Լիմերիկի համալսարանի հետազոտողները պարզել են, որ հաջող նիհարելու համար բնավ պարտադիր չէ կտրուկ իջեցնել սննդաբաժնի կալորիականությունը։ Օրական 100-200 կալորիայով աստիճանական կրճատումը կարող է հանգեցնել կայուն արդյունքների առանց սթրեսի օրգանիզմի համար։ Այս մասին տեղեկացրել է The Conversation պորտալը։
Որոշելու համար, թե որքան կալորիա պետք է սպառել, կարեւոր է հաշվի առնել ընդհանուր էներգիայի ծախսը, որը բազային նյութափոխանակության արագության եւ ֆիզիկական ակտիվության համադրությունն է: Բայց երբ կալորիականությունը նվազում է, մարմինը սկսում է հարմարվել՝ դանդաղեցնելով նյութափոխանակությունը եւ ակտիվացնելով հորմոնալ մեխանիզմները, որոնք կարող են դժվարացնել նիհարելը: Օրինակ՝ հագեցածությունը կարգավորող լեպտինի մակարդակը կարող է նվազել, մինչդեռ գրելինի մակարդակը, որը խթանում է ախորժակը, կարող է աճել։
Չնայած այս դժվարություններին՝ լավ մշակված դիետան կարող է օգնել պահպանել հավասարակշռությունը եւ շարունակել քաշի կորստի գործընթացը: Գիտնականները շեշտում են, որ դրա համար կարեւոր է պահպանել մկանային զանգվածը, ուտել սպիտակուցներով եւ բջջանյութով հարուստ սնունդ, ինչպես նաեւ չափավոր սահմանափակել կալորիականությունը։
Հետազոտողների կարծիքով՝ աստիճանական փոփոխությունները ոչ միայն ավելի արդյունավետ, այլեւ ավելի հեշտ հանդուրժելի են, ինչը հատկապես կարեւոր է քաշի երկարաժամկետ պահպանման համար։ Մարմնի քաշի նույնիսկ փոքր՝ 5-10 տոկոս նվազումը կարող է զգալիորեն բարելավել նյութափոխանակությունը եւ նվազեցնել քրոնիկական հիվանդությունների վտանգը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day