• Latest news

Հայաստանյան դեղատներում բժշկական դիմակները սպառվել են․ դրանք արտահանվում են Չինաստան

12 փետրվարի, 2020  22:08

Հայաստանյան դեղատներում այս օրերին բժշկական դիմակներ գնելը խնդիր է դարձել։ Դեղատների մեծ մասում կա՛մ ամբողջությամբ սպառվել են, կա՛մ առկա են սահմանափակ քանակությամբ։

Դեղատների ներկայացուցիչները նշում են, որ պահանջարկը մի քանի անգամ մեծացել է՝ կապված սեզոնային սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսի հետ։

«36,6», «Տոնուս-լես» դեղատնային ցանցերում դիմակներն ամբողջությամբ սպառվել են, իսկ թե երբ կստանան, դժվարանում են պատասխանել։ «Ալֆա ֆարմ»-ի որոշ դեղատներում դեռեւս կան որոշակի քանակությամբ։ «Նատալի ֆարմ» ընկերության տնօրեն Արման Ասատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ցանցի դեղատների մի մասում բժշկական դիմակներ դեռ կան, մյուս մասում՝ վերջացել են․ «Մեր ունեցածը սպառվում է, ու հիմա չենք ներկրում, քանի որ շուկայում առաջարկում են կրկնակի, եռակի թանկ գնով, իսկ մենք չենք առնում, դա հակամրցակցային է, մարդիկ չեն հասկանա՝ ինչու ենք իրենց այդ գնով վաճառում»։

«Գեդեոն Ռիխտեր» դեղատնային ցանցից մեզ հայտնեցին, որ այս պահին ունեն՝ սակավ քանակությամբ։ «Մինչեւ այս երկուշաբթի բոլորին անսահմանակ վաճառել ենք, հիմա յուրաքանչյուրին սահմանափակ քանակությամբ ենք վաճառում՝ առավելագույնը 10 հատ։ Մեզ մոտ գնային փոփոխություններ չեն եղել, սկսած 80 դրամից ունենք, գինը կախված է նրանից, թե քանի շերտանի է։ Դիմել ենք որոշ կազմակերպությունների, խոստացել են, որ պետք է ստանան, հույսեր կապում ենք, որ կունենանք», - NEWS.am Medecine-ի հետ զրույցում նշեց ընկերության ներկայացուցիչը։

Բժշկական դիմակների ներկրմամբ զբաղվող «Մեդպրո» ՍՊԸ-ի տնօրեն Արտավազդ Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր ոչ միայն խնդիր կա ներկրման հետ կապված, այլեւ Հայաստանում եղած պաշարն արտահանվում է Չինաստան։

«Արտասահմանյան ընկերություններն այս պահին գերծանրաբեռնված են, կենտրոնացած են Չինաստանի վրա, ոչ մի պատվեր չեն ընդունում։ Ներկրումը հիմնականում կատարվում է Չինաստանից, իսկ հիմա այնտեղ գործարանները չեն աշխատում։ Ընդամենը մի քանի գործարան կա աշխատող, այն էլ, արտադրանքը իրենց նույնիսկ չի բավականացնում։ Բժշկական դիմակների պահանջարկը 20-50 տոկոսով ավելացել է, այս պահին փոքր խմբաքանակ ունենք, բայց չենք ներկրում»։

Ընկերության տնօրենը դժվարացավ նշել, թե ինչ քանակի դիմակներ են արտահանվել Չինաստան, սակայն ընդգծեց, որ խոսքը մի քանի միլիոնի մասին է։

Հիշեցնենք, որ, ըստ առողջապահության նախարարության տվյալների, Հայաստանում այժմ շրջանառում են գրիպի Ա H1N1 ենթատեսակը, Բ տեսակը, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս): Նոր կորոնավիրուսի ոչ մի դեպք Հայաստանում այս պահի դրությամբ չի գրանցվել։

Իսկ Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 1100-ը։ Ամբողջ աշխարհում այս վիրուսով վարակվել է ավելի քան 45 հազար մարդ, ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։