• Latest news

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրել ԵՊԲՀ 14 օրդինատորի․Մելանյան, Սոնան ու Կևորկը նրանց թվում են  

13 մարտի, 2023  11:26

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը, հավատարիմ մնալով  որդեգրած առաքելությանը, 2 տարվա ընթացքում կրթաթոշակ է տրամադրել ԵՊԲՀ Կլինիկական  ֆարմակոլոգիայի ամբիոնի 14 օրդինատորների՝ ընդհանուր 4,800,000 ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում են Վահե Մելիքսեթյան հիմնադրամից։

Հասկանալու համար, թե կրթաթոշակի շահառուներն ինչու են ընտրել կլինիկական դեղագետի բարդ  մասնագիտությունը, կրթաթոշակն ինչ ազդեցություն է ունեցել իրենց կյանքում և ինչ ակնկալիքներ  ունեն իրենց մասնագիտությունից Հայաստանում, հիմնադրամից Հեղինե Գյուլնազարյանը զրուցել է  նրանցից երեքի հետ.

Մելանյա Սահակյան

Մելանյա Սահակյան.jpg (2.17 MB)

Ի սկզբանե որոշել էի բժիշկ դառնալ, բայց հետո ստացվեց այնպես, որ դարձա դեղագետ։ Եվ հիմա  հասկանում եմ, որ հենց սա է իմ դերը։ Ուսումս ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ աշխատել  որպես դեղագետ և հիմա սպասում եմ Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի  կլինիկական դեղագետի հաստիքի բացմանը։

Ընդունվել եմ օրդինատուրա՝ ընտրելով կլինիկական դեղագետի մասնագիտությունը, որպեսզի  ավելի մոտ լինեմ բժիշկներին, դեղագիտությունը կապեմ կլինիկային։ Մինչ օրս հիշում եմ «Վահե  Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի կրթաթոշակ ստանալու մրցույթի հարցազրույցը, շատ  հետաքրքիր էր։ 

Հնչեցին հարցեր, որոնց պատասխանների շուրջ երկար եմ մտածել՝ անգամ հարցազրույցից հետո, և վերանայել եմ ինձ համար շատ բաներ։ Հիմնադրամն օգնեց հասկանալ նաև ընտրությանս  կարևորությունը։ Հասկացա, որ մենակ չեմ, կան մարդիկ, որոնք ունեն նույն նպատակները, ինչ ես։  Հարցազրույցից հետո կարծես ավելի շատ սիրեցի մասնագիտությունս։ Մի բան է, երբ մենակ ես  գնում ընտրածդ ճանապարհով, մեկ այլ բան է, երբ մի ամբողջ թիմ կիսում է քո նպատակները։

Եթե հիմնադրամը հետագայում հայտարարի մասնագիտական դասընթացներ, միանշանակ,  ինչպես ինքս կօգտվեմ նման հնարավորություններից, այնպես էլ խորհուրդ կտամ մյուսներին։

Սոնա Սարգսյան

Սոնա Սարգսյան.jpg (2.91 MB)

Մանկուց ունեցել եմ սեր դեղագետի մասնագիտության նկատմամբ, միշտ հետաքրքիր է եղել, թե  ինչպես են դեղերն օգնում մարդկանց, որն է դրանց ազդեցությունը։ Նպատակս է աշխատել որպես կլինիկական դեղագետ ուսումս ավարտելուց հետո։ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական  հիմնադրամի կրթաթոշակն ինձ հնարավորություն ընձեռեց կենտրոնանալ ուսման վրա։ Իմ  դեպքում այն ուներ ֆինանսական մեծ նշանակություն։

Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ հիմնադրամը կհայտարարի մասնագիտական  դասընթացներ։ Շատ եմ կարևորում հիմնադրամի գործունեությունը։ Բացի կրթաթոշակներից,  որոնք թեթևացնում եմ օրդինատորների մեծագույն խնդիրը, ունենք հավատ՝ կա մի  կազմակերպություն, որ կօգնի կլինիկական դեղագետներին աշխատել իրենց մասնագիտությամբ,  այլ ոչ միայն աշխատել դեղատներում կամ լինել որևէ ընկերության ներկայացուցիչ։

Կևորկ Խորոզյան

Կևորկ Խորոզյան.jpg (3.57 MB)

Ես ծնվել եմ Սիրիայում և ուսումս շարունակելու համար տեղափոխվել եմ Հայաստան։ Ներկայումս  աշխատում եմ որպես դեղագետ։

Նպատակս է ապագայում աշխատել որպես կլինիկական դեղագետ։ «Վահե Մելիքսեթյան»  կրթաբժշկական հիմնադրամի կրթաթոշակն ինձ համար ուներ ոչ այնքան ֆինանսական  նշանակություն, որը թերևս շատ կարևոր էր, այլ ավելի շահագրգռեց ինձ աճել որպես մասնագետ։  Ես հասկացա, որ պետք չէ վախենալ, թե ինչ կլինի ապագայում, այլ պետք է ավելի շատ սովորել։  Ստացած գումարը, իհարկե, շատ կարևոր էր, բայց այս կրթաթոշակն ինձ համար այլ ավելի մեծ  նշանակություն ուներ։ 

Եթե հիմնադրամը հետագայում հայտարարի մասնագիտական դասընթացներ, ոչ միայն  կմասնակցեմ ու խորհուրդ կտամ այլոց, այլ նաև կօգնեմ հիմնադրամի գործունեությանը՝ ինչով  կարող եմ։ Իմ ուսանող ընկերներին միշտ ասում եմ, որ եթե ձեր նպատակը կլինիկական դեղագետ  դառնալն է, ապա իմացեք, որ կա «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը, որը ձեզ  օգնելու է։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել