Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման և ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորություններն այսօր առկա են Հայաստանում։ Նաիրի ԲԿ–ում հասանելի են բոլոր հայտնի ռադիոլոգիական եւ լաբորատոր հետազոտությունները։
Կրծքագեղձի ռենտգեն մամոգրաֆիկ եւ ուլտրաձայնային հետազոտությունները համարվում են սկրինինգային։ Այսինքն, դրանք հետազոտություններ են, որոնք որոշակի տարիքից անհրաժեշտ է անցնել հստակ պարբերականությամբ, նույնիսկ եթե չկա որևէ ախտանշան։ Եվ դա հնարավորություն է տալիս քաղցկեղը հայտնաբերել վաղ փուլերում, երբ այն լիովին բուժելի է։
«Սկրինինգային մամոգրաֆիան իրականացվում է 40 տարեկանից սկսած, 40-44 տարիքային խմբում երկու տարին մեկ անգամ, 44–54 տարիքային խմբում յուրաքանչյուր տարին մեկ անգամ, 54 տարեկանից բարձր կանանց շրջանակում երկու տարին մեկ անգամ։
Ուլտրաձայնային հետազոտությունը ցուցված է բոլոր տարիքային խմբում գտնվող կանանց շրջանակում», -ասում է «Նաիրի» ԲԿ ռադիոլոգ Անի Ղաբուզյանը։
Երիտասարդ կանանց մամոգրաֆիան ցուցված չէ այն պատճառով, որ նրանք ունեն խիտ կրծքագեղձ, և դա նվազեցնում է մամոգրաֆիկ հետազոտության ինֆորմատիվությունը։ Բայց եթե ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվում է կասկածելի գոյացություն, կամ որևէ օջախ, այդ պարագայում անպայման կատարվում է մամոգրաֆիկ հետազոտություն՝ ախտորոշումը հաստատելու համար։
«Մամոգրաֆիան և սոնոգրաֆիան համարվում են մեկը մյուսին լրացնող հետազոտություններ, քանի որ որոշ պարագաներում, երբ որ մամոգրաֆիկ հայտնաբերում ենք գոյացություններ, մենք դա ավելի մանրամասն հետազոտում են ուլտրաձայնային հետազոտությամբ, որով և տարբերակվում է՝ հայտնաբերված գոյացությունը հեղուկային է, թե հյուսվածքային», – ասում է նա։
Ռադիոլոգիական մեկ այլ մեթոդ՝ մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիան, որպես սկրինինգային հետազոտություն ցուցված է միայն այն կանանց, ովքեր ունեն ժառանգական նախահակվածություն։ Մնացած դեպքերում ՄՌՏ–ն կիրառվում է ուռուցքի չափերի և տարածվածության ավելի ճշգրիտ բնութագիր ստանալու համար։ Այն կատարվում է կոնտրաստային նյութի ներարկումով և համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ամենաինֆորմատիվ մեթոդը։
«Սկրինինգային համարվում է այն կանանաց համար, ովքեր ունեն ծանրաբեռնված ժառանգականություն։ Որն է համարվում ծանրաբեռնված ժառանգականություն, դա այն դեպքերն են, երբ առկա է մոր, մորաքրոջ, և մոտ հարազատների մոտ կրծքագեղձի քաղցկեղ։ Այդ կանանց ցուցված է կրծքագեղձի ՄՌՏ հետազոտություն անկախ իրենց տարիքից սկսած 25 տարեկանից։
ՄՌՏ հետազոտության հիմնական նպատակներից է նաև ախտորոշված քաղցկեղների դեպքում գնահատել կրծքագեղձի քաղցկեղի չափսը, գոյացությունների քանակը, ինչպես նաև տարածվածությունը։
Երբեմն ՄՌՏ կարելի է համարել որպես լրահետազոտություն կրծքագեղձի մամոգրաֆիայից և ուլտրաձայնային հետազոտությունից հետո։ Եվ կարևոր է հիշել, որ ՄՌՏ չի փոխարինում մամոգրաֆիային ու ուլտրաձայնային հետազոտությանը։
ՄՌՏ ունի շատ քիչ հակացուցումներ՝ դրանցից առաջինը վախ փակ տարածքից, մետաղական կոնստրուկցիաների կամ մետաղական իրերի առկայություն օրգանիզմում, և հղի կանայք», – պարզաբանում է «Նաիրի» ԲԿ ռադիոլոգ Հարութ Շաբուրյանը։
Կոմպյուտերային տոմոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման առաջնային մեթոդ չի համարվում, բայց այն շատ կարեւոր է մետաստատիկ քաղցկեղի դեպքում, երբ անհրաժեշտ է հայտնաբերել քաղցկեղի երկրորդային օջախները։
«Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին ցուցված է ԿՏ հետազոտություն լոկ այն պատճառով, որ փնտրում ենք մետաստատիկ օջախներ տարբեր օրգան համակարգերում՝ գլխից, թոքերից, որովայնի խոռոչի օրգաններից և ոսկրերից սկսած», – պարզաբանում է «Նաիրի» ԲԿ ռադիոլոգ Նելլի Համբարձումյանը։
Քաղցկեղի ախտորոշումը կարելի է վերջնական համարել միայն հյուսվածքաբանական հետազոտության պատասխանը ստանալուց հետո։ Դրա համար բոլոր անհրաժեշտ ռադիոլոգիական հետազոտություններից հետո անպայման կատարվում է կրծքագեղձի գոյացության բիոպսիա՝ սոնոգրաֆիայի կամ մամոգրաֆիայի հսկողությամբ։
«Գոյություն ունեն կրծքագեղձի քաղցկեղի բիոպսիայի 3 հիմնական տեսակ։
Պունկցիոն բիոպսիան հիմնականում իրականացվում է կիստաների հետազոտության կամ կիստաների ասպիրացիայի նպատակով։ Տրեպան բիոպսիան իրականացվում է ավելի մեծ ասեղով, տեղային անզգայացումով, և հիմնական նպատակը ստանալ կրծագեղձից հյուսվածք։ Ստերեոտակտիկ վակուումային բիոպսիան իրականացվում է ռենտգեն մամոգրաֆիայի հսկողության տակ, հիմնականում օգտագործովում է, երբ ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր չէ կատարել բիոպսիան։
Երբեմն նաև վիրաբուժական բիոպսիայի տեսակ՝ էքսցիզիոն բիոպսիա։ Էքսցիզիոն բիոպսիան կատարվում է վիրաբույժների կողմից, ընդհանուր անզգայացման տակ, հիմնականում կատարվում է այն ժամանակ, երբ որ ռադիոլոգիական հետազոտությունների միջոցով և հսկողությամբ հնարավոր չէ կատարել այդ բիոպսիան», – ասում է Շաբուրյանը։
Հարութ Շաբուրյանի խոսքով՝ «Նաիրի» բժշկական կենտրոնը համալրված է բոլոր անհրաժեշտ ռադիոլոգիական սարքավորումներով և լաբորատոր հզորություններով, կրծքագեղձի քաղցկեղը ճշգրիտ ախտորոշելու համար։ Կենտրոնում առկա են ժամանակակից մամոգրաֆ, ԿՏ, և 1.5 եւ 3 տեսլա հզորությամբ ՄՌՏ սարքեր։ Կենտրոնի բժիշկները հիշեցնում են, որ հոկտեմբերը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման մասին, և հորդորում անպայման անցնել սկրինինգային հետազոտություն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day