• Latest news

Ինչպես է ճիշտ սնվելը ազդում հղիության ընթացքի վրա

5 հունիսի, 2021  17:24

Գիտնականները գնահատել են առողջ սննդի երեք օրինաչափությունների ազդեցությունը հղիության ընթացքի վրա: Ստացված արդյունքները նրանք հրապարակել են American Journal of Clinical Nutrition-ում:

Հղի կանայք հաճախ բախվում են բարդությունների, որոնք սպառնում են ինչպես նրանց, այնպես էլ երեխայի առողջությանը: Հեստացիոն շաքարախտը զարգանում է հղի կանանց միջինը 7%-ի մոտ, պրեէկլամպսիան եւ զարկերակային բարձր ճնշման այլ վտանգավոր տեսակները՝ 9%-ի մոտ:

Համարվում է, որ առողջ սննդակարգը կարող է օգնել նվազեցնել այսպիսի բարդությունների ռիսկը:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են սննդի երեք առողջ ձեւերի ազդեցությունը հղի կանանց առողջության վրա: Նրանք դիտարկել են հետեւյալ օրինաչափությունները.

  • Առողջ սննդի ինդեքս: Այն հաշվարկվում է ելնելով նրանից, թե որքան առողջ մթերքներ է մարդը պարբերաբար ստանում, հաշվարկելիս առավելագույն միավորը 100-ն է: Օրինակ՝ սննդակարգում բավարար քանակությամբ բանջարեղենի, մրգերի, ընդեղենի եւ ծովամթերքների համար 5 միավոր է հաշվարկվում: Հացահատիկային մթերքների եւ օգտակար ճարպաթթուների համար՝ 10 միավոր։ Վնասակար ճարպերի, աղի եւ ավելացված շաքարի սահմանափակումը՝ 10 միավոր:
  • Միջերկրածովյան դիետա, որը պարունակում է մեծ քանակությամբ մրգեր եւ բանջարեղեն, հացահատիկային մթերքներ, ձուկ, թռչնամիս, ընդեղեն, ինչպես նաեւ սահմանափակում է կարմիր միսը:
  • DASH-դիետան (Dietary Approaches to Stop Hypertension)՝ հիպերտոնիայի դեմ սննդակարգն է: Դրա կարեւոր պայմանը սննդակարգում աղի քանակի սահմանափակումն է: Առաջարկվող մթերքների շարքում են՝ մրգերը, բանջարեղենը, ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքը, չափավոր քանակությամբ ձուկը, հացահատիկային մթերքները, թռչնամիսը եւ ընկուզեղենը։

Գիտնականները հատուկ ինդեքսների օգնությամբ գնահատել են, թե որքանով է 1900 կանանց սննդակարգը համապատասխանել երեք առողջ սննդակարգերից յուրաքանչյուրին: Ինչպես պարզվել է, նախքան հղիանալը եւ մինչեւ հղիության երկրորդ եռամսյակը դրանցից ցանկացածին հետեւելը կապված է եղել բարդությունների ռիսկի նվազման հետ: Օրինակ՝ 16-22 շաբաթվա ընթացքում առողջ ուտելու ինդեքսի ամենաբարձր ցուցանիշ ունեցող կանանց մոտ հեստացիոն շաքարախտի ռիսկը 32%-ով ավելի ցածր է եղել, քան ամենացածր ցուցանիշներ ունեցող հղիների մոտ: Այն կանայք, որոնց սննդակարգը 12-րդ եւ 16-22-րդ շաբաթների ընթացքում առավել շատ է համապատասխանել DASH դիետային, 19%-ով ավելի հազվադեպ են տառապել բարձր ճնշումից: Հղիության 24-29-րդ շաբաթներին միջերկրածովյան կամ DASH դիետան կապված  են եղել վաղաժամ ծննդաբերության ռիսկի 50% նվազեցման հետ:

«Բոլոր երեք ցուցանիշներն ընդգծում են բանջարեղենի, մրգերի, հացահատիկների եւ ընդեղենի օգտագործման օգտակարությունը՝ միաժամանակ կարմիր եւ վերամշակված մսի սահմանափակման պայմաններում»,- ասվում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։