• Latest news

Հայտնաբերվել է ծերացման ընթացքում շարժողական ունակությունները պահպանող առանցքային սպիտակուց

29 մայիսի, 2024  22:42

Շվեյցարիայի Լոզանի Դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների անցկացված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ պտղաճանճերի շրջանում տարիքով պայմանավորված շարժողական ունակությունների նվազման դեմ կարելի է պայքարել երեք սպիտակուցների արտահայտման ուժգնացման միջոցով, ինչը հնարավորություն է ընձեռում մշակել տարիքին առնչվող շարժողական ակտիվության անկման բուժման հնարավոր եղանակներ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports հանդեսում:

Տարիքի հետ մեր շարժողական ունակությունները նկատելիորեն նվազում են, ինչն իր հերթին անդրադառնում է մեր կյանքի որակի և անկախության վրա: Դա կարող է պայմանավորված լինել նեյրոմկանային հանգույցներում տեղի ունեցող փոփոխությունների հետ՝ այն կրիտիկական կետերում, որտեղ նյարդային բջիջները փոխազդում են մկանների հետ:

Շարժողական ունակությունների վատթարացումը սերտորեն կապված է մոտորային սինապտիկ վերջավորությունների այլասերման հետ, որոնք ազդանշաններ են փոխանցում ողնաշարի նյարդերից դեպի մկանները։

Տարիքի հետ այս վերջավորությունները ենթարկվում են կառուցվածքային հատվածավորման, ինչը նվազեցնում է նեյրոհաղորդիչների արտադրությունը, որոնք կարևոր են մկանային շարժումներ անելու համար: Ի վերջո, դա հանգեցնում է շարժողական գործունեության նվազմանը, հատկապես լարված շարժումներ կատարելիս:

Ներկայում Բրայան Մաքքեյբի գլխավորած խմբի հետազոտությունը դա կանխելու հնարավոր միջոց է հայտնաբերել: Հետազոտությունը ցույց է տվել, որ սինապսի կառուցվածքը կարգավորող Trio սպիտակուցի քանակը ծերացող պտղաճանճերի (Drosophila melanogaster) մեջ նվազում է, ինչը հանգեցնում է շարժողական ունակությունների նվազմանը:

Սակայն Trio սպիտակուցի քանակի ավելացումը պահպանում է շարժիչային սինապսների ամբողջականությունը և դանդաղեցնում շարժողական գործունեության վատթարացումը:

Գիտնականների թիմն առաջին անգամ բացահայտել է, որ Trio-ի մակարդակը շարժողական սինապսներում տարիքի հետ նվազում է: Ելնելով դրանից՝ հետազոտողները կենտրոնացել են Trio սպիտակուցի ազդեցության վրա՝ գենետիկորեն մեծացնելով դրա արտահայտությունը ծերացող պտղաճանճերի մեջ: Դա նրանց հնարավորություն է ընձեռել ուսումնասիրել՝ ինչպես է սպիտակուցի մակարդակն ազդում նյարդամկանային հանգույցների կառուցվածքային և ֆունկցիոնալ կայունության վրա:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Trio սպիտակուցի գործողության ուժգնացումը կարող է կայունացնել սինապտիկ ճարտարապետությունը, իսկ դա  նշանակում է, որ տարիքի հետ շարժողական ունակությունների նվազումը հնարավոր է մեղմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել