• Latest news

Հայրը 10-ամյա որդու դոնորն է դարձել. Հայաստանում երեխայի լյարդի առաջին փոխպատվաստումը հաջող է անցել

23 հոկտեմբերի, 2019  15:55

Հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել է Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը անչափահաս պացիենտին։ Ինչպես լրագրողներին հայտնեց բուժկենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, պացիենտը 10 տարեկան 8 ամսական է։ Նա տառապում է լյարդի բնածին ֆիբրոզով՝ վտանգավոր հիվանդություն, որն առանց լյարդի փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Պացիենտի համար դոնոր է դարձել հայրը, որը նրան է տվել իր լյարդի մի մասը։

Վիրահատությունը տեւել է մոտ 14,5 ժամ, աշխատել է 22 մասնագետից բաղկացած խումբ, որոնցից 7-ը Հայաստան է եկել Բելառուսից, երկիր, որտեղ շատ զարգացած է տրանսպլանտոլոգիան։ Նրանք վիրահատությունն իրականացրել են հայ մասնագետների հետ համատեղ՝ նրանց սովորեցնելով եւ կիսելով իրենց փորձը։

Ինչպես իր հերթին նշեց պրոֆեսոր Օլեգ Ռումոն (Բելառուս), վիրահատությունը հաջող է անցել, եւ հիմա թե՛ դոնորը, թե՛ ռեցիպիենտը վերականգնվում են։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Նրա խոսքով՝ լյարդի փոխպատվաստումը ամենաբարդ փոխպատվաստումներից է, եւ դրա հաջող իրականացման համար անհրաժեշտ է բուժանձնակազմի պատրաստության լավ մակարդակ. բավական չէ մասնագետ հրավիրել արտերկրից, չէ՞ որ նա մենակ ոչինչ չի կարող անել։

Մասնագետների խոսքով՝ առայժմ դժվար է ասել, թե ինչպես կընթանան 10-ամյա պացիենտի գործերը վերականգնվելուց հետո։ Բայց մի բան կարելի է հաստատ ասել. առանց վիրահատության նրան մահ էր սպասվում, իսկ վիրահատությունը նրան նորմալ կյանքի բավական լավ շանսեր տվեց։

Ինչպես նշեց Արա Բաբլոյանը, վերջերս «Արաբկիր» ԲԿ-ում զննել են 3 ամսական պացիենտի բնածին հիվանդությամբ, որին նույնպես լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ։ Առայժմ նրան աջակցում են, որպեսզի մի քիչ մեծանա ու քաշ հավաքի։ Երբ փոքրիկը 8 կիլոգրամ դառնա (հիմա 6 կիլոգրամ է), նրան նույնպես լյարդի փոխպատվաստում կկատարեն։

Հիշեցնենք, որ Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը մեծահասակ պացիենտին կատարվել է մի քանի ամիս առաջ «Աստղիկ» ԲԿ-ում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է