Կոնգոյի Դեմոկրատական և հարևան աֆրիկյան երկրներում կապկածաղկի (mpox) վարակի տարածման պատճառով ԱՀԿ-ն բռնկումը միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջության արտակարգ իրավիճակ է հայտարարել, հայտնում է Euronews-ը։
Ըստ փորձագետների՝ ԱՀԿ-ի այս շաբաթվա որոշումը, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի կապկածաղկի մասին իրազեկությունը և կսաստկացնի վիրուսի տարածման դեմ պայքարի ջանքերը:
Mpox-ի հարուցիչը փոքսվիրուսների ընտանիքին պատկանող վիրուս է։ Այն առաջին անգամ առանձնացվել է 1958 թվականին հետազոտությունների համար օգտագործվող կապիկներից:
Մարդկանց շրջանում mpox-ով հիվանդացության առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին ներկայիս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Ներկայում վիրուսի առկայությունը բնորոշ է կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի երկրներին։ 2022 թվականին վիրուսը կապկածաղկի համաշխարհային բռնկման պատճառ դարձավ։ Վիրուսը հասել է նաև Եվրոպա։
Վիրուսն ունի երկու ենթատեսակ՝ «կլադ I» և «կլադ II»։ Ներկայում աֆրիկյան տարածաշրջաններում դիտվում է կլադի I-ի բռնկում: Այդ դեպքում հիվանդությունն ավելի ծանր է ընթանում։
Ներկայում առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան հատվածում և աֆրիկյան որոշ այլ երկրներում հայտնված նոր շտամը՝ «կլադ Ib»-ն: Այն կարող է փոխանցվել սեռական ճանապարհով։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Աֆրիկայի կենտրոնը (Africa CDC), որը ևս այս շաբաթ հանրային առողջապահության արտակարգ դրություն հայտարարեց, հայտնեց, որ մայրցամաքում mpox դեպքերի թիվը գերազանցել է 17 հազարը, որոնց մեծ մասը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում է: Նշվում է, որ գյուղական վայրերում բնակչության թեստավորումը սահմանափակ է, ուստի դեպքերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քան պաշտոնական հաշվետվություններում։
Աֆրիկայի CDC-ի տվյալներով՝ հիվանդությունից ավելի քան 500 մարդ է մահացել: Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։
Համաճարակից տուժել են աԱռնվազն 13 աֆրիկյան երկրներ, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ մինչև վերջերս կապկածաղկի դեպքեր չէին գրանցվել: Խոսքը Բուրունդիի, Քենիայի, Ռուանդայի և Ուգանդայի մասին է։
Հինգշաբթի օրը Աֆրիկայի սահմաններից դուրս կապկածաղկի առաջին դեպքը արձանագրվեց Շվեդիայում: Ստոկհոլմը պարզաբանել է, որ բուժում անցնող հիվանդը վարակվել է Աֆրիկայում։
Ինչպես նշում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC), կապկածաղկով հիվանդ մարդկանց վրա հաճախ ցան է առաջանում: Այն կարող է հայտնվել ձեռքերին, ոտքերին, կրծքավանդակնի, դեմքին, բերանին կամ սեռական օրգանների վրա»: Ցանը կարող է անցնել տարբեր փուլերով և պզուկների կամ բշտիկների նմանվել:
Մյուս ախտանիշները կարող են ներառել տենդ, գլխացավ, դող, ֆիզիկական թուլություն, ավշային հանգույցների մեծացում, մկանային ցավ կամ մեջքի ցավ և/կամ շնչադիմակային ախտանիշներ:
ԱՀԿ-ի՝ այս շաբաթվա սկզբին հրապարակած զեկույցում ասվում է, որ ամենահաճախ գրանցված ախտանիշը ցանն է, որին հաջորդում է տենդը:
Վիրուսը կարող է տարածվել վարակված վայրի կենդանիների հետ անմիջական շփման կամ վարակված անձի հետ սերտ շփման միջոցով, ներառյալ սեռական շփումը, որն ամբողջ աշխարհում վիրուսի փոխանցման ամենատարածված ձևն է։
Մասնավորապես, «կլադ II» վիրուսի տարածումը պայմանավորված է եղել սեռական շփումներով, հիմնականում տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանց շրջանում:
«Սա դրական պատասխան է, քանի որ դա կհանգեցնի կառավարության ուժեղ գործողությունների», - ասում է Էդինբուրգի համալսարանի կենսաբժշկության կենտրոնի գիտաշխատող Խայմե Գարսիա-Իգլեսիասը:
Նա նշեց, որ Աֆրիկայում բռնկմանը նպաստել է ախտորոշման միջոցների և պատվաստանյութերի պակասը:
«ԱՀԿ-ի հռչակագիրը կարևոր է, քանի որ այն խթանում է ջանքերը: Դա կառավարություններին կստիպի գործել», - նշել է Գարսիա-Իգլեսիասը՝ հավելելով, որ երկրները պետք է ֆինանսավորեն բժշկական հետազոտությունները, ավելի շատ ախտորոշիչ միջոցառումներ անցկացնեն և բնակչությանն ավելի լավ տեղեկացնեն վիրուսի և դրա հետևանքների մասին: Ըստ Խայմե Գարսիա-Իգլեսիասի՝բոլոր կողմերը պետք է նոր ճգնաժամի պատրաստվեն:
Կառավարությունները պետք է այժմ համագործակցեն հասարակական կազմակերպությունների և համայնքների ղեկավարների հետ, եթե անհրաժեշտ լինի նրանց մոբիլիզացնել՝ հիվանդության դեմ պայքարելու արդյունավետ եղանակներ մշակելու համար: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, հատկապես սեռական առողջության ոլորտում, եթե հայտնաբերվի, որ փոխանցումը տեղի է ունենում սեռական շփման միջոցով: Մենք դա դեռ չգիտենք։
Էդինբուրգի համալսարանի կենսաբժշկության կենտրոնի գիտաշխատող Խայմե Գարսիա-Իգլեսիասն ասում է. «Երկու տարի առաջ սեռական առողջության կլինիկաները տապալման եզրին էին, և մենք ականատես եղանք սեռական առողջության հիմնական ծառայությունների մատուցման հսկայական կրճատումների, ինչպիսին է PrEP-ը (ՄԻԱՎ-ի կանխարգելման համար) Մեծ Բրիտանիայում»,- հավելում է նա։
Փորձագետները երկրներին պատվաստանյութեր կուտակելու փոխարեն, ինչպես դա եղել է COVID-19 համավարակի ժամանակ, կոչ են արել համաճարակի բռնկմանը արձագանքել համաշխարհային մասշտաբով: ԱՀԿ-ի տվյալներով՝ կապկածաղկի բուժման համար օգտագործվում են երկու գոյություն ունեցող պատվաստանյութեր, և դրանց հասանելիությունն անհրաժեշտ է ընդլայնել։
«Աֆրիկայի որոշ մասերում դեպքերի ներկայիս աճը, որը զուգորդվում է սեռական ճանապարհով փոխանցվող կապկածաղկի վիրուսի նոր շտամի տարածմամբ, արտակարգ իրավիճակ է ոչ միայն Աֆրիկայի, այլև ամբողջ աշխարհի համար», - ասում է վարակիչ հիվանդությունների նիգերիացի փորձագետ Դիմի Օգոինան:
«Աֆրիկայում բռնկված կապկածաղկն այնտեղ մոռացության մատնվեց, իսկ հետո 2022 թվականին համաշխարհային բռնկման պատճառ դարձավ։ Ժամանակն է վճռականորեն գործելու, եթե չենք ուզում, որ պատմությունը կրկնվի»,- հավելել է Օգոինան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day