Սրտի կաթվածի ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է կանոնավոր վարժություններ կատարել, հոգնածությունից առաջ գնալ քնելու, պարբերաբար ծոմ պահել և առողջ սնվել:
Սակայն առողջ ապրելակերպի երկարաժամկետ օգուտները քաղելու և մոտիվացված մնալու համար կարելի է շաբաթական մի քանի անգամ խսխտել սննդակարգը:
Դրա մասին Daily Mail-ին պատմել է ամերիկացի թերապևտ Սանդիփ Պատելը։
Բժիշկը պարզաբանել է, որ շաբաթական 5 անգամ կես ժամանոց վարժությունն օգնում է սիրտն առողջ պահպանել։ Սրտամկանի ինֆարկտից պաշտպանվելու մեկ այլ արդյունավետ սովորություն է պարբերական (ընդհատվող) ծոմապահությունը՝ սնվելու համար հատկացված ժամանակահատվածը հաջորդաբար փոխարինելով սոված մնալու ժամանակահատվածի հետ:
Ոչ պակաս կարևոր է քնի ժամանակացույցի պահպանումն ու նախքան անչափ հոգնելը քնելու գնալը: Ըստ Պատելի՝ լավ որակի քունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսին են սրտի ռիթմերը և արյան ճնշումը:
Բժիշկը սրտանոթային համակարգի առողջության առանցքային գործոն է համարում առողջ սննդակարգը։ Նա նշում է, որ կարևոր է վերահսկել սպիտակուցի, բանջարեղենի, հացահատիկի, յուղոտ ձկան, ջրի և սուրճի օգտագործումը:
Ընդսմին, Պատելը խորհուրդ չի տալիս սննդակարգում չափազանց խիստ սահմանափակումներ մտցնել. հանգստյան օրերին կարելի է մի երկու բաժակ գինի կամ գարեջուր խմել չիփսով: Միևնույն ժամանակ կարիք չկա լիովին հրաժարվել արագ սննդից՝ ամիսը մի քանի անգամ պիցցա ուտելը ոչ միայն չի վնասի ձեր սրտին, այլ նաև կօգնի պահպանել առողջ ապրելակերպի կանոններին հետևելու մոտիվացիան։
Միակ վատ սովորությունը, որից բժիշկը խորհուրդ է տալիս մեկընդմիշտ ձերբազատվել, ծխելն է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day