Ծխելը եղել է, կա և կմնա թոքի քաղցկեղի զարգացման ռիսկի ամենակարևոր գործոնը: Այնուամենայնիվ, համացանցում կարելի է գտնել պնդումներ, որ պասիվ ծխելը այնքան էլ վնասակար չէ, որքան սովորաբար համարվում է: Պարզենք՝ սա ճի՞շտ է, թե՞ սխալ։
Քաղցկեղների շարքում թոքի քաղցկեղը համարվում է թիվ 1 մարդասպանը: Բժիշկները վստահ են, որ դեպքերի 85–90%-ում դրա զարգացումը կապված է ծխելու հետ1, 2։Ծխելը կարող է լինել ակտիվ, երբ ծխողն ինքն է ներշնչում այրվող ծխախոտի ծուխը, և պասիվ, ծխողի ծխախոտի այրման արտադրանքը ստիպված է ներշնչել նույն սենյակում կամ տարածքում գտնվող չծխող մարդը։ Ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը վնասակար է և մեծացնում է թոքի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս փաստը հաստատում են բազմաթիվ հետազոտություններ, որոնք ուսումնասիրել են ծխելու ազդեցությունը թոքի քաղցկեղի առաջացման վրա:
Որքանո՞վ է վնասակար պասիվ ծխելը
Եթե ակտիվ ծխելը որպես թոքի քաղցկեղի ռիսկի գործոն առաջին անգամ քննարկվել է 1940-50-ականներին, պասիվ ծխելու վերաբերյալ, որպես թոքի քաղցկեղի առաջացման պատճառ, առաջին խոշոր հետազոտությունները հրապարակվել են 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին:
1981 թվականի հունվարին, երկու օրվա տարբերությամբ, հրապարակվեցին երկու նմանատիպ հետազոտությունների արդյունքները, որոնք հստակ ցույց տվեցին ամուսինների ծխելու և նրանց չծխող կանանց մոտ թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի կապը3,4: Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ չծխող կանանց մոտ թոքերի քաղցկեղի զարգացման հարաբերական ռիսկը կապված է ամուսնու ծխելու կարգավիճակի հետ և կախված է նրանց ամուսինների ծխած ծխախոտի քանակից. ռիսկի մակարդակը 2,4 անգամ (RR-2,4) բարձր է, եթե ամուսինները ծխում են օրական մեկ տուփից պակաս, և 3,4 (RR - 3,4) անգամ բարձր է՝ եթե մեկ տուփից ավել3: Ճապոնացի գիտնականները հանգել են նույն եզրակացությանը. հեղինակները հաշվարկել են, որ թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը այն կանանց մոտ, ում ամուսինները ծխում են մեկ տուփից պակաս փոքր-ինչ բարձր է (RR-3,17), իսկ օրական մեկ տուփից ավել ծխելու պարագայում՝ 4,5 անգամ (RR - 4,57) բարձր է չծխող տղամարդկանց կանանց համեմատ4։
Այնուհետև ամբողջ աշխարհում հրապարակվեցին բազմաթիվ հետազոտություններ, որոնց նպատակն էր պատասխանել հարցին՝ պասիվ ծխելը նպաստո՞ւմ է թոքի քաղցկեղի զարգացմանը, թե ոչ։ Մինչև 1986 թվականը հրապարակվեցին այս խնդրի վերաբերյալ 12 խոշոր հետազոտությունների արդյունքները, իսկ 1992 թվականին՝ արդեն 325: Ուսումնասիրությունների թիվն ավելացավ, բայց եզրակացությունները մնացին անփոփոխ. պասիվ ծխելը և թոքի քաղցկեղը անքակտելիորեն կապված են. հիվանդությունն աճում է 15-35%-ով, արտաշնչած ծխախոտի ծուխը քաղցկեղածին է, և տարեկան միայն ԱՄՆ-ում չծխողների մոտ հանդիսանում է թոքի քաղցկեղից մահվան մոտ 3 հազար դեպքի պատճառ5:

Ինչպե՞ս է ծխելը բարձրացնում թոքի քաղցկեղի առաջացման վտանգը
1997 թվականին հրապարակվեցին մետա-վերլուծության արդյունքները, որոնք հավաքագրեցին 37 հետազոտություններ, այդ թվում՝ 4,5 հազար թոքի քաղցկեղով պացիենտների տվյալներ, որոնք երբեք չէին ծխել6:
Մետա-վերլուծությունը հետազոտություն է, որը վիճակագրորեն միավորում է բազմաթիվ անկախ հետազոտությունների արդյունքները, ինչը թույլ է տալիս խնդրին նայել գլոբալ և անաչառ:
Հեղինակները պարզել են, որ չծխող ամուսնու պասիվ ծխելը մեծացնում է թոքի քաղցկեղի առաջացման վտանգը 24%-ով (RR - 1.24; 95% CI - 1.13-1.36), բացի այդ շատ կարևոր է ծխած սիգարետների քանակն ու ծխի ազդեցության տևողությունը չծխող մարդու վրա6։ Նույն եզրակացության գալիս են այն գիտնականները, ովքեր հրապարակել են 2000 թվականին մեկ ուրիշ մետա-վերլուծության արդյունքները. չծխող կանանց պասիվ ծխելը 20%-ով մեծացնում է նրանց մոտ թոքի քաղցկեղի առաջացման վտանգը (RR - 1,20; 95% CI - 1,12–1,29) 7։
Մոտավորապես նույն արդյունքները հրապարակվել են 2006 թվականին ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժի զեկույցում, որն ուսումնասիրել է 52 հետազոտություն՝ ծխախոտի ծխի ազդեցության վերաբերյալ չծխող ամուսինների և 25-ը՝ գործընկերների վրա. Եթե ամուսինը ծխում է, թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը չծխող կնոջ համար բարձրանում է 15-43%-ով (կախված սեռից և տարածաշրջանից, որտեղ անցկացվել է հետազոտությունը), իսկ աշխատանքի վայրում ծխախոտի ծխի ազդեցությունը չծխող աշխատակիցների վրա բարձրացնում է նրանց թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 22%-ով։ (RR: 1.22; 95% CI: 1.13–1.33)5:
Ինչու է թոքի քաղցկեղը զարգանում չծխողների մոտ:
Վերոնշյալ արդյունքները մասամբ բացատրում են, թե ինչու է թոքի քաղցկեղն ավելի տարածված կանանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել, քան այն տղամարդկանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել. նրանք տառապում են իրենց ամուսինների վատ սովորություններից:
Այսպիսով՝ պասիվ ծխելը բարձրացնում է չծխող անձանց մոտ թոքի քաղցկեղի զարգացման վտանգը 20-30%-ով2:
Մթնոլորտ արտաշնչվող ծուխը պարունակում է առնվազն 17 քաղցկեղածին նյութ և դրանց կոնցենտրացիան արտաշնչվող օդում ավելի բարձր է, քան ներշնչվող ծխի մեջ11:
Թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու միակ միջոցը ծխելու դադարեցումն է, իսկ պասիվ ծխելու դեպքում՝ ծխախոտի ծուխը ներշնչելուց խուսափելը։
Նոյեմբերը՝ թոքի քաղցկեղի իրազեկման ամիսն է։
Դադարեցրեք ծխելը․
պաշտպանեք ձեզ և ձեր մտերիմներին։
Գրականություն
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day