• Latest news

Երեխաների հոգեբանական զարգացման խնդիրներ. Ի՞նչ պետք է իմանալ դրանց մասին

20 սեպտեմբերի, 2024  16:26

Երեխաների հոգեբանական զարգացման խնդիրները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ բժշկական խնդիրներ, զարգացման խնդիրներ և հուզական խնդիրներ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց հատուկ հոգեբան, iLs-թերապևտ Լիլիթ Գաբրիելյանը։

Նրա խոսքով, այսօր նախադպրոցական տարիքի երեխաները ամենից հաճախ ունենում են հիպերակտիվություն և կենտրոնացման խնդիրներ (ADHD), ինչպես նաև տարբեր վախեր։ 21-րդ դարում տարածված են նաեւ աուտիզմի սպեկտրի խանգարումները, խոսքի հետ կապված խնդիրները, որոնք նախադպրոցական տարիքում լուրջ խնդիրներ են առաջացնում։

Երեխայի հոգեբանական զարգացման կարեւոր գործոնը, ըստ մասնագետի, այն միջավայրն է, որտեղ նա շատ ժամանակ է անցկացնում՝ ընտանիք, միջավայր, մանկապարտեզ։ Այս բոլոր գործոնները կարող են  ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ երեխայի զարգացման վրա: Հեռախոսները, պլանշետները և այլ գաջեթները սովորաբար բացասաբար են ազդում երեխայի զարգացման վրա, հատկապես, եթե ծնողները չափազանց զբաղված են և ամբողջ օրն անցկացնում են էկրանի առաջ և բավարար ուշադրություն չեն դարձնում երեխային։

«Ծնողները կարծում են, որ եթե երեխային տրամադրում են տարբեր ուսուցողական խաղեր և դրանով հեռացնում էկրանից, դա կնպաստի նրա հոգեբանական զարգացմանը։ Սակայն ծնողների կողմից երեխային հատկացված ժամանակը շատ ավելի կնպաստի դրան՝ օրական առնվազն 30 րոպե»։

Մասնագետի կարծիքով՝ իմաստ չունի փորձել երեխային արգելել գաջեթներ օգտագործել. 21-րդ դարում դա գրեթե անհնար է։ Բայց կարևոր է, որ երեխան մենակ չմնա գաջեթների կամ նույնիսկ մուլտֆիլմերի հետ՝ ծնողները պետք է շփվեն իրենց երեխաների հետ, բացատրեն, թե ինչ են տեսնում և այլն։ Հակառակ դեպքում, մասնագետի խոսքով, երեխաները կարող են խնդիրներ ունենալ։

Գաբրիելյանը նաև նշեց, որ շատ ծնողներ չեն ցանկանում խոստովանել իրենց երեխայի մոտ հոգեբանական խնդրի առկայությունը, հատկապես, եթե խոսքը աուտիզմի սպեկտրի խանգարումների մասին է, և դա ավելի է բարդացնում իրավիճակը։ Բայց երբ ծնողներն ընդունում են դա, խնդրի լուծումը դառնում է նկատելիորեն ավելի հեշտ և արդյունավետ:

Հոգեբանական զարգացման խնդրի առաջին հնարավոր նշանները պետք է հայտնաբերվեն կլինիկայում մանկաբույժի կողմից, որն այնուհետ պետք է երեխային ուղղորդի նյարդաբանի մոտ: Եթե ​​այս հղումը արդյունավետ աշխատի, ապա խնդիրն ավելի հեշտ կլինի լուծել։

Մասնագետը պարզաբանեց, որ այսօր աուտիզմը հայտնաբերվում է մեկ տարեկանից, մինչդեռ նախկինում այդ շեմը համարվում էր երկու տարեկանը։

«Սա պայմանավորված է նրանով, որ այսօր երեխաներն ավելի արագ են զարգանում և ավելի արագ են արձագանքում շրջակա միջավայրին: Հնարավոր հոգեբանական խնդրի նախանշաններ կարող են լինել երեխայի անտարբերությունը շրջապատում կատարվողի նկատմամբ, տեսողական կոնտակտի բացակայությունը, իր անվանն արձագանքը, լռությունը»,- նշեց հոգեբանը։

Մասնագետը հավելեց, որ, ցավոք, Հայաստանում մասնավոր հոգեբանի ծառայությունները բավականին թանկ են, և ոչ բոլորը կարող են դրանք իրենց թույլ տալ։

«Միաժամանակ Հայաստանում կան կենտրոններ, որտեղ երեխաներին կարելի է անվճար սպասարկել։ Բայց նույնիսկ այստեղ կան երկար հերթերի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են տեւել 3-4 ամիս»,- նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ շատ կարեւոր է մասնավոր մասնագետների ծառայությունների հասանելիության բարձրացումը, քանի որ դա մեծացնում է խնդիրների լուծման արդյունավետությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll