• Latest news

Սիստեմային կարմիր գայլախտ. հնարավո՞ր է բուժել

7 հուլիսի, 2014  20:20

Սիստեմային կարմիր գայլախտը ծանր հիվանդություն է, որը կարող է, կենսական կարեւորություն ունեցող օրգանները ախտահարելով, մարդուն մի քանի օրվա ընթացքում մահվան հասցնել: Իսկ այն հնարավո՞ր է բուժել: Թեմայի շուրջ  NEWS.am Medicine-ի թղթակիցը Մոսկվայում գտնվող «Ռեւմատոլոգիայի Վ.Ա. Նասոնովայի անվան գիտեհետազոտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային հաստատության պրոֆեսոր Ս.Կ. Սոկոլյովի հետ է զրուցել:

Տեսականորեն սիստեմային կարմիր գայլախտը հնարավոր է բուժել, սակայն գործնականում հիվանդության լիիրավ բուժման դեպքեր բժիշկներին հայտնի չեն, նշել է պրոֆեսորը:  Սակայն երկարատեւ ռեմիսիայի դեպքերը, երբ հիվանդի մոտ երկար ժամանակ որեւէ` թե լաբորատոր, եւ թե կլինիկական ախտանշաններ չեն դրսեւորվում, այնքան էլ քիչ չեն: Այդ ընթացքում հիվանդը կարող է բուժում չստանալ եւ միանգամայն նորմալ, լիարժեք կյանք վարել:

Պրոֆեսորի խոսքով, բժիշկներն ի զորու են այնպես անել, որ ճշգրիտ եւ ժամանակին ախտորոշում անցած հիվանդները թերապեւտիկ միջոցառումների արդյունքում ռեմիսիայի վիճակում հայտնվեն եւ առավելապես երկար եւ լիարժեք կյանք վարեն: Ճիշտ բուժումը, մասնավորապես, 100 հիվանդներից 93-ի պարագայում կարող է հիվանդության մեկնարկի պահից ի վեր 20 տարվա կյանք ապահովել:  Այդ ընթացքում նրանք միանգամայն հարմարավետ կյանք կվարեն, կարող են աշխատել, ծննդաբերել, նույնիսկ մի քանի երեխա ունենալ:

Գայլախտի բուժումը, պրոֆեսորի ընդգծմամբ, բավականին բարդ պրոցես է: Թերապիայի հիմքում գլյուկոկորտիկոիդ հորմոններն են, որոնց հետ, սակայն, զգուշությամբ պետք է վարվել:

«Երբ այդ հորմոնները սիստեմային կարմիր գայլախտի բուժման համակարգային մասը դարձան, իսկական հեղափոխություն տեղի ունեցավ` հիվանդներն ապրելու հնարավորություն ձեռք բերեցին: Սակայն դեղամիջոցների երկարամյա կիրառումից հետո պարզ դարձավ, որ հիվանդների մոտ ծանր բնույթ կրող կողմնակի ազդեցություններ են ի հայտ գալիս` ոսկրային կոտրվածքներ, տարատեսակ կատարակտներ, շաքարախտ, ստամոքսի խոց եւ այլն», - մեկնաբանել է պրոֆեսոր Սոլովյովը: Ուստի ներկայումս մասնագետները փորձում են, ճիշտ դեղամիջոցների եւ փոքր չափաքանակների ընդգրկմամբ, հիշյալ հորմոններով բուժման օպտիմալ տարբերակը գտնել` նվազագույն կողմնակի ազդեցությունների հետ մեկտեղ բուժման առավելագույն արդյունքների հասնելու համար:

Բացի գլյուկոկորտիկոիդներից, գենային ինժեներիայի ջանքերով մշակված նոր դեղամիջոցներ են գործում, որոնք անհամեմատ անվտանգ են եւ միայն հիվանդության զարգացման պաթոգեն օղակների վրա են թիրախային ազդեցություն թողնում, բացատրել է պրոֆեսոր Սոլովյովը: Նման դեղամիջոցների կիրառման փորձը դեռեւս մեծ չէ, սակայն գրանցված արդյունքները հուսադրող եւ հեռանկարային են: Դրանցից հատկապես մեկն արդեն բավականին լայն տարածում է գտել աշխարհում եւ պարզվում է` Հայաստանում նույնպես կիրառություն ունի:

Գենային ինժեներայի մշակմամբ ստացված եւս երկու բացարձակապես նոր եւ հեռանկարային դեղամիջոցներ կան, որոնք որքան անվտանգ, նույնքան էլ արդյունավետ են, սակայն դրանց լայն կիրառությունը դեռեւս հնարավոր չէ, քանի որ այդ դեղամիջոցներով բուժման արժեքը չափազանց բարձր է` տարեկան 2000-3000 հազարից մինչեւ 30 հազար ԱՄՆ դոլար` կախված դեղորայքի տեսակից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է