• Latest news

Չինացի բժիշկը դեռեւս դեկտեմբերին փորձել է բոլորին զգուշացնել կորոնավիրուսի մասին, սակայն նրան ստիպել են լռել (ֆոտո)

4 փետրվարի, 2020  11:48

Բժիշկ Լի Վենլյանը դեռեւս անցած տարվա դեկտեմբերին փորձել է իր գործընկերներին զգուշացնել նոր վտանգավոր վիրուսի մասին, սակայն ոստիկանությունը պահանջել է «լուրեր չտարածել»:

Ինչպես պատմում է The New York Times-ը, Չինաստանի իշխանությունները մի քանի շաբաթ թաքցրել են 2019-nCoV կորոնավիրուսի վտանգի եւ տարածման մասին տեղեկությունը, իսկ բժիշկներին, մասնավորապես՝ 34-ամյա ակնաբույժ Լի Վենլյանին, ստիպել են լռել:

Բժիշկ Լին դեռեւս դեկտեմբերի 30-ին իր գործընկերներին չաթում պատմել է տարօրինակ վարակով պացիենտների մասին եւ կիսվել մտահոգություններով, որ դա նույն վիրուսն է, որը 2000-ական թվականներին Չինաստանում եւ այլ երկրներում ատիպիկ թոքաբորբի (SARS) համաճարակի հանգեցրեց:

«Սարսափելի է, SARS-ը կրկին հայտնվե՞լ է»,- հարց է ուղղել չաթի մասնակիցներից մեկը: Սակայն Լին գրել է, որ դեռ հստակ չէ՝ ինչ վիրուս է, եւ այդ պատճառով չի կարելի ասել, թե դա ատիպիկ թոքաբորբ է:

Այդ խոսակցությունից հետո բժիշկները գիշերը կանչել են առողջապահության ոլորտի պաշտոնյաների, ինչպես նաեւ ոստիկանների: Ոստիկանները բժշկին հորդորել են «կեղծ լուրեր» չտարածել, որոնք կարող են «էապես խախտել հասարակական կարգը»: Ավելի ուշ The New York Times-ի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ, որը բժիշկ Լին ստորագրել է ոստիկանությունում եւ որում երեւում են կարմիր մատնահետքեր: Փաստաթղթում նա խոստացել է «հիվանդության մասին լուրեր չտարածել»:

Ուհանի ոստիկանությունը հունվարի սկզբին նման լուրերի համար ընդհանուր առմամբ «պատժել է» 8 բժշկի:

Հունվարի 10-ին բժիշկ Լին զննել է գլաուկոմա ունեցող պացիենտին, որի մոտ ավելի ուշ հայտնաբերվել է 2019-nCoV կորոնավիրուս: Բժիշկը վարակվել է նրանից եւ վարակել իր ծնողներին: Այժմ նա բուժվում է նույն հիվանդանոցում, որտեղ աշխատել է:

Հունվարի 28-ին Չինաստանի Գերագույն դատարանը Ուհանի ոստիկանության գործողությունները սխալ է ճանաչել: Դատարանում նշել են, որ եթե այդ ժամանակ հավատային «լուրերին», եւ բոլորը սկսեին դիմակներ կրել եւ զգուշություն ցուցաբերել, ապա այսօր, հավանաբար, հեշտ կլիներ վերահսկել վարակը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել