Ռուսաստանցի գիտնականները միջուկային բժշկության համար իզոտոպներ ստանալու նոր մեթոդ են մշակել։ Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս իզոտոպներ ստանալ անմիջապես միջուկային բժշկության կենտրոններում, ինչը նվազեցնում է նյութատեխնիկական ծախսերը եւ էժանացնում պրոտոնային քաղցկեղի բուժումը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ԿԳՆ մամուլի ծառայությանը։
Տոմսկի պետական համալսարանի (ՏՊՀ) եւ Պ.Ն. Լեբեդեւի անվան Ֆիզիկայի ինստիտուտի (ՖԻ) հետազոտողներն առաջարկել են օգտագործել ինստիտուտի «Պրոմեթեուս» արագացուցիչը մոլիբդեն-99 իզոտոպներ արտադրելու համար, որն իր հերթին ծառայում է տեխնեցիում-99մ՝ ժամանակակից միջուկային բժշկության հիմնական ախտորոշիչ ռադիոնուկլիդի արտադրմանը: Տեխնոլոգիան կարող է օգտագործվել ոչ միայն մոլիբդեն-99-ի, այլ նաեւ այլ կարեւոր իզոտոպների արտադրության համար, օրինակ՝ լյուտեցիում-177 եւ ռենիում-188, որոնք ակտիվորեն օգտագործվում են քաղցկեղի բուժման համար։
«Մենք իրականացրել ենք այս գործընթացի համակարգչային մոդելավորում եւ ցույց ենք տվել, որ, հաշվի առնելով «Պրոմեթեուս» արագացուցչի բնութագրերը, իզոտոպների արտադրության արդյունավետությունը կարող է շատ բարձր լինել, հատկապես մոլիբդենի իզոտոպի համար: Մոդելավորումը հնարավորություն է տվել որոշել համակարգի հիմնական պարամետրերը։ Օրինակ, պարզվել է, որ առավելագույն արդյունավետությունը ձեռք է բերվում 1 միլիմետր թիրախային հաստությամբ, ինչը թույլ է տալիս հասնել բարձր արտադրողականության նվազագույն նյութական սպառման դեպքում»,- ասել է ՏՊՀ Բարձր էներգիայի ֆիզիկայի տվյալների վերլուծության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Վլադիմիր Իվանչենկոն հաղորդագրությունում։
Նոր տեխնոլոգիայի գլխավոր առավելությունը դրա բազմակողմանիությունն է. տեղադրումը թույլ է տալիս իզոտոպների արտադրությունը համատեղել արագացուցչի հիմնական գործառույթների, մասնավորապես՝ բուժական օգտագործման հետ։ Սա հնարավորություն է տալիս անմիջապես միջուկային բժշկության բուժման եւ ախտորոշման կենտրոններում ձեռք բերել անհրաժեշտ իզոտոպները՝ նվազեցնելով լոգիստիկ ծախսերը եւ ավելի մատչելի դարձնելով բարձր տեխնոլոգիական բժշկությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day