• Latest news

Դաստիարակում ենք ագրեսիվ հասարակություն՝ «քեզ քարով կխփեն, քարը վերցրու, տուր գլխին»․ դա անթույլատրելի է․ հոգեբան

8 դեկտեմբերի, 2023  20:55

Դեռահասը իր սոցալիզացիայի ընթացքում յուրացնում, վերցնում և կրում է այն ենթամշակույթը, որը կա իր միջավայրում ու ընտանիքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։

Մարիամ Մեհրաբյանի խոսքով՝ դեռահասների շրջանում հանցավորությունն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների․

«Դժվար է ասել ժամանակաշրջանը մեզ համար այսօր ինչ է նախապատրաստել, որովհետև ենթամշակույթն ինքնին չի փոխվում։ Դեռահասների շրջանում հանցավորության կանխարգելումը պետք է սկսել հենց ընտանիքից, որովհետև այսօր էլ տեսնում ենք, որ երբ երեխան կարող է գալ ու ասել՝ «դե տղայական է, ես էլ եմ ծեծել, ինձ էլ եմ ծեծել, որ հարցնեն, ասեք՝ հեծանիվից է ընկել», կամ կանայք էլ բռնության ենթարկվելու դեպքում ասում են՝ «գլուխս պահարանին է կպել, դրանից է աչքս կապտել», այսինքն՝ հանցավորության մեջ այդ պատճառը թաքցնելը միշտ վտանգավոր է, և հանգեցնում է անդառնալի հետևանքների»։

Հոգեբանը խնդիրը տեսնում է նաև ծնողների՝ ագրեսիան խրախուսելու մեջ․ «Շատ  հայրեր կան, որ ասում են՝ «տղա ես, պետք է ծեծվես, քեզ էլ ծեծեն, դու էլ ծեծես»։ Դաստիարակում ենք ագրեսիվ հասարակություն՝ «քեզ քարով կխփեն, քարը վերցրու, տուր գլխին»․ դա անթույլատրելի է։ Երբ է ագրեսիան հասնում ահագնացող չափերի, երբ տարածվում է այն։ Ագրեսիայի պահանջարկը ոչ մի ժամանակներում չի նվազում, որովհետև այն անընդհատ խրախուսվում է։ Ավելի երևացող է դպրոցում այն երեխան, որն ավելի հարձակվող է։ Երեխան, որը սկսում է պաշտպանվել, ուսուցչի օգնությանը դիմել, նա համարվում է «ղզիկ», թուլակազմ։ Շատ ծնողները հպարտանում են այն երեխայով, որը լավ է ծեծում, սա բանակային ենթամշակույթ է դառնում հետագայում։ Տղա երեխաները 13-15 տարեկանում սկսում են ենթագիտակցորեն պատրաստվել բանակային կյանքին։ Այսօր մենք ամեն օր կարող ենք տեսնել ագրեսիայի անդառնալի հետևանքներ, եթե ոչ մահվան դեպքով, ապա խեղումների տեսքով։ Չենք կարող չասել, որ ագրեսիա մի տարածեք։ Շատ ծնողներ նույնիսկ իրենց օրինակն են բերում՝ «տղաս, ես քո տարիքում շենքի հետևում, դպրոցի բակում գիտես՝ ինչ ծեծ եմ կերել, բամբակով ջուր էին տալիս», այդ արտահայտությունները հանգեցնում է նրան, որ երեխան վերցնում է համարձակությունը, որովհետև նա դա ստացել է արդեն ծնողի կողմից»։

Մեհրաբյանի խոսքով՝ դեռահասների շրջանում է սկսվում պիտակավորումները․ «Եթե ուսուցիչը ասում է՝ քեզ եթե կնեղացնեն, արի մոտ և այլն, դա հետո դառնում է պիտակավորում՝ «դու խաբարբզիկ ես», «գործ տվող ես»․ այսինքն՝ մենք օրենքի և իրավունքի հասարակությունից վերածվում ենք մի հասարակության, որտեղ ենթամշակույթը օրենքից փորձում է առաջ անցնել, դրա համար էլ ունենք մահվան ելքեր։ Երեխաների մեջ միջավայրը սերմանում է՝ «հո դու միլիցիա չե՞ս», սա սովետական կարգերից է, բայց ոստիկանի դերը իրականում որքան հպարտանալու բան է, իրավապահ կառույցը որքան ուժեղ է, օրենքի իմացությունն ինչքան է երկիրը դարձնում ամուր, հենց այդ դեպքերը պետք է մեզ սովորեցնեն, որ օրենքի իմացությունը պետք է միայն հպարտանալու առիթ տա։ Ցավոք, այդ պիտակավորումները ընտանիքներում կան, և նույնիսկ միմյանց ծաղրելու կամ վիրավորելու համար են օգտագործում»։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել