• Latest news

Գիտնականները ստեղծել են վաղ փուլում Ալցհեյմերի հիվանդության հայտնաբերման միջոց

21 հունիսի, 2022  09:42

Գիտնականներն ուսումնասիրություն են կատարել մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի օգտագործմամբ՝ հետազոտելու համար ուղեղի կառուցվածքային առանձնահատկությունները։ Մեթոդի առավելությունը նրա պարզությունն է եւ այն, որ թույլ է տալիս հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդությունը վաղ փուլում, երբ դրա ախտորոշումը չափազանց բարդ է։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Portfolio, Communications Medicine ամսագրում։

Չնայած Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղամիջոցներ չկան, վաղ փուլում դրա արագ ախտորոշումը թույլ է տալիս պացիենտներին օգնության եւ աջակցության հույս ունենալ, բուժում ստանալ։

Ալցհեյմերի հիվանդությունը թուլամտության ամենատարածված ձեւն է, որով տառապում է ավելի քան կես միլիոն մարդ Մեծ Բրիտանիայում։ Չնայած մարդկանց մեծ մասի մոտ Ալցհեյմերի հիվանդությունն առաջանում է 65-ից հետո, այն կարող է զարգանալ նաեւ ավելի երիտասարդ մարդկանց մոտ։ Թուլամտության ամենահաճախ հանդիպող ախտանշաններն են հիշողության կորուստը եւ  մտածողության ու խոսելու հետ կապված դժվարությունները։

Ներկայում բժիշկներն օգտագործում են թեստեր Ալցհեյմերի հիվանդությունն ախտորոշելու համար, ներառյալ հիշողության եւ կոգնիտիվ ունակությունների հետ կապված թեստերը, ինչպես նաեւ ուղեղի սքանավորումը։

Նոր մեթոդը պահանջում է դրանցից միայն մեկը՝ գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)։

Հետազոտողներն ուսումնասիրել են քաղցկեղի բջիջների դասակարգման ալգորիթմը եւ այն կիրառել ուղեղի համար։ Նրանք ուղեղը բաժանել են 115 մասի եւ առանձնացրել 660 տարբեր բնութագրեր, օրինակ՝ չափը, ձեւը եւ բաղադրությունը, գնահատելու համար մասերից յուրաքանչյուրը։ Այնուհետեւ նրանք ալգորիթմին սովորեցրել են պարզել, թե որտեղ կարող են այդ բնութագրերի փոփոխությունները կանխատեսել Ալցհեյմերի հիվանդության առկայությունը։

Ալցհեյմերի հիվանդության նեյրովիզուալացման նախաձեռնության տվյալներն օգտագործելով՝ գիտնականների թիմը ստուգել է իր մոտեցումը վաղ եւ ուշ փուլում Ալցհեյմերի հիվանդություն ունեցող ավելի քան 400 պացիենտի, առողջ եւ նյարդաբանական այլ հիվանդություններով տառապող (ներառյալ ֆրոնտոտեմպորալ թուլամտությունը եւ Պարկինսոնի հիվանդությունը) մարդկանց ուղեղի  սքանների վրա։

Հետազոտողները հայտնաբերել են, որ 98 տոկոս դեպքերում ՄՌՏ-ի հիմքի վրա կիրառվող մեքենայական ուսուցման մեթոդը կարողացել է ճիշտ կանխատեսել պացիենտի մոտ Ալցհեյմերի հիվանդության առկայությունը կամ բացակայությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել