• Latest news

Ո՞ր հիվանդության մասին կարող են նախազգուշացնել մղձավանջները

9 հունիսի, 2022  09:38

Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները հայտնել են, որ տարեց մարդիկ, ովքեր սկսում են վատ երազներ կամ մղձավանջներ տեսնել, կարող են Պարկինսոնի հիվանդության ամենավաղ նշաններ ունենալ:

eClinicalMedicine ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տարեց տղամարդկանց մի խմբում, ովքեր հաճախակի վատ երազներ են տեսել, երկու անգամ ավելի հաճախ է Պարկինսոնի հիվանդություն ախտորոշվել, քան նրանց մոտ, ովքեր դրանք չեն տեսել:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ Պարկինսոնով հիվանդ մարդիկ ավելի հաճախ են մղձավանջներ եւ վատ երազներ տեսնում, քան ընդհանուր չափահաս բնակչությունը, սակայն մղձավանջները՝ որպես Պարկինսոնի հիվանդության ռիսկի ցուցիչ, նախկինում չէին օգտագործվել:

Գիտնականներն օգտագործել են ԱՄՆ-ի խոշոր հետազոտության տվյալները, որոնք 12 տարվա տեղեկատվություն էր ներառում ինքնուրույն ապրող 3818 տարեց տղամարդկանց մասին: Հետազոտության սկզբում տղամարդիկ մի շարք հարցաշարեր են լրացրել, որոնցից մեկը քնի որակի մասին հարց էր ներառում:

Մասնակիցները, ովքեր հայտնել են վատ երազների մասին առնվազն շաբաթը մեկ անգամ, հետազոտվել են հետազոտության վերջում` պարզելու համար՝ արդյո՞ք նրանց մոտ Պարկինսոնի հիվանդություն ախտորոշվելու հավանականությունը մեծ է:

Հետազոտության ընթացքում ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդության 91 դեպք։ Հետազոտողները պարզել են, որ այն մասնակիցները, ովքեր հաճախակի վատ երազներ են տեսել, երկու անգամ ավելի հավանական է, որ հիվանդանան այդ հիվանդությամբ, քան նրանք, ովքեր դրանք չեն տեսել: Ախտորոշումների մեծ մասը կատարվել է հետազոտության առաջին հինգ տարիներին: Այդ ժամանակահատվածում հաճախակի վատ երազներ տեսած մասնակիցների մոտ Պարկինսոնի հիվանդության հավանականությունը երեք անգամ ավելի մեծ էր:

Ստացված արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ տարեց մարդիկ, որոնց մոտ մի օր արդեն Պարկինսոնի հիվանդություն կախտորոշվի, ամենայն հավանականությամբ կսկսեն վատ երազներ եւ մղձավանջներ տեսնել Պարկինսոնի հիվանդության բնորոշ նշանների ի հայտ գալուց տարիներ առաջ, այդ թվում՝ ցնցումներ, կոշտություն եւ դանդաղ շարժումներ:

Հետազոտությունը նաեւ ցույց է տալիս, որ մեր երազները կարող են կարեւոր տեղեկություններ բացահայտել մեր ուղեղի կառուցվածքի եւ գործառույթների մասին եւ կարող են կարեւոր օբյեկտ դառնալ նյարդաբանության հետազոտության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել