• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես է թեյն ազդում դիաբետ ունեցողների վրա

19 սեպտեմբերի, 2022  10:24

Օրական չորս եւ ավելի բաժակ թեյ ընդունելը կարող է նվազեցնել 2-րդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը, հավաստիացրել են Ուհանի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի (Չինաստան) հետազոտողները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ սեւ, կանաչ կամ ուլունյան թեյի ամենօրյա օգտագործումը կապված է 10 տարվա ընթացքում դիաբետի առաջացման հավանականության 17 տոկոս նվազման հետ։

Օրական մեկից երեք բաժակ թեյի օգտագործումն այդ հավանականությունն իջեցնում է 4 տոկոսով։

Ստոկհոլմում Դիաբետի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի ամենամյա հանդիպման ժամանակ ներկայացված եզրակացությունները հիմնված են 19 հետազոտության ուսումնասիրությունների վրա, որոնց մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ։

2-րդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը նվազեցնելու հարցում փորձագետները համակարծիք են, որ մարդիկ առաջին հերթին պետք է հետեւեն իրենց քաշին։

Ճարպակալումը 2-րդ տեսակի դիաբետի առաջացման հիմնական գործոններից է, որին բաժին է ընկնում այդ հիվանդության առաջացման 80-85 տոկոսը։

Կարծիք կա, որ 2-րդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը ճարպակալում ունեցող մարդկանց դեպքում 80 անգամ ավելին է, քան այն մարդկանց պարագայում, որոնց մարմնի զանգվածը չի գերազանցում 22-ը։

Նոր հետազոտությունում գիտնականները սկզբում ուսումնասիրել են 5 199 մեծահասակների տվյալները, որոնք մասնակցել են Չինաստանի առողջության եւ սննդի կազմակերպության անցկացրած հետազոտությանը։ Նրանք դիաբետ չեն ունեցել, նրանց տվյալները հավաքվել են 1997թ. եւ դիտարկվել մինչեւ 2009թ.։

Մարդիկ լրացրել են հարցաթերթիկ սննդի եւ ըմպելիքների օգտագործման հաճախակիության եւ տեղեկություն տրամադրել կենսակերպի գործոնների մասին, ինչպիսին են ֆիզիկական վարժությունները, ծխելը եւ ալկոհոլ օգտագործելը։

Այս հետազոտությունն օգտակար ոչինչ չի հայտնաբերել թեյի օգտագործման մասին՝ դիաբետի առաջացման առումով։

Բայց երբ ութ երկրների գիտնականները կատարել են առկա հետազոտությունների համակարգված ուսումնասիրություն մինչեւ 2021թ. սեպտեմբեր, արդյունքներն այլ են եղել։

Այդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրական օգտագործվող յուրաքանչյուր բաժակ թեյը նվազեցնում է 2-րդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը մոտ 1 տոկոսով։

Հետազոտության արդյունքները պահպանվել են՝ անկախ այն բանից, թե թեյի ինչ տեսակ են օգտագործել մարդիկ, արդյոք կին են, թե տղամարդ եւ որտեղ են ապրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է