• Latest news

Ուռուցքային հիվանդությունների բուժումը Հայաստանում. ի՞նչն է անվճար, իսկ ինչի՞ համար պետք է վճարել

4 փետրվարի, 2020  16:05

2019 թվականից Հայաստանում չարորակ նորագոյացությունների հեռացման վիրահատությունները, ինչպես նաեւ ճառագայթային թերապիան անցկացվում են անվճար: Ինչ վերաբերում է քիմիաթերապիային, բուն միջամտություններն անցկացվում են պետպատվերի շրջանակում (այն կլինիկաներում, որտեղ պետպատվեր կա), իսկ քիմիաթերապիայի դեղամիջոցների համար համավճար է հատկացվում: Այս մասին լրագրողներին ասաց Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին իրենց կլինիկայում անցկացրել են չարորակ նորագոյացությունների հեռացման 1850 վիրահատություն, իսկ 2019-ին՝ 2562, շուրջ 35 տոկոսով ավելի: Եվ բանն ամենեւին հիվանդացության աճը չէ, այլ այն, որ անցյալում շատ պացիենտներ ուղղակի չեն վիրահատվել, քանի որ փող չունեին, իսկ հիմա վիրահատությունները կատարվում են պետպատվերի շրջանակում:

Ճառագայթային թերապիա ստացող պացիենտների թիվը նույնպես աճել է՝ նույն պատճառով:

Նարեկ Մանուկյանը նաեւ նշեց, որ մասնավոր կլինիկաներում, որտեղ պետպատվեր չկա, քիմիաթերապիայի կարիք ունեցողները ստիպված են վճարել ե՛ւ միջամտության, ե՛ւ դեղերի համար: Իսկ այն կլինիկաներում, որտեղ պետպատվեր կա, մասնագետների ծառայությունների համար չպետք է վճարել: Ինչ վերաբերում է դեղամիջոցներ ձեռք բերելուն, ապա հաշմանդամության հիմքով հատուկ խմբերի մեջ մտած մարդկանց պետությունը 60 հազար դրամի համավճար է հատկացնում, իսկ մնացյալ բոլորին՝ 30 հազար դրամի: Եթե դեղամիջոցն ավելի թանկ արժե, գումարը պետք է լրացնի ինքը՝ պացիենտը:

Պետության ներդրած համավճարի չափն, իհարկե, մեծ չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ որոշ դեղամիջոցներ հազարավոր դոլար արժեն: Սակայն այս գումարը բավարարում է առաջին գծի որոշ դեղամիջոցների ձեռքբերմանը, նշեց Նարեկ Մանուկյանը:

Առողջապահության նախարարության ուռուցքաբանության հարցերով խորհրդական, քիմիաթերապեւտ Հայկուհի Գյոկչյանն իր հերթին նշեց, որ ուռուցքաբանությունն ամբողջ աշխարհում համարվում է բժշկության ամենաթանկարժեք ուղղություններից մեկը, եւ անգամ զարգացած երկրներն իրենց չեն կարող թույլ տալ պետական բյուջեից վճարել քիմիաթերապիայի բոլոր դեղամիջոցների համար:

«Ամեն տարի նոր դեղամիջոցներ են հայտնվում, որոշներն արժեն հազարավոր եվրո, եւ նույնիսկ զարգացած երկրներում դրանք չեն կարող պետական բյուջեից գնել: Այս պատճառով հիմնադրամներ կան, բարեգործական կազմակերպություններ, որոնք պացիենտներին օգնում են այդ դեղերը ձեռք բերել», - ասաց մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել