Չինաստանում անհայտ թոքաբորբի բռնկման պատճառն է դարձել նոր կորոնավիրուսը, որը ծանր սուր շնչառական համախտանիշի (SARS) հարուցիչի ազգակիցն է:
Ինչպես հայտնում է CNN-ն, 2019 թվականի վերջին եւ 2020-ի սկզբին Չինաստանում գրանցվել է անհայտ թոքաբորբի մոտ 60 դեպք: Գիտնականներին հաջողվել է կորոնավիրուսի նոր տեսակը հայտնաբերել Ուհան քաղաքում այս հիվանդությամբ 57 պացիենտից 15-ի մոտ:
Կորոնավիրուսները վիրուսների մեծ խումբ են, որոնք առաջացնում են տարբեր աստիճանի ծանրության հիվանդություններ՝ սովորական մրսածությունից մինչեւ ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS): 2002-2003 թվականների համավարակի ժամանակ SARS-ով հիվանդացել է ավելի քան 8 հազար մարդ, որոնցից 774-ը մահացել է: Այս խմբի վիրուսներն առաջացնում են նաեւ այլ հիվանդություն, որը հայտնի է որպես մերձավորարեւելյան շնչառական համախտանիշ (MERS): Վերջին բռնկումների ժամանակ այս հիվանդությունը խլել է 851 կյանք:
Ըստ ամենայնի, նոր կորոնավիրուսը կյանքի համար այնքան էլ վտանգավոր չէ, որքան SARS-ի եւ MERS-ի հարուցիչները: Ներկայումս դրա հետ կապված մահվան ոչ մի դեպք չի գրանցվել, բայց 7 պացիենտ եղել է կրիտիկական վիճակում: Հիվանդությունն արտահայտվում է գերազանցապես տենդով: Որոշ պացիենտների մոտ դիտվում են նաեւ շնչառության խնդիրներ:
Նոր կորոնավիրուսի փոխանցման ճանապարհներն առայժմ անբավարար են հետազոտված, սակայն այս պահին ապացույցներ չկան, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդուն: Ենթադրվում է, որ մարդիկ կարող են այս վիրուսով վարակվել կենդանիներից, քանի որ պացիենտների մի մասը աշխատել է ծովամթերքի շուկայում, որտեղ վաճառվում են նաեւ կենդանիներ, այդ թվում՝ թռչուններ եւ ճագարներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները խոստացել են առաջիկա շաբաթ տրամադրել նոր վիրուսի մասին նոր, ավելի ամբողջական տեղեկություններ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր