• Latest news

Մարդուն առաջին անգամ հաջողությամբ կենդանու սիրտ է փոխպատվաստվել (տեսանյութ)

11 հունվարի, 2022  10:30

ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժների թիմն առաջին անգամ հաջողությամբ մարդուն գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտ է փոխպատվաստել:

Պացիենտը 57-ամյա Դեյվիդ Բենեթին է, ով սրտի անբուժելի հիվանդություն ուներ։ Նրան մերժել էին ԱՄՆ-ի մի քանի առաջատար փոխպատվաստման կենտրոններում մարդու սրտի փոխպատվաստման դասական վիրահատության համար, եւ այս փորձարարական վիրահատությունը նրա վերջին հույսն էր:

Վիրահատությունը հաջող է անցել, եւ պրոֆեսոր Bartley Griffith-ը իր թիմի հետ միասին պացիենտին խոզի սիրտ է փոխպատվաստել: Վիրահատությանը մասնակցել է նաեւ պրոֆեսոր Muhammad Mohiuddin-ը, ով համարվում է քսենոտրանսպլանտացիայի՝ կենդանու օրգանները մարդուն փոխպատվաստելու, աշխարհի առաջատար մասնագետներից մեկը:

Վիրահատությունից հետո անցել է երեք օր, եւ պացիենտը իրեն լավ է զգում: Առաջիկա մի քանի շաբաթները նա պետք է անցկացնի մասնագետների խիստ հսկողության ներքո։ Մասնագետները սովորական իմունոպրեսանտների հետ մեկտեղ պացիենտին նաեւ նոր փորձարարական դեղամիջոց են տալիս, որը ճնշելու է նրա իմունային համակարգը եւ թույլ չի տալու օրգանիզմին օտար օրգանը մերժել։

Վիրաբույժների խոսքով՝ այս վիրահատությունը ցույց է տվել, որ կենդանու գենետիկորեն մոդիֆիկացված սիրտը կարող է գործել մարդու սրտի նման՝ առանց օրգանիզմի կողմից մերժման:

Քսենոտրանսպլանտացիաներն առաջին անգամ փորձարկվել են 1980-ականներին, սակայն շատ կլինիկաներ հրաժարվել են դրանցից՝ Ստեֆանի Ֆա Բոկլերի (հայտնի որպես Baby Fae) հայտնի դեպքից հետո: Սրտի մահացու հիվանդությամբ ծնված փոքրիկը ստացել էր կապիկի սրտի փոխպատվաստում, բայց մահացել էր վիրահատությունից մեկ ամիս անց՝ իմունային համակարգի կողմից օտար սիրտը մերժելու պատճառով:  

Այնուամենայնիվ, երկար տարիներ խոզի սրտի փականները հաջողությամբ օգտագործվում են մարդկանց սրտի փականները փոխարինելու համար:

Վիրաբույժները լավատես են եւ կարծում են, որ ապագայում նման վիրահատությունների իրականացումը թույլ կտա լուծել դոնորական օրգանների պակասի խնդիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել