• Latest news

Ինչու՞ է Հայաստանում եւ աշխարհում աճում քաղցկեղով հիվանդների թիվը

28 մայիսի, 2014  19:41

Ինչու՞ է Հայաստանում եւ աշխարհում տարեցտարի աճում քաղցկեղով հիվանդների թիվը։ Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի հետ:

Մասնագետները փորձում են գտնել այս հարցի պատասխանը՝ ուսումնասիրելով քաղցկեղների կապը ժառանգական գործոնների, բնակլիմայական պայմանների, սննդակարգի, վատ սովորությունների եւ հոգեկան վիճակի հետ, ասաց Հայրապետ Գալստյանը։

«Ես կարծում եմ, որ կա գործոնների մի ամբողջ կոմպլեքս, որը բացասական ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա՝ առաջացնելով ուռուցքներ», - ասաց նա, ավելացնելով, որ այդ գործոնները կարող են լինել ինչպես արտաքին՝ էկզոգեն, այնպես էլ ներքին՝ էնդոգեն։

Քաղցկեղների գոյացման ոիսկի արտաքին գործոններից են, օրինակ, կենսաձեւը, որը ներառում է սնունդը, ծխախոտն ու ալկոհոլը, արտաքին միջավայրի պայմանները եւ բոլոր այն գործոնները, որոնք ի սկզբանե կապված չեն մարդու օրգանիզմի ներքին գործունեության հետ։ Այստեղ առանձին ուշադրության է արժանի ծխելը՝ որպես քաղցկեղածին գործոն։ Ինչպես նշեց Հայրապետ Գալստյանը, ԱՄՆ-ում հակածխախոտային պայքարը շատ ավելի արդյունավետ էր, քան Հայաստանում, եւ այդ պայքարի արդյունքում թոքի քաղցկեղով հիվանդացությունը ԱՄՆ-ում նվազել է մոտ 12 տոկոսով։

Հայաստանում թոքերի քաղցկեղով հիվանդացությունը դեռ նվազման միտում չունի, իսկ ծխելու դեմ պայքարը դեռ արդյունքներ չի տալիս։ Ըստ վերջին տվյալների՝ 2013 թվականին Հայաստանում քաղցկեղի 7970 նոր դեպք է գրանցվել, ընդ որում տղամարդկանց մոտ ամենատարածվածն է հենց թոքերի քաղցկեղը՝ 949 նոր դեպք գրանցվել է միայն 2013 թվականին։

Ինչ վերաբերվում է քաղցկեղածին ներքին գործոններին, դրանցից են, օրինակ, քիմիական նյութերը, որոնք օրգանիզմում առաջանում են նյութափոխանակության արդյունքում եւ, ազդելով օրգանիզմի վրա, որոշ ժամանակ անց նպաստում են բջիջների կազմափոխմանը։

Այսպիսով, ինչու՞ է Հայաստանում եւ աշխարհում աճում քաղցկեղով հիվանդների թիվը։ Ցավոք, հստակ պատասխան այս հարցին ոչ ոք դեռ չի կարող տալ, բայց մասնագետները ասում են, որ հավանաբար պատճառն այն է, որ մարդու օրգանիզմը այսօր ավելի հաճախ է բախվում թե արտաքին, թե ներքին քաղցկեղածին գործոններին, քան նախկինում։ Իսկ քանի որ ներքին գործոնների վրա ազդելը չափազանց բարդ է, մասնագետները խորհուրդ են տալիս գոնե արտաքին գործոնների հետ զգույշ եւ ուշադիր լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll