• Latest news▼

Ինչո՞ւ է այդքան կարևոր թոքի քաղցկեղի հայտնաբերումը վաղ փուլերում

2 նոյեմբերի, 2024  11:24

Աշխարհում և Հայաստանում թոքի քաղցկեղը առաջատարն է և առաջնային դեպքերի քանակով, և մահացության ցուցանիշով1։

Նոր դեպքերի 75%-ը2 հայտնաբերվում են ուշ փուլերում, երբ բուժման արդյունավետությունը անհամեմատ ցածր է։

Հայտնի փաստ է, որ թոքի քաղցկեղի բուժումը կարող է արդյունավետ լինել այն դեպքում, երբ հայտնաբերվում է վաղ փուլերում։

Ի՞նչ է նշանակում ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՎԱՂ ՓՈՒԼ

Չարորակ նորագոյացության փուլը որոշվում է ուռուցքի չափով, տեղակայմամբ, մետաստազների առկայությամբ և ծավալով։ Թոքերի վաղ քաղցկեղը ներառում է I, II և որոշ դեպքերում III փուլերը: Այս դեպքերում ուռուցքը չի տարածվում կրծքավանդակի մյուս կեսի վրա, չի ներթափանցում ուրիշ օրգան-համակարքեր (չի մետաստազավորվում) և բուժման հիմնական մեթոդը` վիրահատությունն է3:

Ինչո՞ւ է այդքան կարևոր թոքի քաղցկեղի հայտնաբերումը վաղ փուլերում

Որքան շուտ հայտնաբերվի թոքի քաղցկեղը և սկսվի բուժումը, այնքան բարձր է լավ կանխատեսման հավանականությունը։ Թոքի քաղցկեղի վաղ փուլերում ախտորոշված և համապատասխան թերապիա ստացած պացիենտների 5-ամյա ապրելիության ցուցանիշը կարող է հասնել 90%-ի, իսկ ուշ փուլերում՝ թոքերի մետաստատիկ քաղցկեղի դեպքում կարող է լինել 6%-ից պակաս:

Թոքի քաղցկեղի II փուլի ախտորոշումից հետո 5 տարվա ընթացքում ռեցիդիվի (հիվանդության կրկնվելու) հավանականությունը կազմում է 62%, իսկ III փուլի՝ 76%5:

Հիշե՜ք․ Որքան շուտ սկսվի թոքի քաղցկեղի բուժումը, այնքան ավելի արդյունավետ կլինի այն:

Ինչո՞ւ է թոքի քաղցկեղը ավելի հաճախ հայտնաբերվում ուշ փուլերում

Թոքի քաղցկեղը երկար ժամանակ կարող է ընդհանրապես չունենալ որևէ ախտանշան 6,7։

Թոքի քաղցկեղի ախտանշանները սպեցիֆիկ չեն․ հազը, կրծքավանդակում ցավը, հևոցը, ընդհանուր թուլությունը կարող են զարգանալ բազմաթիվ հիվանդությունների և վիճակների ժամանակ։

Ովքե՞ր պետք է լինեն զգոն և չափազանց  ուշադիր իրենց առողջության նկատմամբ․

smokingxrayss286789925_1315780.jpg (24 KB)

  1. Ծխողները: Թոքի քաղցկեղը 80-85% դեպքերում զարգանում է ծխողների մոտ: Պասիվ ծխելը (այսինքն ներկա լինելը ծխողի կողքին և շնչելը այդ աղտոտված օդը) նույնպես հանդիսանում է ռիսկի գործոն։
  2. Թոքերի խրոնիկ հիվանդություն ունեցողները։
  3. Մարդիկ, որոնք ապրում են օդի չափազանց աղտոտվածությամբ տարածքներում։
  4. Մասնագետներ, որոնք աշխատանքի ընթացքում շփվում են վտանգավոր գործոնների հետ։ Ռադոնի, ասբեստի, մկնդեղի, քրոմի, ֆորմալդեհիդի, իոնացնող ճառագայթման, նիկելի, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների, օրգանական փոշու, վինիլքլորիդի հետ ռեգուլյար կոնտակտը, ածուխի և փայտի այրման արտադրանքների ներշնչումը շատ վտանգավոր է4։

Ինչպե՞ս հայտնաբերել թոքի քաղցկեղը վաղ փուլերում

low dose.jpg (215 KB)

Տարին մեկ անգամ կատարել ցածր չափաբաժիններով համակարգչային տոմոգրաֆիա8։

Այս մեթոդն ավելի արդյունավետ է, քան սովորական կրծքավանդակի ռենտգենը, և բժիշկներին թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքը վաղ փուլում:

Ո՞վ պետք է հետազոտվի

50-80 տարեկան մոլի ծխողները՝ 20-ից ավելի ծխելու ինդեքսով, ովքեր ներկայումս ծխում են կամ թողել են ծխելը վերջին 15 տարվա ընթացքում։

Ինչպե՞ս հաշվարկել ծխելու ինդեքսը.

Ծխելու ինդեքսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․

Օրվա ծխախոտի քանակը բազմապատկած ծխելու տևողությանը, բաժանած 20-ի։

Օրինակ՝ մարդը ծխում է 30 տարի օրեկան 25 ծխախոտ, ուրեմն

30x25/20=750/20= 37,5 ծխելու ինդեքսն է, որը 20-ից բարձր է, հետևաբար այս մարդը յուրաքանչյուր տարի պետք է անցնի ցածր դոզավորման համակարգչային տոմոգրաֆիա։

Շատ կարևոր է իմանալ, որ

  • հազի, հևոցի, ընդհանուր թուլության դեպքում պետք է դիմել բժշկի,
  • թոքի քաղցկեղը կարող է զարգանալ ոչ միայն տարեց ծխող մարդկանց մոտ, այլև երիտասարդ, չծխող անձանց մոտ։

Ի՞նչ անել, եթե համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ հայտնաբերվել են փոփոխություններ

Եթե հայտնաբերվում են կասկածելի օջախներ, անհրաժեշտ է դիմել ուռուցքաբանի։

Եթե հաստատվի թոքերի քաղցկեղի բարձր հավանականությունը, ապա կատարվում է բիոպսիա էնդոսկոպիայի ժամանակ կամ բարակ ասեղով՝ ուլտրաձայնային հսկողության ներքո։ Ուռուցքային հյուսվածքը վերցվում է մանրադիտակի տակ հետազոտության համար: Ախտորոշումը հաստատելուց հետո կատարվում է միասնական խորհրդատվություն ճառագայթաբանի, պաթոլոգի, ուռուցքաբանի, կրծքային վիրաբույժի մասնակցությամբ և որոշվում է պացիենտի հետագա վարման տակտիկան։

Ինչպե՞ս են բուժվում վաղ թոքի քաղցկեղով հիվանդները

Վաղ փուլերում թոքի քաղցկեղ ունեցող հիվանդների բուժման հիմնական մեթոդը վիրահատությունն է: Ցուցումների դեպքում բժիշկը կարող է դեղորայքային թերապիա նշանակել վիրահատությունից առաջ կամ հետո: Նման բուժումը կարող է նվազեցնել հիվանդության կրկնության հավանականությունը9:

Բժշկության հնարավորություններն անընդհատ ընդլայնվում են։ Մեր օրերում ռեցիդիվը կանխելու համար օգտագործվում են ոչ միայն քիմիաթերապիայի դեղամիջոցներ, այլև բուժման ամենաարդիական մեթոդները՝ թիրախային բուժումը և իմունոթերապիան։

conceptual-illustration-of-body-with-highlighted-lungs-and-target-on-them-qn8xp0rw8fr6tjld3beks7ni7c1sypptc24blvqeuw.jpg (20 KB)

Բուժումից հետո հիվանդը գտնվում է ուռուցքաբանի հսկողության տակ և պետք է պարբերաբար հետազոտվի։

Որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան ավելի արդյունավետ կլինի բուժումը:

Եթե դուք գտնվում եք ռիսկային խմբում կամ ունեք վերը նշված գանգատները, այցելեք ձեր բժշկին և կատարեք կանխարգելիչ հետազոտություններ։

 

Գրականություն

  1. International Agency for Research on Cancer. Source: Globocan 2020 [Электронный ресурс] https://gco.iarc.fr/today/data/factsheets/cancers/15–Lung-fact-sheet.pdf (дата обращения: 29.04.2022).
  2. Под ред. А.Д. Каприна, В.В. Старинского, А.О. Шахзадовой. Злокачественные новообразования в России в 2020 году (заболеваемость и смертность). М.: МНИОИ им. П.А. Герцена – филиал ФГБУ «НМИЦ радиологии» Минздрава России, 2021.
  3. Remon J., Soria J. C., Peters S. Early and locally advanced non-small-cell lung cancer: An update of the ESMO Clinical Practice Guidelines focusing on diagnosis, staging, systemic and local therapy. Annals of Oncology. 2021;32(12):1637–1642.
  4. Goldstraw P. et al. The IASLC lung cancer staging project: proposals for revision of the TNM stage groupings in the forthcoming (eighth) edition of the TNM classification for lung cancer. Journal of Thoracic Oncology. 2016;11(1):39–51.
  5. Pignon J-P. et al. Lung Adjuvant Cisplatin Evaluation: A Pooled Analysis by the LACE Collaborative Group. J Clin Oncol. 2008;26:3552–3559.
  6. Общероссийский национальный союз «Ассоциация онкологов России». Общероссийская общественная организация «Российское общество клинической онкологии». Клинические рекомендации. Злокачественное новообразование бронхов и лёгкого. 2020. [Электронный ресурс] URL: https://oncology-association.ru/wp-content/uploads/2020/12/rak-legkogopdf (дата обращения: 22.04.22).
  7. Hoffman RM, Sanchez R. Lung Cancer Screening. Med Clin North Am. 2017 Jul;101(4):769–785. doi: 10.1016/j.mcna.2017.03.008. PMID: 28577626; PMCID: PMC7368999.
  8. NCCN Guidelines for patients. Lung cancer Screening, 2020. https://www.nccn.org/patients/guidelines/content/PDF/lung_screening-patient.pdf (дата обращения: 29.04.22).
  9. Лактионов К.К., Артамонова Е.В., Бредер В.В. и др. Практические рекомендации по лекарственному лечению немелкоклеточного рака лёгкого. Злокачественные опухоли: Практические рекомендации RUSSCO #3s2, 2021 (том 11). 02. https://www.rosoncoweb.ru/standarts/RUSSCO/2021/2021–02.pdf (дата обращения: 29.04.2022).

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll