• Latest news

Ճանաչենք հիվանդությունները. հետծննդաբերական դեպրեսիա

9 դեկտեմբերի, 2022  12:57

Հետծննդաբերական դեպրեսիան (որի ախտանշանները քիչ են տարբերվում սովորական դեպրեսիայի ախտանշաններից) վտանգավոր է ոչ միայն նորաթուխ մայրերի, այլեւ նորածինների համար։ Լոնդոնի հիգիենայի եւ մերձարեւադարձային բժշկության դպրոցի եւ Սանգաթ կենտրոնի աշխատակիցների համատեղ հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների 44 տոկոսը, որոնք դեպրեսիվ մայրիկներ ունեն, զարգացման սանդղակի վատ ցուցանիշներ են ցուցադրել։

Մինչդեռ առողջ մայրիկներ ունեցող երեխաների պարագայում այդ ցուցանիշը երեխաների ընդհանուր թվի 20 տոկոսն է կազմել։ Զարգացման դանդաղման պատճառն այն է, որ հետծննդաբերական դեպրեսիա ունեցող մայրերը չեն կարողացել կրծքով կերակրել եւ օգտագործել են մանկական խառնուրդներ։

Ինչո՞ւ է առաջանում հետծննդաբերական դեպրեսիա

Ինչո՞ւ է առաջանում հետծննդաբերական դեպրեսիա, եւ արդյո՞ք կարելի է խուսափել դրանից։ Հետծննդաբերական (այն բժշկության մեջ անվանում են նաեւ «պոստնատալ») դեպրեսիան առաջին անգամ նկարագրվել է դեռեւս Հիպոկրատի աշխատություններում։

Բայց դեպրեսիվ խանգարման (որն առաջանում է անմիջապես ծննդաբերությունից հետո) այս տեսակի առաջին լուրջ գիտական հիմնավորումները հայտնվել են միայն XX դարում։ Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում մայրերի միջինը 13 տոկոսը տառապում է այդ դեպրեսիայով, ինչը դրսեւորվում է ամբողջ օրվա ընթացքում տրամադրության կտրուկ վատացմամբ, կյանքի եւ ցանկացած հաճույքի հանդեպ հետաքրքրության կորստով, մռայլ ապագայի սպասմամբ, քնի եւ ախորժակի խանգարմամբ, երեխայի հանդեպ կապվածության զգացման բացակայությամբ։ Ժամանակին չհայտնաբերված եւ, հետեւաբար, չբուժված դեպրեսիան կարող է հանգեցնել այնպիսի լուրջ հոգեկան հիվանդության, ինչպիսին է երկբեւեռ փսիխոզը (ընդհուպ մինչեւ ինքնասպանությունների փորձերը)։

Հետծննդաբերական դեպրեսիայի ենթարկվելու ամենաքիչ «շանս ունեն» ուշ՝ 30-ից հետո ծննդաբերող կանայք։ Վալենսիայի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ հետծննդաբերական դեպրեսիայի առաջացման ռիսկը տարիքի հետ կրճատվում է։ Նրանք մշակել են մեթոդիկա, որը թույլ է տալիս կանխատեսել հետծննդաբերական դեպրեսիան 80 տոկոս  դեպքերում՝ գնահատելով ռիսկի այնպիսի գործոնները, ինչպիսին են ժառանգականությունը, հոգեկան խնդիրների առկայությունն ընտանիքի անդամների շրջանում, երիտասարդ մայրերին սոցիալական աջակցության մակարդակը եւ այլն։

Հայրիկների հետծննդաբերական դեպրեսիան

Ամերիկյան Նորֆոլք քաղաքի (Վիրջինիա) բժշկական համալսարանի գիտնականների հետազոտություններն ապացուցել են. տղամարդիկ կանանց հավասար կարող են տառապել հետծննդաբերական դեպրեսիայով։ Մասնագետներն ուսումնասիրել են 43 հետազոտություն, որոնց մասնակցել է 28 հազար մարդ 1980-2009թթ. ընթացքում։ Դրանցում ուսումնասիրվել է հայրերի պահվածքն այն բանից հետո, երբ նրանց երեխաները եղել են 3 ամսականից մինչեւ մեկ տարեկան։ Պարզվել է, որ հայրերի մոտ 10 տոկոսը հետծննդաբերական դեպրեսիա է ունեցել։ Համեմատության համար. տղամարդկանց միայն 5 տոկոսն է տառապում դեպրեսիայով մեկ տարվա ընթացքում։ Հետազոտությունների հեղինակներ՝ դոկտորներ Ջեյմս Փոլսոնի եւ Շառլեյն Բեյզմորի կարծիքով՝ «դա նշանակում է, որ երեխայի սպասող կամ հայր դարձած տղամարդկանց դեպրեսիան լուրջ սոցիալական խնդիր է»։

Ինչպե՞ս բուժել հետծննդաբերական դեպրեսիան

Ամերիկացի մանկաբույժները գտել են հետծննդաբերական դեպրեսիայից ազատվելու պարզ միջոց։ Նրանց կարծիքով՝ հետծննդաբերական դեպրեսիայի կանխարգելման համար բավական է ամեն օր 3 ժամվա ընթացքում հպվել երեխայի մաշկին ձեռքերով կամ այտերով, սենսորային շփում իրականացնել եւ շոյել։ Դա 80 տոկոսով իջեցնում է խնդրի առաջացման հավանականությունը, քանի որ այդ ժամանակ կանանց արյան մեջ մշակվում է օքսիտոցին հորմոնը, որը բարելավում է ինքնազգացողությունն ու վստահություն հաղորդում։ Այդ հպումները նպաստավոր ազդեցություն են ունենում նաեւ նորածինների համար։ «Մաշկ-մաշկ հպումները նվազեցնում են երեխայի նյարդայնությունը, նրանք ավելի քիչ են լալիս եւ ավելի լավ են քնում՝ մորը հանգստանալու եւ տամադրությունը լավացնելու հնարավորություն տալով»,- համոզված են գիտնականները։ Բացի այդ,  օգտակար է ոչ միայն երեխային շոյելը, այլեւ օրը 2 ժամ «կենգուրուում» գրկած պահելը։ «Այս թերապիան ամենաարդյունավետն է եղել հետծննդաբերական դեպրեսիայի կանխարգելման այլ մեթոդիկաների շարքում»,- նշել են մանկաբույժները։

Հետծննդաբերական դեպրեսիայի դեմ եւս մեկ արդյունավետ միջոց է Օմեգա-3 հագեցած ճարպաթթուների կանոնավոր ընդունումը հղիության ժամանակ, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են ձկան յուղում եւ ընկույզներում։ Փորձի շրջանակում գիտնականները 26 հղի կանանց առաջարկել են ընդունել ձկան յուղի պատիճներ եգիպտացորենի ձեթով։ Կանայք պատիճներն սկսել են ընդունել հղիության 24-րդ շաբաթից եւ շարունակել են դա անել ծննդաբերությունից հետո։ Ծննդաբերությունից հետո գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք կանայք հետծննդաբերական դեպրեսիայի ախտանշաններ զգում են։ Պարզվել է, որ ապատիայի եւ անտարբերության ավելի արտահայտված նշաններ ունեցել են այն կանայք, որոնք ընդունել են պատիճները եգիպտացորենի ձեթի հետ։ Ձկան յուղ ընդունած կանայք ավելի հաճախ են լավ տրամադրություն ունեցել եւ լի են եղել լավատեսությամբ։ Գիտնականները կարծում են, որ հագեցած ճարպաթթուների այս ազդեցությունը կապված է նյարդային համակարգի վրա դրանց ազդեցության հետ։ Օմեգա-3-ը սնուցում է ուղեղի բջիջները՝ նպաստելով նյարդային իմպուլսների ավելի լավ հաղորդմանը եւ դրանով իսկ կանխում է գրգռվածությունն ու ուժերի անկումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է