• Latest news

Հայ բժիշկները տղամարդու են փրկել, ում սիրտը դանակով ծակել էին (վիդեո)

18 հուլիսի, 2020  12:32

Արսեն Պողոսյանի իրանին հսկա սպի կա, որը սկսվում է սրտի շրջանից, անցնում թեւատակով եւ հասնում գրեթե մինչեւ թիակ: Արսենն իրեն առավել քան հաջողակ է համարում. մի քանի օր առաջ նրա սիրտը դանակով ծակել էին, բայց այսօր արդեն նա իրեն ամենեւին վատ չի զգում եւ կարող է ինքնուրույն քայլել, իսկ տեղի ունեցածի մասին հիշեցնում է միայն այդ սպին, որի կարերը շուտով կհանեն:

45-ամյա Արսենը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 9-ի երեկոյան իր տան բակում ծեծկռտուք է եղել, որն ինքը փորձել է բաժանել: Ինքն անգամ չի հասկացել, թե ինչպես եւ ով է դանակով իր կրքավանդակին հարվածել: Կողքին սուր ցավ է զգացել, նա հետ է քաշվել, եւ հարեւանները նրա վերնաշապիկին արյուն են տեսել: Հետո ինչ է եղել, չէր հիշում:

Երեկոյան մոտ ժամը 22-ին հարեւանները գիտակցությունը կորցրած Արսենին բերել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Վիրաբուժության բաժանմունքում այդ օրվա հերթապահը ընդհանուր վիրաբույժ Հարություն Կարապետյանն էր, որը վիրավորին զննել է հերթապահ սրտաբանի եւ ռեանիմատոլոգի հետ համատեղ:

Բժիշկ Կարապետյանը հայտնեց, որ պացիենտի մոտ եղել է կրծքավանդակի ձախ հատվածում ծակող-կտրող թափանցող վերք: Կողերը կոտրված էին, իսկ դանակը ծակել էր սիրտը՝ առաջացնելով ներքին արյունահոսություն եւ կարդիոգեն շոկ: Վերքը պացիենտի կյանքին լուրջ վտանգ էր սպառնում, եւ հաշված րոպեների ընթացքում նա արդեն վիրահատական սեղանին էր: Հերթապահ բժիշկները տեղի ունեցածի մասին հայտնել են ղեկավարությանը եւ վիրահատությունը սկսել՝ ժամանակ չկորցնելու համար:

Հաշված րոպեների ընթացքում հիվանդանոց է եկել վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արթուր Մանուկյանը և սկսել վիրահատությունը:

Ինչպես հայտնեց բաժանմունքի վարիչ Արթուր Մանուկյանը, դանակը ծակել էր պացիենտի ձախ նախասիրտը, եւ նա կորցրել էր 1,5-2 լիտր արյուն, ինչն, ըստ էության, դարձել էր ճնշման վտանգավոր անկման եւ գիտակցության կորստի պատճառը: Մասնագետները 10 րոպեում գտել են վնասված տեղը եւ այն կարել: Ընդ որում՝ նրանք աշխատել են բաբախող սրտի վրա:

Վիրահատության ժամանակ պացիենտի սիրտը 2 անգամ կանգ է առել, եւ ստիպված են եղել այն աշխատեցնել ուղղակի մերսման միջոցով՝ վիրաբույժները բաց սիրտը մերսել են ձեռքերով, մինչեւ որ այն նորից սկսել է բաբախել:

Վիրահատությանը միացել է նաև «Աստղիկ» ԲԿ-ից հրավիրված կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գեւորգ Ոսկանյանը:

Հատկանշական է, որ Արթուր Մանուկյանը ընդհանուր վիրաբույժ է, այլ ոչ կարդիովիրաբույժ, սակայն, նրա խոսքով, ինքն արդեն ստիպված եղել էր աշխատել սրտի վնասվածքների վրա, դրանից բացի, անցյալում կրծքավանդակի օրգանների անհետաձգելի վիրաբուժության վերապատրաստում էր անցել:

Մասնագետների խոսքով՝ պացիենտը հիմա իրեն լավ է զգում, եւ մի քանի օրից արդեն հիվանդանոցից դուրս կգրեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել