքը: Այն իր մեջ ներառում է բժշկության մի քանի բաժիններ՝ օրթոպեդիա, վնասվածքաբանություն, անոթային և թարախային  վիրաբուժություն, նույնիսկ` նեյրովիրաբուժություն: Այս մասին NEWS.am Medicine թղթակցի հետ զրույցում պատմեց բժիշկ-խորհրդատու (կոնսուլտանտ) Հասմիկ Աղուզումյցանը:

Պոդիատրիան կանխարգելում  և բուժում է ոտնաթաթի  հիվանդությունները, ապահովում է օրթոպեդիկ  հիվանդությունների պրոֆիլակտիկան ՝ դրանով իսկ խոչընդոտելով լուրջ  հիվանդությունների առաջացումը: Այս ոլորտի լուրջ խնդիրներից է դիաբետիկ թաթի սինդրոմը, որը շաքարային դիաբետի ամենածանր բարդություններից մեկն է:  Այն այսօր  ամենադժվար  բուժվող  պաթոլոգիաներից է, և  պահանջում է հատուկ ուշադրություն  ինչպես բժշկի, այնպես էլ հիվանդի կողմից:

Մարդու  ոտնաթաթը զարգանում եւ ձեւավորվում է մինչեւ 5  տարեկանը: Հենց այս շրջանում պետք է ուշադրություն դարձնել, որ երեխան ճիշտ կոշիկ կրի: Այն պետք է ամուր լինի,  հետևամասը նույնպես պետք է ամուր լինի: Ներբանը պետք է պինդ և միևնույն ժամանակ բավականին ճկուն լինի:Երեխայի թաթը պետք է չեզոք վիճակում լինի: Կոշիկը պետք է պարտադիր համապատասխանի երեխայի ոտքին: Անթույլատրելի է կրել ուրիշի կոշիկը: Բժշկի կարծիքով պետք է որակյալ, ճիշտ կոշիկ գնել՝ հետագայում ոտնաթաթի կենսամեխանիկայի և քայլվածքի ժամանակ առաջացող խնդիրներից խուսափելու համար:

Օրթոպեդիկ ներդիրների ընտրության ժամանակ կիրառվում է տարիքային մոտեցումը:  Օրինակ՝ մեծերի համար առաջին հերթին հարմարավետությունն է:  պետք է ինչ-որ կերպ կանգնեցնել հիվանդության զարգացման ընթացքը, արթրոզների եւ ողնաշարի հիվանդությունների պրոֆիլակտիկա անցկացնել, ապահովել ոտնաթաթի անհրաժեշտ ամորտիզացիան, ինչը տարիքի հետ նվազում է: Եթե խոսքը գնում է մինչեւ հինգ տարեկան երեխաների մասին, ապա այստեղ կարելի է ուղղել ոտնաթաթի խախտված կենսամեխանիկան՝ հարթաթաթության զարգացումը կանխարգելելու համար: Երեխաների կողմից օրթոպեդիկ ներդիրների կրելը պետք է համատեղվի անհրաժեշտ վերականգնողական վարժությունների կոմպլեքսի, ֆիզիոթերապիայի, մերսման հետ:

Այն, որ երեխաների մոտ մինչեւ երեք տարեկանը հարթաթաթություն չի լինում՝ թյուր պատկերացում է: Այն կարող է լինել բնածին եւ ձեռք բերովի: Ամենավնասակարը ոչ թե ոտքի ցավերն են, ոչ թե դրանց դեֆորմացիաները, (ոսկրիկների)՝ լայնական հարթաթաթության արդյունքում, այլ դրանց հետեւանքները՝  ամբողջ հենաշարժիչ համակարգի, այդ թվում ողնաշարի դեֆորմացիան: Որքան շուտ է հայտնաբերվում հարթաթաթությունը, այքան ավելի հեշտ է այն կանխել:

Եթե ոտքերը շուտ են հոգնում, կա ցավ ձկնամկանի շրջանում, դա արդեն խոսում  է առաջին աստիճանի հարթաթաթության մասին: Ըստ վիճակագրական տվյալների,   այսօր աշխարհում ամեն հինգերորդ  մարդն  ունի  ոտնաթաթի հետ կապված խնդիրներ, որոնց առաջացման հիմնական պատճառներից են ոտնաթաթի կենսամեխանիկական շեղումներն ու հարթաթաթությունը:

Հարթաթաթությունը ոտնաթաթի ձևի փոփոխություն է, որին բնորոշ է երկայնակի  և  լայնակի կամարների իջեցումը: Հարթաթաթությունը լինում է ի ծնե (3%) և ձեռք բերովի:

 Ձեռք բերովի հարթաթաթությունը կարող է առաջանալ յուրաքանչյուր տարիքում և լինում է մի քանի տեսակի՝ հետտրավմատիկ, ստատիկ (80-90%),  պարալիտիկ, ռախիտիկ։ Ստատիկ հարթաթությունը ամենատարածվածն է, որի առաջացման պատճառներն են ոտնաթաթի երկարատև գերծանրաբեռնվածությունը, սխալ ընտրված կոշիկները, մարմնի ավելորդ   քաշը և այլն: Այն հատկապես առաջանում է  որոշ մասնագիտությունների տեր մարդկանց մոտ՝ զինծառայողներ, վիրահատող բժիշկներ, ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդիկ:

Հարթաթաթությունը հանգեցնում է կեցվածքի բարդ շեղումների,  ողնաշարային  հիվանդությունների,  ստորին վերջույթների հոդային դեֆորմացիների, ոտնաթաթի կոշտուկների առաջացման, երակների լայնացման, որոնք դրսևորվում են հոդացավով, ոտնացավով, ոտնաթաթի տակ  այրոցի զգացողությամբ, քրոնիկ  գլխացավով, քայլելիս` շուտ հոգնածությամբ:

 Զինվորական ծառայության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը` վազքը, շարային քայլքը, ակտիվ մարզումները նպաստում են առկա խնդիրների էլ  ավելի արագ  դրսևորմանն   ու բարդությունների առաջացմանը: Շատ հաճախ շարային քայքի ժամանակ առաջանում են ոտնաթաթի մանր ոսկրերի կոտրվածքներ, որոնք հետագայում վերածվում են ոսկրային կոշտուկների: Քայլքի, վազքի  ժամանակ միկրոհարվածներ են ստանում  նաև ներքին օրգաններն  ու  գլխուղեղը: Առաջանում են առողջական խնդիրներ, որոնք բերում են  աշխատունակության, մարտունակության և ֆիզիկական տոկունության  անկման:

Նկարագրված   վիճակը   ավելի   խորանում է, երբ ոտնաթաթը երկար ժամանակ մնում է խոնավ կիսագուլպաների ու կոշիկների մեջ, առաջացնելով մաշկային գերաճեր (մոզոլներ), կոշտուկներ, մաշկային և ներքին օրգանների   բորբոքային հիվանդություններ: Հարթաթաթության   բարդությունները   կանխելու   համար    անհրաժեշտ   է  կրել  օրթոպեդիկ  ներդիրներ և կատարել կոշիկի ճիշտ ընտրություն:  Կոշիկը պետք է ունենա  ամուր, լայն,  ճկուն տակացու, գերադասելի է, որ կարված  լինի  բնական կաշվից:

Եզրակացություն անելով՝ բժիշկը նշեց, որ մարդն իր կյանքի ընթացքում պետք է միշտ հոգ տանի իր ոտքերի մասին, դրանց ապահովելով առավելագույն հարմարավետություն, իսկ ոտնաթաթի շրջանում հոգնածության և ցավի առաջացման դեպքում, պետք է դիմել մասնագետի՝ համապատասխան օգնություն ստանալու համար:

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցավ Կումուրյանի անվան առաջին մասնագիտացված՝պոդիատրիկ  կլինիկայի բացումը:

Անի Լիպարիտյան


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll