• Latest news

Սիստեմային կարմիր գայլախտ. ի՞նչ հիվանդություն է եւ ինչո՞վ է վտանգավոր

6 հուլիսի, 2014  19:13

Ողջ աշխարհում 100 հազար մարդուց 80-ին սիստամային կարմիր գայլախտ է սպառնում: Խոսքը բավականին ծանր հիվանդության մասին է, որը, ճշգրիտ բուժման բացակայության պարագայում, կարող է մահացու ելք ունենալ: Հիվանդության բնույթի եւ վտանգավոր կողմերի մասին NEWS.am Medicine-ի թղթակցին Մոսկվայում գտնվող «Ռեւմատոլոգիայի Վ.Ա. Նասոնովայի անվան գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային հաստատության պրոֆեսոր Ս.Կ. Սոլովյովն է պատմել:

Պրոֆեսորի խոսքով, սիստեմային կարմիր գայլախտը (СКВ) աուտոիմունային ռեւմատիկ հիվանդությունների շարքին է դասվում: Մարդու օրգանիզմում կարելի է իմունովերահսկիչ համակարգի բջիջներ գտնել, ինչպես, օրինակ` B-լիմֆոցիտներն ու պլազմատիկ բջիջներն են, որոնք առողջ մարդու մոտ օրգանիզմը պաշտպանող հակամարմիններ են արտազատում, իսկ գայլախտի պարագայում` բոլորովին այլ` աուտո-հակամարմիններ, որոնք քայքայում են օրգանիզմը:

Ինչո՞ւ է այդպես լինում

Ավաղ, գիտության եւ բժշկության զարգացման ներկաիս փուլում ոչ ոք չի կարող վերը նկարագրված գործընթացների պատճառը մատնանշել, ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու է սիստեմային կարմիր գայլախտի նման հիվանդություն առաջանում: Սակայն, պրոֆեսորի խոսքով, որոշակի գործոններ կան, որոնք կարող են այդ հիվանդության առաջացումը խթանել: Դրանցից են ուլտրամանուշակագույն ճառագայթները, սթրեսը եւ տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ:

«Այդ գործոնները ոչ թե սիստեմային կարմիր գայլախտի պատճառ են հանդիսանում, այլ պարզապես կարող են դրա առաջացումը հրահրել: Իսկ թե ինչու է այն առաջանում` ոչ ոք չգիտի», - մեկնաբանել է պրոֆեսոր Սոլովյովը:

Հարկ է նշել, որ սիստամային կարմիր գայլախտը վարակիչ հիվանդություն չէ եւ ժառանգաբար չի փոխանցվում:

Ինչո՞վ է վտանգավոր

Սիստեմային կարմիր գայլախտը հիմնականում կանանց մոտ է ի հայտ գալիս: «Եթե հիվանդությամբ տառապող տղամարդկանց եւ կանանց հարաբերակցությանը ուշադրություն դարձնենք, ապա պետք է նկատել, որ 10 կանանց ընդամենը մեկ տղամարդ է բաժին հասնում» - նկատել է պրոֆեսորը` հավելելով, որ հիշյալ հիվանդությամբ առավելապես վերարտադրողական տարիքում գտնվող կանայք են տառապում, ինչը լուրջ սոցիալական խնդիր է, քանի որ այդ կանայք պետք է ընտանիք կազմեին, երեխաներ ունենային, աշխատանք գտնեին… Իսկ սիստեմային կարմիր գայլախտի պարագայում լուրջ բարդություններ են ի հայտ գալիս. Հիվանդությունը բավականին ծանր ընթացք ունի եւ, ժամանակին չախտորոշվելու եւ բուժում չստանալու դեպքում, կարող է մահացու ելքի հանգեցնել:

Ինչո՞ւ է մահացու

Ինչպես արդեն նկարագրել ենք, սիստեմային կարմիր գայլախտի դեպքում մարդու օրգանիզմում առողջ բջիջների եւ հյուսվածքների համար սպառնալիք ներկայացնող աուտո-հակամարմիններ են արտադրվում, որոնք ի վիճակի են օրգանիզմի այնպիսի կենսական կարեւորություն ունեցող բաղադրիչներ քայքայել եւ անգործունակ դարձնել, ինչպիսիք երիկամներն են, թոքերը, ուղեղը, կենտրոնական նյարդային ու արյունաստեղծ համակարգերը, ինչը որոշակիորեն մահվան ելքով է սպառնում:

Որքա՞ն է հիվանդի կյանքի ակնկալվող տեւողությունը

Սիստեմային կարմիր գայլախտ ունեղող հիվանդի կյանքի ակնկալվող տեւողությունը կախված է այն հանգամանքից, թե ինչ օրգաններ եւ համակարգեր են վնասվել: Եթե երիկամների, թոքերի (հեմոռագիկ ալվեոլիտ) կամ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման դեպքում անմիջապես բուժում չնշանակվի, հիվանդը կարող է մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթվա կյանք ունենալ: Օրինակ` հեմոռագիկ ալվեոլիտը կարող է բոլորիվին վերջերս առողջության հետ խնդիրներ չունեցած մարդուն մի քանի օրվա ընթացքում գետնին տապալել: Պրոֆեսորի խոսքով, մխիթարական է այն հանգամանքը, որ ախտահարման վերոհիշյալ տարբերակը խիստ հազվադեպ` գայլախտով հիվանդների 1 տոկոսի մոտ է պատահում:

Պրոֆեսոր Սոլովյովը նաեւ նշել է, որ ժամանակակից թերապեւտիկ միջոցառումների շնորհիվ սիստեմային կարմիր գայլախտով հիվանդների շուրջ 93 տոկոսը հիվանդության առաջացման պահից հետո դեռեւս 20 տարվա կյանք են ապահովում: «Գայլախտով տառապող 100 հիվանդներից 93-ը 20 տարի ապրում են» - մեկնաբանել է բժիշկը:

Վիճակագրությունն, իհարկե, տխուր չէ` հաշվի առնելով, թե որքան լուրջ հիվանդության մասին է խոսքը, սակայն պրոֆեսոր Սոլովյովը, ինչպես եւ ոլորտի բազմաթիվ այլ մասնագետներ, հույս ունի, որ մոտ ապագայում գայլախտով հիվանդների կյանքը երկարաձգելու եւ կանխատեսումները բարելավելու հնարավորություններ կընձեռնվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել