• Latest news

Քնի և ցիրկադային ռիթմի հետ կապված խնդիրները պայմանավորված են հոգեկան վատ առողջության հետ. ուսումնասիրություն

4 մարտի, 2024  10:14

Մարմնի յուրաքանչյուր բջիջ ունի իր ցիրկադային ռիթմը: Այս ռիթմը համապատասխանում է գրեթե 24-ժամյա ցիկլին, որը համաժամանակեցված է ցերեկվա  և գիշերվա հետ: Այս ցիրկադային ռիթմերը որոշիչ նշանակություն ունեն առողջության և լավ ինքնազգացողության համար, գրում է Սաութհեմփթոնի համալսարանի կոգնիտիվ և աֆեկտիվ նյարդաբանության դոցենտ Սառա Չելապպան The Conversation-ում հրապարակած իր հոդվածում:

Ըստ գիտնականի, մարդու ցիրկադային ռիթմը կարող է խախտվել, երբ ապրելակերպը չի համապատասխանում ցերեկվա և գիշերվա բնական ցիկլին, օրինակ՝ եթե մենք աշխատում ենք գիշերային հերթափոխով կամ ենթարկվում ենք ժամային գոտիների փոփոխությանը։ Այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծերացումը, գենետիկան և որոշակի  հիվանդությունները (օրինակ՝ աուտոիմուն հիվանդությունները և Ալցհեյմերի հիվանդությունը) նույնպես կապված են ցիրկադային ռիթմի երկարատև խանգարումների հետ:

Քնի և ցիրկադային ռիթմի խանգարումները կարող են նաև որոշակի հոգեկան խանգարումների՝  ընկճախտի, տագնապի, երկբևեռ խանգարման և շիզոֆրենիայի,  սկիզբ և ռեցիդիվ կանխատեսել: Որքան լուրջ է քնի և ցիրկադային ռիթմի խանգարումը, այնքան վատ է մարդու տրամադրությունը, ռեցիդիվի ռիսկը և հոգեկան առողջության բուժման արդյունքները:

Բայց չնայած այս կապի մասին վկայող ապացույցներին, դրա գոյության պատճառները հիմնականում անհայտ են մնում:

Չելլապան նշում է, որ հետազոտության արդյունքում ինքը և իր գործընկերները պարզել են, որ քնի և ցիրկադային ռիթմի խանգարումները, ըստ երևույթին, առաջացնում կամ խորացնում են մի շարք հոգեկան խանգարումներ, ներառյալ երկբևեռ խանգարումը և ընկճախտը: Գիտնականները նաև բացահայտել են որոշակի կենսաբանական մեխանիզմներ, որոնք կարող են ընկած լինել այս կապի հիմքում:

Նոր ուսումնասիրության մեջ գնահատական է տրվել վերջին տասը տարիների ընթացքում հրապարակված բոլոր ուսումնասիրություններին՝ տարբեր հոգեկան խանգարումների, այդ թվում՝ ընկճախտի, տագնապի և փսիխոզների վերաբերյալ: Հետազոտողները հիմնականում կենտրոնացել են դեռահասների և երիտասարդների վրա:

Արդյունքները պարզել են, որ հոգեկան խանգարումով ախտորոշված երիտասարդների մեծամասնության մոտ նույնպես նկատվել են քնի հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են անքնությունը (դժվարությամբ  քնելու և երկարատև քնելու խնդիրներ), քնի հապաղումը և ցերեկային զգոնության վատթարացումը: Հետազոտողները նաև պարզել են, որ երկբևեռ խանգարումներով (և հոգեկան այլ խանգարումներով)  մարդկանց մեկ երրորդի մոտ խախտված է ցիրկադային ռիթմը, ինչի դեպքում  նրանք պառկում են քնելու և արթնանում են սովորականից ավելի ուշ:

Նոր հետազոտությունը նաև բացահայտել է որոշ մեխանիզմներ, որոնք կարող են բացատրել քնի խնդիրների և հոգեկան առողջության խանգարումների միջև կապը: Այդ մեխանիզմների թվում է ցիրկադային ռիթմի խանգարման նկատմամբ գենետիկ կամ մոլեկուլային մակարդակում բարձր խոցելիությունը:

Պարզվել է նաև, որ հետազոտության որոշ մասնակիցների մոտ ուղեղային ակտիվության   փոփոխություններ են եղել, որոնք առաջացել են քիմիական ազդանշանների հետ կապված խնդիրների պատճառով, որոնք կարող են ազդել քնի մակարդակի և տրամադրության վրա: Սխալ լուսավորությունը (օրինակ՝ չափազանց քիչ բնական ցերեկային լույսը կամ չափազանց շատ արհեստական լույսը գիշերը) և շատ ուշ երեկոյան կամ գիշերը ուտելը նույնպես կարող են առաջացնել քնի և ցիրկադային ռիթմի հետ կապված խնդիրներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել