• Latest news

Հայաստանում առաջին անգամ կատարվել է 17-ամյա աղջկա ազդրոսկրի և երկու հոդերի էնդոպրոթեզավորում՝  օստեսարկոմայի կապակցությամբ

28 նոյեմբերի, 2023  18:59

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են չարորակ ուռուցքով ախտահարված ազդոսկրի եւ երկու հոդերի հեռացման եւ միաժամանակյա էնդոպրոթեզավորման վիրահատություն։ Վիրահատությունը կատարել է օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրային ախտաբանության կլինիկայի ղեկավար Գալուստ Գալուստյանը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկը պատմել է, որ 17-ամյա Աշխեն Մնացականյանի մոտ ազդոսկրի չարորակ ուռուցք՝ օսթեոսարկոմա է ախտորոշվել։ Ուռուցքը բավական տարածված էր, այն ընդգրկում էր ողջ ազդոսկրը՝ ուռուցքի վերին բեւեռը հասնում էր կոնքազդրային հոդին, ստորինը՝ ծնկահոդին։

2.jpg (66 KB)

Ինչպես նշել է բժիշկը, մինչեւ վերջերս նման դեպքերում կատարվում էր հաշմող վիրահատություն. հեռացվում էր ամբողջ ստորին վերջույթը։ Այսօր արդեն աշխարհի մի շարք առաջադեմ բուժկենտրոններում նման դեպքերում կատարվում է օրգանապահպան վիրահատություն, որի ընթացքում հեռացվում է ամբողջ ազդոսկրը երկու հոդերով՝ կոնքազդրային եւ ծնկային, եւ միաժամանակ կատարվում է ոսկրի եւ հոդերի էնդոպրոթեզավորում։ Այդ վիրահատությունը  հնարավորություն է տալիս պահպանել ստորին վերջույթը։ «Նաիրի» ԲԿ-ի մասնագետների կողմից ևս որոշվեց կիրառել այս մեթոդը՝ վերջույթը պահպանելու նպատակով։

Ներկայում Աշխեն Մնացականյանն իրեն լավ է զգում, առայժմ շարժվում է ձեռնափայտի օգնությամբ, պատրաստվում է ընդունել քիմիաթերապիայի վերջին կուրսը։ «Նաիրի» ԲԿ-ում նրա հետ աշխատել են հոգեբանը և կինեզիթերապևտը։ Ներկայումս վերականգնողական բուժումը շարունակվում է;

Աշխեն Մնացականյանը պատմել է, որ իր խնդիրներն սկսվել են 16 տարեկանում՝ ուռչում եւ ցավում էր ծունկը։ Նրան ուղարկել են վնասվածքաբանի մոտ, հետո՝ ռեւմատոլոգի, եւ ռեւմատոլոգը նրան խորհուրդ է տվել դիմել Գալուստ Գալուստյանին։

3.jpg (54 KB)

«Նաիրի» ԲԿ-ում բիոպսիա են արել, դրվել է ախտորոշում՝ ազդոսկրի օստեսարկոմա։ Այսօր նա ասում է, որ պարզապես չի պատկերացնում, թե ինչպես կլիներ այդ ամենը, եթե իրեն չուղարկեին Գալուստ Գալուստյանի մոտ։

Ասում է նաև, որ երբ դեղորայքային բուժում էր ստանում, կլինիկա են եկել երկու երիտասարդներ՝ մի տղա եւ մի աղջիկ, որոնք նույնպես նույն հիվանդությունն են ունեցել։ Նրանք Աշխենին ասել են, որ աղջիկը դժվար ճանապարհ պետք է անցնի, բայց վերջում ամեն ինչ լավ կլինի։ Աշխենն այսօր այլ երիտասարդների նույն  խորհուրդն է տալիս. ճանապարհը դժվար է լինելու, բայց վերջում ամեն բան լավ կլինի։

Գալուստ Գալուստյանը պարզաբանել է, որ օսթեոսարկոման առավել հաճախ հանդիպում է կյանքի երկրորդ տասնամյակում։

«Առաջնային ոսկրային չարորակ ուռուցքները որպես կանոն հանդիպում են հենց այս տարիքում՝ կյանքի երկրորդ տասնամյակի ընթացքում։ Մոտավորապես 10–ից 7–8 դեպքերում այն հանդիպում է կյանքի երկրորդ տասնամյակում», – ասել է նա։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է