• Latest news

Ի՞նչ է լյարդի էլաստոգրաֆիան և ո՞ր դեպքերում է այն ցուցված

27 մայիսի, 2024  22:18

Լյարդի ճարպային հիվանդությունը՝ ստեատոզը ժամանակակից բժշկության կարևոր խնդիրներից է։ Հիվանդացությունը տարեցտարի աճում է ոչ միայն մեծահասակների, այլև դեռահասների շրջանում։ Այս հիվանդության տարածվածությունը աշխարհի ամբողջ բնակչության շրջանում կազմում է 25-35 տոկոս, դիաբետով հիվանդների մոտ՝ 80 տոկոս։

«Լինում է ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային լյարդի ճարպակալում կամ ճարպային լյարդ։ Ալկոհոլայինը արդեն ինքնին տերմինը նշում է, որ ալկոհոլի չարաշահման արդյունքում է առաջանում, և հիմնականում տեղի է ունենում լյարդի բջիջների վնասում, որտեղ կուտակվում է ճարպ, և տեղի են ունենում բորբոքային ինֆիլտրատիվ փոփոխություններ։ Իսկ ոչ ալկոհոլային ճարպակալման դեպքում, արդեն չկան երկրորդային ազդող գործոնները, ինչպիսիք ալկոհոլն է, կամ վիրուսային հեպատիտն է։ Այստեղ արդեն գեր լինելու արդյունքում է առաջանում, երբ կա հիպոդինամիա, երբ կա սննդի չարաշահում, հատկապես ածխաջրային և ճարպային սննդի չարաշահումը բերում է լյարդի բջիջներում ճարպի կուտակման, և երբ այդ բջիջներում 5 տոկոսից ավելի է կուտակվում ճարպը, առաջանում է ճարպային լյարդ», – ասում է «Նաիրի» ԲԿ բժիշկ–սոնոգրաֆիստ Աննա Խաչատրյանը։  

Բժիշկը նշում է՝ պացիենտները սովորաբար լուրջ չեն վերաբերվում լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալմանը։ Նրանք կարծում են, որ եթե չեն չարաշահում ալկոհոլը, ապա լյարդի համար անհանգստանալու կարիք չկա։ Դրան նպաստում է նաև այն, որ ոչ ալկոհոլային ճարպակալումը շատ դանդաղ է զարգանում, և երկար ժամանակ անհանգստություն չի պատճառում։

«Շատ հաճախ սոնոգրաֆիկ հետազոտությունների արդյունքում, երբ տեսնում ենք լյարդի չափերի մեծացում և ստեատոզ, այսինքն ճարպակալում, պացիենտին տեղյակ պահելիս ասում են, դե գիտենք դրա մասին, դա շատ վաղուց է, մեզ չի անհանգստացնում։ Իրականում լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը կարող է լինել շատ վտանգավոր հատկապես մեր իրականության մեջ և տղամարդկանց շրջանում, երբ էդ այսպես կոչված ուտել–խմելու երևույթը շարունակական բնույթ է կրում, և անընդհատ էդ ածխաջրային ճարպային սնունդը բերում է լյարդի շարունակական վնասման և այդ շարունակական վնասման արդյունքում արդեն ոչ միայն ճարպերի կուտակում է տեղի ունենում հեպատոցիտներում, այլև արդեն առաջանում է բորբոքում, ստեատոհեպատիտ, որի հաջորդ փուլը ֆիբրոզն է, ցիրոզն է, ընդհուպ մինչև լյարդի քաղցկեղի առաջացում», – ասում է նա։

Մասնագետի խոսքով՝ լյարդի ճարպակալումը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Բուժումը հիմնականում ենթադրում է ապրելակերպի փոփոխություն։ Հիվանդության վաղ փուլերում, երբ առկա է միայն ճարպի կուտակում կամ լյարդի թեթև բորբոքում, այդ պրոցեսները անդառնալի չեն։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե 5–10 տոկոս ընդհանուր մարմնի զանգվածը նվազում է, այդ դեպքում լյարդի բջիջները կարող են վերականգնվել, իսկ ավելի ուշ փուլերում, երբ կա ֆիբրոզ, կա զիռոզ, բնականաբար արդեն այստեղ անհրաժեշտ է հեպատոլոգի հսկողություն և դեղորայքային բուժում։ Այսինքն, հիմնական խնդիրը ճիշտ ապրելակերպն է՝ ֆիզիկական ակտիվությունը, ճիշտ սննդակարգը, և ճիշտ ժամերին սնվելը», – նշում է Աննա Խաչատրյանը։

Լյարդի ճարպակալման ախտանշանները ոչ սպեցիֆիկ են՝ մարդը կարող է զգալ ընդհանուր հոգնածություն, թուլություն, որովայնի շրջանում դիսկոմֆորտ, երբեմն ծանրության զգացողություն կամ բութ ցավ՝ աջ թուլակողում։ Հաճախ մարդիկ այս ախտանշանները անտեսում են, և դիմում են բժշկի ուշ փուլերում, երբ արդեն զարգանում է հեպատիտ։

Այս հիվանդության ախտորոշման հիմնական մեթոդներն են սոնոգրաֆիկ և լաբորատոր հետազոտությունները, ավելի ուշ փուլերում՝ բիոպսիան։  Կիրառվում է նաև նոր ժամանակակից մեթոդ՝ լյարդի էլաստոգրաֆիա։

«Էլաստոգրաֆիան դա անվնաս, բավականին մատչելի և ինֆորմատիվ մեթոդ է, քանի որ թույլ է տալիս որոշել  լյարդի ֆիբրոզի աստիճանը և կանխել հետագա ցիրոզի զարգացումը։

Նշեմ, որ Նաիրի բժշկական կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորումով, որը մեզ թույլ է տալիս որոշել ոչ միայն ֆիբրոզի աստիճանը, այլ կատարել լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն։ Մենք կարողանում ենք համադրել միմյանց հետ սոնոգրաֆիկ հետազոտությունը, որով գնահատում ենք լյարդի չափերը, անոթների վիճակը, համադրվում է լյարդի էլաստոգրաֆիան, որով գնահատում ենք ֆիբրոզը, և կարողանում ենք գնահատել լյարդի ճարպակալման աստիճանը՝ ստեատոզը։

Բոլոր այն դեպքերում երբ կա մարմնի քաշի ավելացում, գիրացում, սոնոգրաֆիկ հետազոտության ընթացքում հայտնաբերվել է լյարդի չափերի մեծացում և ճարպակալում, լաբորատոր ցուցանիշները ցույց են տալիս լյարդի ֆերմենտների փոփոխություններ, ինչպես նաև այն դեպքերում, երբ կան վիրուսային հեպատիտներ, կա արդեն ախտորոշված ֆիբրոզ և ցիռոզ, ցուցված է կատարել լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն։

Հետազոտությունը կատարվում է առավոտյան ժամերին, քաղցած վիճակում, մինչև հետազոտությունը ցանկալի է մի քանի օր չօգտագործել ալկոհոլ և ճարպոտ սննդամթերք, և հետազոտության նախորդ օրը պետք է սնվել մինչև ժամը յոթը», – ասում է նա։

Էլաստոգրաֆիան կատարվում է ոչ միայն ախտորոշիչ նպատակով, այլև բուժումից հետո, թերապիայի արդյունավետությունը գնահատելու համար։

Բժիշկը խորհուրդ է տալիս լյարդի ցանկացած փոփոխության դեպքում չհապաղել եւ համալիր հետազոտություն անցնել։ Ժամանակակից բժշկական սարքավորումներն ու ախտորոշիչ մեթոդները, մասնավորապես՝ էլաստոգրաֆիան, լյարդի հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման հնարավորություն են տալիս, ինչը կարեւոր է վաղ փուլում բուժում սկսելու եւ հետագա բարդությունները կանխելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել