• Latest news

«Աստղիկ» ԲԿ-ում «Վիվա» հիմնադրամի հետ համատեղ հիպոֆիզի ադենոմաների հեռացման նոր մեթոդ է ներդրվում

10 մայիսի, 2021  16:09

Հիպոֆիզի ադենոման բարորակ նորագոյացություն է, որը կարող է ծայրաստիճան բացասաբար ազդել կյանքի որակի վրա՝ էնդոկրին համակարգի խանգարումներ, ինչպես նաեւ տեսողության խանգարում առաջացնելով:

Մինչեւ վերջերս այդպիսի նորագոյացություններն «Աստղիկ» ԲԿ-ում հեռացվում էին վիրաբուժական մանրադիտակի միջոցով: Այժմ բժշկական կենտրոնը հիպոֆիզի ադենոմաների հեռացման մեկ այլ մեթոդ է ներկայացնում՝ էնդոսկոպի օգնությամբ: Այս մեթոդը տեղի մասնագետների հետ «Վիվա» բարեգործական հիմնադրամի նախագծերից մեկի շրջանակներում իրականացնում է անվանի նյարդավիրաբույժ Վիլեն Ազիզյանը (Ռուսաստան): «Աստղիկ» բժշկական կենտրոնում նա հիպոֆիզի ադենոմաների հեռացմնա արդեն երեք վիրահատություն է իրականացրել: Նրան օգնում էին հայ մասնագետները, ովքեր կսովորեն հետագայում ինքնուրույն իրականացնել այդպիսի վիրահատությունները:

«Աստղիկ» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Ավետիս Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիպոֆիզի ուռուցքների հեռացման էնդոսկոպիկ մեթոդի ներդրման համար ընտրվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնը, քանի որ կենտրոնի նյութատեխնիկական բազան համապատասխանում է այդ վիրահատությունների բոլոր պահանջներին: Մասնագետը վստահ է, որ եթե կենտրոնում երկու մեթոդներն էլ կիրառվեն, դա կօգնի ավելի զգալի արդյունքների հասնել:

«Արտասահմանյան բժշկական կենտրոններում, որտեղ ես վերապատրաստվել եմ, մանրադիտակային եւ էնդոսկոպիկ մեթոդները համատեղում են: Մանրադիտակի հետ աշխատելուց հետո էնդոսկոպի միջոցով վիրահատական տարածքի ռեվիզիա են իրականացնում. առանց ավելորդ կտրվածքների, հիվանդի քթով տեսախցիկով էնդոսկոպ է մտցվում, հետազոտվում է տարածքը, երբեմն հնարավոր է փոքր կտորներ գտնել, մանրադիտակի տեսադաշտից դուրս են մնացել, իսկ էնդոսկոպը կարող է ավելի լայն տեսադաշտ ապահովել»,- պարզաբանեց մասնագետը:

Հիպոֆիզի ադենոմայի էնդոսկոպիկ հեռացումը համարվում է պակաս տրավմատիկ և պակաս ինվազիվ, քան մանրադիտակային հեռացումը: Այսպես թե այնպես, որոշ հիվանդների կարող է անհրաժեշտ լինել մեթոդներից մեկը, ոմանց՝ երկուսը միանգամից, ուստի մեծ պլյուս կլինի, եթե վիրաբույժը հավասարապես տիրապետի երկու մեթոդներին էլ:

Սա առաջին նախագիծը չէ, որն իրականացվում է Հայաստանում «Վիվա» բարեգործական հիմնադրամի (Հայաստանի բժիշկները եւ կամավորները) կողմից: Հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնադրամը հիմնադրվել է 2016-ին՝ Արցախին ու Հայաստանի մարզերին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Հինգ տարվա ընթացքում հիմնադրամը հանրապետության հոսպիտալներին եւ հիվանդանոցներին բժշկական սարքավորումներ է տրամադրել, կրթական ծրագրեր եւ պրակտիկա է կազմակերպել բժիշկների համար: Հիմնադրամի անդամ շատ բժիշկներ պարբերաբար գալիս են Հայաստան՝ օգնելով եւ սովորեցնելով գործընկերներին, վիրահատություններ անցկացնելով, օգնելով կազմակերպել Արցախում պատերազմի ընթացքում վիրավորների վերականգնումը:

Ինչպես նշեց «Վիվա» հիմնադրամի հոգաբարձու, Մոսկվայի 4-րդ քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանը, հիմնադրամը մեծ աշխատանք է կատարում մասնագետների պատրաստման գործում, որպեսզի Հայաստանում բժիշկները, տիրապետելով բուժման նոր մեթոդներին, կարողանան ինքնուրույն կիրառել դրանք հիվանդների հետ իրենց աշխատանքում եւ բարձրորակ օգնություն ցուցաբերել՝ առանց օտարերկրյա գործընկերների օգնության:

Հիմնադրամի 26 բժիշկ Արցախյան պատերազմի օրերին աշխատել են տարբեր դաշտային հիվանդանոցներում ՝ Հադրութում, Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Գորիսում, Մեղրիում, Կապանում: Նրանց մեջ կային կրծքային եւ անոթային վիրաբույժներ, վերակենդանացման մասնագետներ, բուժքույրեր, եւ նրանք աշխատում էին ամբողջ պատերազմի ընթացքում՝ փոխարինելով միմյանց:

Պատերազմի օրերին հիմնադրամը նյութական օգնություն է ցուցաբերել 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, 38 հիվանդանոց բժշկական սարքավորումներ է ստացել:

Ներկայումս հիմնադրամն ունի ավելի քան 5000 անդամ, այդ թվում՝ ավելի քան 700 բժիշկ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։