• Latest news

Նեյրոպաթիկ ցավով տառապող պացիենտների 50-60 տոկոսը լիարժեք բուժում չի ստանում. Սեւակ Բադալյան

21 մայիսի, 2024  13:18

Նեյրոպաթիկ ցավով տառապող պացիենտների 50-60 տոկոսը լիարժեք բուժում չի ստանում։ Այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  առողջապահության նախարարի  նեյրովիրաբուժության գծով խորհրդական, «Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի» վարչության անդամ Սեւակ Բադալյանը։

Նրա խոսքով՝վերջույթների նեյրոպաթիկ ցավի մասին տեղեկացվածության շաբաթը, որը կայանալու է մայիսի 25-31-ին, ուղղված է հարցի կարեւորության ընդգծմանը, ինչպես նաեւ այն բանին, որ բուժման տարբերակներ առաջարկվեն, որոնք կհանգեցնեն ոչ միայն դեղամիջոցներով եւ ֆիզիոթերապիայով բուժման, այլեւ վիրահատությունների՝ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Նա նշել է, որ նեյրոպաթիկ ցավը հաճախ լինում է այլ հիվանդությունների դրսեւորում եւ հաճախ հիմնական հիվանդությունը բուժելուց հետո անտեսվում է։ «Նպատակը այդ ծածուկ խնդիրները բացահայտելն է»,- ասել է Բադալյանը։

Նա ավելացրել է, որ նեյրոպաթիկ ցավը հայտնվում է այն պացիենտների մոտ, որոնք տառապում են նյութափոխանակության խնդիրներով, դիաբետով, երիկամային եւ լյարդի անբավարարությամբ, օնկոլոգիայով, վիրուսային հիվանդություններով։

«Նեյրոպաթիկ ցավը տարածված է միջին տարիքի անձանց շրջանում՝ կախված այն բանից, թե որ տարիքում է ավելի շատ տարածված այս կամ այն հիվանդությունը»,- ընդգծել է բժիշկը։

Նրա խոսքով՝ հիվանդության պատճառ կարող են լինել նաեւ սնվելու ռեժիմի խախտումը, վիտամինների պակասը, աշխատանքը, որի դեպքում մարդը մշտապես ենթարկվում է տատանումների, ինչպես նաեւ աշխատանքը լեռնահանքային արդյունաբերությունում։

Բադալյանը տեղեկացրել է, որ մոլորակի բնակչության 5-6 տոկոսը տառապում է նեյրոպաթիկ ցավով, Հայաստանում վիճակագրության հարցում կա խնդիր հիվանդության ախտորոշման ցածր մակարդակի պատճառով։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ընդհանուր եւ անոթային նյարդաբանության բաժանմունքի վարիչ, «Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Խաչիկ Պետրոսյանն, իր հերթին, նշել է, որ տեղեկատվական քարոզարշավը, որը տեղի է ունենալու մայիսի 25-31-ին, թույլ կտա բարձրացնել պացիենտների տեղեկացվածությունը հիվանդության, բուժման եւ կանխարգելման մասին։

«Նպատակը նաեւ այն է, որ փորձենք թեթեւացնել սոցիալ-տնտեսական բեռը պացիենտների եւ պետության համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նեյրոպաթիկ ցավի ախտորոշումը եւ բուժումը կախված են բազմաթիվ գործոններից։

«Ուստի շատ կարեւոր է բժշկի եւ պացիենտի համագործակցությունը։ Սքրինինգային հետազոտության միջոցով կարելի է վաղ փուլում ախտորոշել հիվանդությունը եւ սկսել բուժումը, ինչը կարող է կանխել հիվանդության հետագա խորացումը եւ պացիենտին լիովին ազատել նեյրոպաթիկ ցավից»,- եզրափակել է Պետրոսյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել