• Latest news

Երեւանի շարժական կետում կարմրուկի դեմ անվճար պատվաստում կարող են ստանալ նաեւ օտարերկրյա քաղաքացիները

10 մարտի, 2023  13:27

Ներկայումս Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները կարմրուկի դեմ անվճար պատվաստում կարող են ստանալ Երեւանում՝ Ամիրյան 2 հասցեում գտնվող շարժական կետում։ Մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարարության Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նա հավելեց, որ տեղական օրենսդրության համաձայն՝ պատվաստումն անվճար է ՀՀ քաղաքացիների համար՝ Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցի շրջանակում։ Բայց կարմրուկի բռնկման հետ կապված որոշում է կայացվել օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն տալ պաշտպանվել հիվանդությունից։

Նրա խոսքով՝ մարտի 4-ից՝ կարմրուկի բռնկման պահից, պատվաստման համար դիմել է մոտ 3100 մարդ։ Մասնավորապես, պատվաստումներ են ստացել հիվանդների հետ շփված շուրջ 600 մարդ, որոնցից 300-ը սերտ շփումներ են ունեցել վարակվածների հետ, մնացածը շփում են ունեցել սերտ կոնտակտավորների հետ։ Պատվաստումներ են ստացել նաեւ շուրջ 300 բուժաշխատողներ։

Գայանե Սահակյանը հավելեց, որ պատվաստման համար դիմում են նաեւ մեծահասակները, որոնք չունեն կարմրուկի դեմ պատվաստման վերաբերյալ տվյալներ, եւ երեխաները, որոնք այս կամ այն ​​պատճառով չեն պատվաստվել։ «Հայաստանն ապահովված է պատվաստանյութով, քանի որ դա սովորական պատվաստում է, եւ մենք միշտ ունենք պաշարներ»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ առողջապահական համակարգի ուշադրության կենտրոնում այժմ բոլոր այն դպրոցահասակ երեխաներն են, ովքեր չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Դպրոցների ղեկավարությանը հանձնարարվել է հանել բոլոր երեխաների համար N26 ձեւի բժշկական թերթիկները եւ ստուգել պատվաստումների առկայությունը: Եթե ​​երեխան պատվաստված չէ, նրա ծնողների հետ բացատրական աշխատանք է տարվում։

«Եթե մարդը մեկ անգամ հիվանդացել է կարմրուկով, ապա հիվանդությունը, որպես կանոն, չի կրկնվում, բացառությամբ օրգանիզմի իմունային պատասխանի խախտման հազվադեպ դեպքերի»,- ասաց Գայանե Սահակյանը՝ հավելելով, սակայն, որ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատման դեպքերը սկսվել են 2007 թվականից, իսկ մինչ այդ կլինիկական դրսեւորումների հիման վրա արված ախտորոշումները կարող են եւ սխալ լինել:

Կարմրուկի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժին ստանալուց հետո վարակվելու դեպքերը չափազանց հազվադեպ են, մեր երկրում դրանք ընդհանրապես չեն գրանցվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է