• Latest news

25-ամյա կնոջ գլխացավի պատճառը հազվադեպ սինդրոմն էր. «Աստղիկ» ԲԿ-ում Հայաստանում առաջին անգամ հետաքրքիր վիրահատություն են կատարել

6 դեկտեմբերի, 2019  12:18

25-ամյա Ի.Հ.-ին երկար ժամանակ անհանգստացնում էր պարանոցի ձախ կեսի ցավը, որը ճառագայթում էր դեպի ականջի, լեզվի և քունքային շրջաններ։ Նա դիմել է թե՛ նյարդաբանի, թե՛ թերապեւտների, թե՛ քիթ-կոկորդ-ականջաբանի, թե՛ այլ մասնագետների, բայց նշանակված բուժումները դրական արդյունք չեն տվել:

Անհասկանալի ցավերի պատճառը պարզ դարձավ, երբ կինը դիմեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժնի ղեկավար Յուրի Պողոսյանին։ Կատարվեցին կոմպլեքս հետազոտություններ, ՔԿԱ մասնագետի կոնսուլտացիա, վերջինս բացառեց ականջի հետ կապված խնդիրները, որից հետո կատարվեց գլխի ՀՇ հետազոտություն: Համադրելով կլինիկական և գործիքային հետազոտությունների արդյունքները, ՔԿԱ-ի և նյարդաբանի կոնսուլտացիաները, ախտորոշվեց շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ մախաթակորճային համախտանիշ (Իգլի համախտանիշ):

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ Պողոսյանը պատմեց, որ Իգլի համախտանիշի ժամանակ քունքոսկրի մախաթելունը նորմայից երկար է լինում, ինչի հետևանքով վնասում է շրջակա մկանները և նյարդերը՝ բերելով ճառագայթող ցավերի առաջացմանը: Նորմայում մեծամասնության մոտ մախաթելունը լինում է 45մմ երկարությամբ, սակայն մոտ 4% մարդկանց մոտ այն նորմայից երկար է լինում։ Մախաթելունի երկար լինելը դեռ չի խոսում Իգլի համախտանիշի մասին․ անհրաժեշտ է դիմածնոտային վիրաբույժի, ՔԿԱ մասնագետի և նյարդաբանի համատեղ զննում՝ բացառելու համար այլ հնարավոր հիվանդությունները, և միայն դրանից հետո դնել ախտորոշումը:

Այս համախտանիշի մասին շատ մասնագետներ տեղյակ չեն, ինչի պատճառով հաճախ դրվում է սխալ ախտորոշում և սխալ, անարդյունավետ բուժում:

Իգլի համախտանիշի բուժման ամենաարդյունավետ եղանակը վիրահատական բուժումն է՝ մախաթելունի հատումը: Գոյություն ունի վիրահատության 2 եղանակ՝ ներբանային և արտաբերանային: Ներբերանային եղանակը ցուցված է շատ քիչ դեպքերում, երբ մախաթելունը շատ երկար է և հնարավոր է շոշափել ըմպանի կողմնային պատից, բացի դրանից, տեսադաշտը նման վիրահատության ժամանակ սահմանափակ է, և հնարավոր է նյարդերի և անոթների վնասում:

Ի.Հ.-ի մոտ Իգլի համախտանիշ ախտորոշումը հաստատելուց հետո որոշում է կայացվել կատարել մախաթելունի հատում արտաբերանային եղանակով: Վիրահատության ընթացքում հատվել է մախաթելունի երկարացած հատվածը ընդհանուր անզգայացմամբ, վիրահատությունը ընթացել է առանց բարդությունների: Հիվանդը դուրս է գրվել վիրահատության հաջորդ օրը, 7 օր անց հեռացվել են կարերը, տվյալ ժամանակահատվածում ցավերը համարյա լիովին անցել էին: Վիրահատությունից հետո պարանոցի վերին երրորդականում մնում է քիչ նկատելի սպի:

Այժմ հիվանդը լիովին ապաքինվել է և վերադարձել առորյա կյանքին իսկ կյանքի որակը զգալի լավացել է՝ քրոնիկ ճառագայթող ցավերից ազատվելու հետևանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։