• Latest news

Ծխելը, սուրճը եւ ասպիրինը կարող են հետաձգել Պարկինսոնի հիվանդության ախտանիշները

13 հունվարի, 2023  11:39

Վաղուց հայտնի է, որ ծխողները մի փոքր ավելի պաշտպանված են Պարկինսոնի հիվանդությունից՝ հիվանդության ախտանիշները նրանց մոտ ի հայտ են գալիս ավելի ուշ, քան չծխողների մոտ: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճն ու ասպիրինը նույնպես նման ազդեցություն ունեն։

Պարկինսոնի հիվանդությունը երկրորդ ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդությունն է Ալցհեյմերի հիվանդությունից հետո, որով տառապում է ավելի քան 7 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Այն բնութագրվում է հուզական եւ ճանաչողական խանգարումներով, ուժեղ ցնցումներով, քայլվածքի փոփոխություններով եւ մկանային տոնուսի բարձրացմամբ: Ամենից հաճախ այն զարգանում է տարեց հասակում, սակայն կան նաեւ վաղ Պարկինսոնի դեպքեր։ Տղամարդկանց մոտ հիվանդությունն ախտորոշվում է 1,5 անգամ ավելի հաճախ, քան կանանց մոտ։

Լյուբեկի համալսարանի նեյրոգենետիկայի ինստիտուտի գիտնականներն այս հիվանդությամբ ԱՄՆ-ից մոտ 36 000 հիվանդի են ներառել: Կամավորները լրացրել են հարցաթերթիկներ, որոնցում մանրամասն պատմել են իրենց կենսակերպի, սովորությունների, ախտանիշների եւ դեղամիջոցների մասին:

Հետազոտողները մասնակիցներին բաժանել են մի քանի խմբերի՝ կախված այն բանից, թե որքան ժամանակ են նրանք ծխել, սուրճ օգտագործել կամ ասպիրին ընդունել: Նրանք վերլուծել են արդյունքները եւ համեմատել Պարկինսոնի հիվանդության առաջին նշանների ի հայտ գալու տարիքը բոլոր խմբերում:

Նրանց համար, ովքեր իրենց կյանքի ընթացքում ծխել են ավելի քան 100 ծխախոտ, ախտանշանների առաջացման միջին տարիքը կազմել է 63,5 տարեկանը, մինչդեռ չծխողների համար՝ 60,8 տարեկանը: Օրական ծխած ծխախոտների քանակը նաեւ կապված է հիվանդության հետաձգված նշանների հետ, թեեւ այդ տարբերությունը էական չէ: Բայց կա մի լուրջ նյուանս՝ Պարկինսոնի հիվանդությամբ ծխողների շարժական ախտանշաններն ավելի վատ են եղել՝ համեմատած չծխողների հետ: Բացի այդ, պացիենտների այս խումբն ավելի հաճախ է դեպրեսիա, տագնապ, հիշողության հետ կապված խնդիրներ եւ ցավային համախտանիշներ ունեցել:

Սուրճի սիրահարների մոտ ախտանշանները զարգանում են ուշացումով՝ 61,9 տարեկանում՝ չխմողների դեպքում 59,4 տարեկանի դեմ: Պաշտպանիչ ազդեցությունը պոտենցիալ ուժեղացել է՝ կախված խմած բաժակների քանակից եւ սպառման տեւողությունից: Բացի այդ, սուրճը կապված է եղել ոչ այնքան ծանր շարժողական խանգարումների հետ:

Երբ գիտնականները գնահատել են տարբեր հակաբորբոքային դեղամիջոցների հնարավոր պաշտպանիչ ազդեցությունը, ամենաբարձր ցուցանիշը հայտնաբերվել է ասպիրինի մեջ. հայտնի դեղամիջոցը կապված է եղել ախտանիշների 5 տարով հետաձգման հետ: Այն պացիենտների համար, որոնք շաբաթական առնվազն երկու հաբ են ընդունել 6 ամիս կամ ավելի, ախտանշանների առաջացման միջին տարիքը կազմել է 64 տարեկանը: Նրանք, ովքեր ասպիրին չեն ընդունել՝ 59,1 տարեկանը։

Գիտնականները նշել են, որ այս արդյունքներն օգնում են բարելավել Պարկինսոնի հիվանդության ըմբռնումը եւ կարող են ազդել արդյունավետ թերապիայի ստեղծման վրա՝ դրա առաջընթացը հետաձգելու եւ դանդաղեցնելու համար: Բայց սա դեռ հեռու է, քանի որ այս պաշտպանիչ ազդեցության ճշգրիտ մեխանիզմները դեռեւս պարզ չեն: Պացիենտները չպետք է ընդունեն այս բացահայտումները որպես գործողությունների ուղեցույց, հատկապես երբ խոսքը վերաբերում է ծխելուն: «Առողջության վրա ծխելու վնասակար ազդեցությունը շատ ավելին է, քան Պարկինսոնի հիվանդության հնարավոր առավելությունները»,- ասել են հետազոտության հեղինակները:

Fox Insight Study-ի հետազոտությունը ֆինանսավորել է դերասան Մայքլ Ջեյ Ֆոքսի հիմնադրամը, նա 30 տարեկանից տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել