• Latest news

Արեւմտյան Նեղոսի եւ արեւադարձային այլ տենդեր. ինչի՞ սպասել. հարցազրույց Հովակիմ Զաքարյանի հետ

23 հոկտեմբերի, 2024  12:30

Բոլոր վարակները, անկախ այն բանից՝ հանդիսանում են արդյոք վիրուսային, բակտերիոլոգիական, թե որեւէ այլ պաթոգենային ծագման, փոխանցվում են վեկտորներով, այսինքն՝ նրանց միջոցով, որոնք դրանք փոխանցում են։ Դրանց հայտնվելը Հայաստանում ուղիղ կախված է այն բանից, թե կկարողանա արդյոք այդ վեկտորը հասնել Հայաստան, թե ոչ։ Երբ մենք խոսում ենք Դենգեի կամ այլ ֆլավիվիրուսների մասին, այդ թվում Արեւմտյան Նեղոսի վիրուսի, ապա վիրուսների այդ խումբը փոխանցվում է մի քանի տեսակի մոծակների միջոցով։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայի վարիչ, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը։

Նա նշել է, որ մոծակների որոշ տեսակներ, որոնք փոխանցում են Արեւմտյան Նեղոսի վիրուսը, Հայաստանում նույնպես հանդիպում են։

Կան մարզեր, որտեղ դրանց պոպուլյացիան գերիշխում է, ուստի զարմանալի չէ, որ հնարավոր են դարձել վարակները նաեւ մեզ մոտ։

Ինչպե՞ս են տարածվում արեւադարձային տենդերը։

Օրինակ, Դենգեն փոխանցվում է մոծակի բոլորովին այլ տեսակի կողմից, որը Հայաստանում նկարագրված չէ։ Բայց արդյո՞ք այն Հայաստանում կլինի ապագայում։ Բարձր է այն հավանականությունը, որ կլինի։ Երբ գոյություն ունեն նպաստավոր կենսակլիմայական պայմաններ, ջերմություն եւ խոնավություն, մոծակները վաղ թե ուշ ի հայտ կգան։ Դրանք պատահականորեն էլ կարող են հասնել Հայաստան, տարածվել եւ ինչ-որ պահից սկսել վարակել մարդկանց վիրուսով։

Արդյո՞ք նշանակում են վերջերս գրանցված Արեւմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերը, որ նախկինում այդ վիրուսները չկային։ Ոչ ոք դա ասել չի կարող։ Համապատասխան կառույցները կարող են ասել միայն այն, որ անցյալում դրանք չեն ախտորոշվել։

Արեւմտյան Նեղոսի վիրուսի տարածման ամենահավանական սցենարը թռչունների միջոցով տարածումն է։ Այդ վիրուսները հիմնականում բազմանում են ամենատարբեր թռչունների օրգանիզմներում։

Գաղտնիք չէ, որ Հայաստանը խաչմերուկ է չվող թռչունների համար, եւ նրանցից շատերը, որոնք գալիս են նաեւ Աֆրիկայից, կանգ են առնում Հայաստանում։ Այդ դեպքում դրանք կարող են իրենց հետ բերել նաեւ վիրուսներ, որոնք հանդիպում են Աֆրիկայում ապրող թռչունների շրջանում։

Եթե կա նաեւ վիրուսը փոխանցող մոծակը, որը կարող է խայթել թռչունին, վերցնել վիրուսն ու փոխանցել մարդուն, ապա դա կբարձրացնի վիրուսի տարածման հավանականությունը։

Եթե Արեւմտյան Նեղոսի վիրուսը մարդը բերեր, ապա նման տարածում չէր լինի։ Մենք տեսանք, որ մեկ ամսվա ընթացքում հիվանդության դեպքերի թիվն ավելացավ բավական արագ։

Ընդ որում, եթե մոծակը խայթի հիվանդ մարդուն, իսկ հետո առողջին, ապա միջատը վիրուսը չի փոխանցի առողջ մարդուն։

Պատճառն այն է, որ մարդն ամենանպաստավոր օրգանիզմը չէ այդ վիրուսի բազմացման համար։ Վիրուսը մարդու մեջ բազմանում է ոչ այնքան ինտենսիվորեն, որպեսզի վիրուսի մասնիկը արյան մեջ այնքան շատ լինի, որ մոծակի խայթոցի ժամանակ հնարավոր լինի փոխանցել այն մեկ այլ մարդու։

Արեւմտյան Նեղոսի վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն հազվադեպ է, եւ դա հնարավոր է պատահական կերպով, օրինակ՝ արյան փոխներարկման կամ օրգանի փոխպատվաստման դեպքում։ Օդակաթիլային կամ շփման միջոցով այս վիրուսի տարածումը անհնար է։ Հետեւաբար, չի կարելի ասել, թե Հայաստան է եկել վարակված մարդ եւ շփման միջոցով տարածել է վիրուսը։

Ամենահավանական սցենարը. Հայաստանում կա վիրուսը կրող մոծակների որոշակի պոպուլյացիա։

Համաճարակը կամ համավարակը կախված է այն բանից, թե որքան հեշտությամբ վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն եւ ինչ արագությամբ։ Տեղին չէ խոսել գլոբալ համավարակի ռիսկերի մասին այս վիրուսի պարագայում։ Այս վիրուսի մասին հայտնի է առնվազն 50 տարի, բայց հիվանդությունը համավարակի չի վերաճել։

Խոսքը կարող է վերաբերել տեղային սեզոնային բռնկումներին, ինչը կապված է մոծակների հետ, որոնց ակտիվությունը Հայաստանում սահմանափակ է եւ կրում է սեզոնային բնույթ։ Սեպտեմբերի վերջից, երբ եղանակը ցրտում է, մոծակները քչանում են։

Մոծակները կարող են հանդիպել որոշակի ջրատարներում, խոնավ տեղերում։ Բնականաբար, այդ տեղերում հավանականությունը, որ դրանց մեջ կարող են լինել նաեւ վիրուսների կրողներ, նույնպես ավելի մեծ է, քան մոծակների համար պակաս նպաստավոր վայրերում։ Երեւանում նույնպես հանդիպում են մոծակների նման տեսակներ։

Կարո՞ղ է արդյոք Արեւմտյան Նեղոսի վիրուսը սկսել փոխանցվել մարդուց մարդուն։

Երբեք մի ասա երբեք։ Խոսքը վիրուսների մասին է, որոնք ավելի շատ են հակված փոփոխությունների, քան, օրինակ, ԴՆԹ-վիրուսները։

Չի բացառվում, որ կարող է հայտնվել այնպիսի մուտանտ-վիրուս, որը կարող է փոխանցվել մարդուց մարդուն կամ վիրուսը կարող է ավելի ակտիվ բազմանալ մարդու օրգանիզմում, ինչը կմեծացնի մարդուց մարդուն մոծակի խայթոցի միջոցով փոխանցման հավանականությունը։

Այդ դեպքում իրավիճակն արմատապես կփոխվի։ Դա նման կլինի մալյարիայի, որը վիրուս չէ, բայց որից տառապում են միլիոնավոր մարդիկ եւ մահանում են։

Կարեւոր է նաեւ իմունային հիշողությունը, որը կարող է լինել թե՛ երկարաժամկետ, թե՛ կարճաժամկետ՝ կախված պաթոգենությունից։ Այնպիսի վիրուսներ, ինչպիսին է Արեւմտյան Նեղոսի վիրուսը, շատ արագ են փոխվում։ Հետեւաբար, իմունիտետը, որը ձեռք է բերվում վարակվելուց կամ պատվաստումից հետո, մի քանի տարի հետո կարող է արդեն ակտուալ չլինել, քանի որ օրգանիզմը չի կարողանա պայքարել փոփոխված վիրուսի դեմ։ Մարդը, որն առաջին անգամ է վարակվել եւ բոլորովին իմունիտետ չունի, ավելի վատ է պաշտպանված։

Պատվաստանյութերը

Ինչպես ցույց է տվել կորոնավիրուսի փորձը, այսօր տեխնոլոգիական առումով շատ արագ, 1-2 տարում, կարելի է ստեղծել արդյունավետ պատվաստանյութ նշված վիրուսների՝ Արեւմտյան Նեղոսի, Դենգեի եւ այլ արեւադարձային վիրուսների դեմ։

Արեւմտյան Նեղոսի վիրուսի դեմ պատվաստանյութ չկա, Դենգեի դեմ կա, բայց դրա արդյունավետությունը այնքան էլ բարձր չէ։

Բայց կարելի է ստեղծել պատվաստանյութեր։ Այդ դեպքում ինչո՞ւ դրանք չկան։ Որովհետեւ չկա վճարունակ զանգված, որը կստեղծի այն։

Քանի որ Արեւմտյան Նեղոսի, Դենգե, Դեղին տենդերը բնորոշ են աղքատ երկրներին, չկա նաեւ մեծ հետաքրքրվածություն պատվաստանյութ ստեղծելու հարցում, քանի որ կոմերցիոն տեսակետից դա շահեկան չէ դեղագործական ընկերությունների համար։

Փոքր երկրների դեպքում մենք բախվում ենք մեկ այլ դառը ճշմարտության՝ շուկան դեղագործական ընկերությունների համար ոչ միայն վճարունակ չէ, այլեւ փոքր է։

Այն հիվանդությունների դեմ պատվաստանյութեր ստեղծելը, որոնք զարգացած երկրներում ֆիքսվում են մի քանի հազար դեպքերի քանակության վրա, շահեկան չէ։ Դա կարող է տեղի ունենալ, եթե պետություններն իրենք միջոցներ հատկացնեն այդ ընկերություններին։ Պատվաստանյութերի բացակայությունը կապված է ոչ թե տեխնիկական պատճառների հետ, դրանք չկան տնտեսական նպատակահարմարության պատճառով։

Կանխարգելումը

Այդ վիրուսների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մոծակների դեմ պայքարն է։ Դա կարելի է անել տարբեր սփրեյների եւ ցանցերի կիրառման միջոցով։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, դա բավական արդյունավետ է։

Դա հատկապես ակտուալ է Հայաստանի այն շրջաններում, որտեղ Արեւմտյան Նեղոսի վիրուսը գրանցվել է, քանի որ մոծակները ոչ մի տեղ չեն անհետացել եւ կարող են այն փոխանցել հաջորդ սերունդներին։ Բացի այդ, չվող թռչունները կարող են վիրուսների նոր խումբ բերել։

Չեմ կարող մեկնաբանություններ անել Հայաստանի առողջապահության համակարգի պատրաստվածության մասին այդ վիրուսներին դիմակայելու հարցում, բայց նախորդ փորձությունն այնքան էլ արդյունավետ չդիմավորեցինք՝ հաշվի առնելով տխուր վիճակագրությունը։ Պատրաստվածություն նշանակում է  բավականաչափ քանակությամբ թեստերի ապահովում։ Չի բացառվում, որ մի քանի տարի հետո Հայաստանում գրանցվի 5 000-6 000 վարակման դեպք, այլ ոչ թե 50-60, ինչպես տեղի է ունենում այժմ։

Բացի այդ, շատ կարեւոր է վարակաբանների պատրաստումը նաեւ գիտելիքների տեսակետից, ինչպես նաեւ տեխնիկապես, որպեսզի կարելի լինի թուլացնել պոտենցիալ պացիենտների հիվանդության ընթացքը։

Ուղիղ հակավիրուսային դեղամիջոցների բացակայության դեպքում կազմակերպվում է սիմպտոմատիկ բուժում։  Ընդ որում, կարող են օգտագործվել լայն ընդգրկմամբ հակավիրուսային դեղամիջոցներ։

Ախտանշանները

Արեւմտյան Նեղոսի տենդի դեպքում հատուկ ախտանշաններ չկան։ Վարակվելու դեպքում կարող են առաջ գալ մկանային ցավեր, թուլություն, փսխում։ Վիրուսը հստակ կարելի է պարզել միայն լաբորատոր ճանապարհով։

Դեպքերի 70 տոկոսում հիվանդությունն անցնում է կամ լրիվ անախտանշան, կամ թույլ ախտանշաններով։

Ռիսկի գոտում են քրոնիկական հիվանդություններ ունեցողները, քանի որ այդ դեպքում իմունային համակարգն աշխատում է շեղումներով։ Ռիսկի տարիքային խմբային բաժանումներ երեխաների շրջանում չկան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll