• Latest news

Ծխելը կործանարար ազդեցություն է գործում իմունային համակարգի վրա անգամ դրանից հրաժարվելուց տարիներ հետո

5 մարտի, 2024  08:23

Ծխելը երկարատեւ ազդեցություն է թողնում իմունային համակարգի վրա։ Այսպիսի եզրահանգման են եկել Ֆրանսիայի Պաստորի ինստիտուտի գիտնականները՝ հայտնաբերելով, որ անգամ ծխելուց հրաժարվելուց տարիներ հետո ծխախոտի ազդեցությունն օրգանիզմի իմունային պաշտպանության վրա պահպանվում է։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature գիտական ամսագրում։

Հետազոտողները փորձել են պարզել, թե տարիքից, սեռից եւ գենետիկայից բացի ուրիշ ինչ գործոններ են դեր խաղում այն հարցում, թե ինչպես է օրգանիզմը պաշտպանվում արտաքին սպառնալիքներից, տեղեկացրել է Euronews-ը։ Նրանք 1 000 առողջ մարդկանց արյան նմուշները ենթարկել են վիրուսների եւ մանրէների ազդեցությանը եւ հետեւել նրանց իմունային արձագանքին՝ հաշվի առնելով 136 փոփոխականներ, ներառյալ մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելը, քունը, ֆիզիկական բեռնվածությունը եւ այլ գործոններ։

Առանձնացվել են երեք փոփոխականներ՝ ծխելը, լատենտ ցիտոմեգալովիրուսային վարակը (անախտանիշ վիրուս հերպեսների ընտանիքից) եւ մարմնի զանգվածի ինդեքսը։

Հեղինակները նշել են, որ ծխող մարդկանց մոտ նկատվել է բարձր բորբոքային ռեակցիա մանրէներով ազդեցության ժամանակ, որն անհետացել է, երբ նրանք թողել են ծխելը, բայց ծխելու ազդեցությունը Т-բջիջների ռեակցիայի վրա, որոնք օգնում են պաշտպանվել հիվանդություններից, պահպանվել է նաեւ ծխելուց հրաժարվելուց տարիներ հետո։

«Ծխողների եւ նախկին ծխողների իմունային ռեակցիաների համեմատությունը ցույց է տվել, որ բորբոքային ռեակցիան արագ վերադառնում է նորմալ մակարդակի ծխելուց հրաժարվելուց հետո, իսկ ադապտիվ իմունիտետի վրա ազդեցությունը պահպանվում է 10-15 տարի,- նշվել է Պաստորի ինստիտուտի տրանսլյացիոն իմունաբանության բաժնի ղեկավար Դարագ Դաֆիի հայտարարությունում։- Առաջին անգամ հաջողվել է ցուցադրել ծխելու երկարատեւ ազդեցությունը իմունային ռեակցիաների վրա»։

Հետազոտողների խոսքով՝ ծխելը, ըստ երեւույթին, հանգեցնում է իմունային համակարգի երկարատեւ փոփոխությունների՝ ազդելով գեների էքսպրեսիայի վրա։

«Սա կարեւոր հայտնագործություն է, որը թույլ է տալիս պարզել, թե ինչպես է ծխելն ազդում առողջ մարդկանց իմունիտետի վրա, ինչպես նաեւ, համեմատության համար, այն մարդկանց իմունիտետի վրա, որոնք տառապում են տարբեր հիվանդություններով»,- ասել է ինստիտուտի կենսաբան եւ հետազոտության առաջատար հեղինակ Վիոլեն Սենթ-Անդրեն։

Գիտնականները նշել են, որ անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ։

«Այդ արդյունքները նոր պատկերացում են տալիս առողջ մարդկանց վրա ծխելու ազդեցության եւ իմունային պատասխանի փոփոխականության վրա շրջակա միջավայրի մոդիֆիկացնող ազդեցությունների դերի մասին»,- ամփոփել են հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է