• Latest news

Հայաստանում շատերը պատկերացում չունեն, թե որքան վտանգավոր է ծխելն առողջության համար. ամերիկացի սրտաբան

2 հոկտեմբերի, 2019  18:30

Շատերը Հայաստանում չեն պատկերացնում, թե որքան վտանգավոր է ծխելն առողջության համար ընդհանրապես եւ սրտի ու զարկերակների համար՝ մասնավորապես։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել սրտաբան Տիգրան Գուլեսերյանը (Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)։

Բժիշկ Գուլեսերյանը Հայաստան է եկել իր օգնական Թուրիս Գուլեսերյանի հետ, Հայկական բժշկական հինգերորդ բարեգործական առաքելության  (Armenian Medical Mission) կազմում։ Արդեն մի քանի օր նրանք անվճար խորհրդատվություն են անցկացնում Հայաստանի մարզերում՝ ախտորոշելով պացիենտների մոտ հիպերտոնիա, շաքարային դիաբետ եւ այլ հիվանդություններ եւ բուժում նշանակելով։ Նրանց ուշադրությունը գրավեց այն փաստը, որ Հայաստանում ծխողները շատ են, եւ նրանք բավականաչափ տեղեկացված չեն այն մասին, թե ինչպես է ծխելն ազդում առողջության վրա։

«Ամենավատն այն է, որ մարդիկ կարծում են, թե ծխելը միանգամայն նորմալ բան է, եւ որ նրանց կանայք նույնպես մտածում են, թե դա նորմալ է։ Երեկ ինձ մոտ մի պացիենտ եկավ, որին 2 ամիս առաջ սրտի վիրահատություն են կատարել, եւ նա հիմա օրը մոտ 2 տուփ ծխախոտ է ծխում», - ասաց սրտաբանը։ - «Ես նրան հարցրի՝ գիտի՞ արդյոք, թե ինչ է անում ծխելը նրա զարկերակների հետ։ Ոչ, նա չգիտեր»։

Թարգմանչի օգնությամբ բժիշկը  պացիենտին բացատրել էր, թե ինչու է ծխելն այդքան վտանգավոր։ Նա հույս ունի, որ պացիենտն իրեն հասկացավ եւ առաջիկայում կթողնի ծխելը, այլապես մի երկու ամիս հետո նրան կաթված է սպասվում եւ/կամ սրտի եւս մեկ բաց վիրահատություն։

Մասնագետների ուշադրությունը գրավեց նաեւ այն փաստը, որ Հայաստանում փակ հանրային շինություններում դեռեւս ծխում են, եւ դա մեծ խնդիր է չծխող մարդկանց համար, որոնք ստիպված են ենթարկվել երկրորդական ծխի ազդեցությանը։

«Ռեստորանում պատուհանները բաց էին, բայց ծխի պատճառով այնտեղ, միեւնույն է, անհնար էր շնչել։ Թեեւ երաժշտությունն ու մթնոլորտը հաճելի էին, բայց մենք վաղ հեռացանք, որովհետեւ չէինք կարողանում շնչել», - խոստովանել են մասնագետները։

Ինչպես նշեցին բժիշկ Գուլեսերյանն ու նրա օգնականը, Հայաստանում ծխողներն այդքան շատ են, քանի որ այստեղ ծխելը դեռեւս սոցիալական նորմա է համարվում, եւ նաեւ այն պատճառով, որ ծխախոտն այստեղ չափազանց մատչելի է:

«Հայաստանում մեկ տուփ ծխախոտն արժե մոտ 1 դոլար, եւ շատերը կարող են իրենց թույլ տալ ծխախոտ գնել: Սակայն եթե մեկ տուփն արժենար 12 դոլար, ծխողների թիվը, հավանաբար, կկրճատվեր: Եթե ձեզ մոտ ծխախոտի համար ակցիզներ սահմանեին, ստացված գումարով հնարավոր կլիներ վերանորոգել եւ վերահագեցնել մարզային հիվանդանոցները», - ասացին մասնագետները:

Նրանց խոսքով՝ Հայաստան հաջորդ այցի ընթացքում իրենք մտադիր են իրենց հետ նիկոտինային պատչեր բերել, որոնք օգնում են թողնել ծխելը, եւ անվճար բաժանել դրանք պացիենտներին: Սակայն դա, իհարկե, չի լուծի բոլոր խնդիրները: Մասնագետները նշեցին, որ շատ կարեւոր է հայերի, հատկապես երիտասարդների շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելն ու անընդհատ նրանց պատմելը, թե ինչու պետք է չծխեն:

«Պետք է երիտասարդներին պատմել, թե ինչպես է ծխելն ազդում կյանքի տեւողության վրա: Եթե ուզում եք ապրել առավելագույնը մինչեւ 50 տարեկանը, լավ, ծխեք: Եթե ավելի երկար եք ուզում ապրել, ընդ որում, ուզում եք առողջ լինել 70, 80 տարեկանում, դուք պետք է չծխեք», - ասացին մասնագետները:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի