• Latest news

«Մարգարտյա հարսանիք»՝ քիմիաթերապիայի կուրսերի միջև. Օլգան պայքարում է քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակի դեմ

14 փետրվարի, 2025  01:32

Հեռավոր Սալեխարդից 53-ամյա Օլգայի մոտ, ով այժմ ապրում է Հայաստանում, ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակը՝ եռակի բացասական: Նա դեղորայքային բուժում է անցնում՝ քիմիոթերապիա և իմունոթերապիա՝ փետրվարի 18-ին կայանալիք «մարգարտյա հարսանիքին» ընդառաջ…

Պատմությունը, թե ինչպես Օլգան հայտնվեց Հայաստանում, սկսվեց նրանից, որ 30 տարի առաջ Արտակ Հարությունյանը պետք է գործուղման մեկներ։ Թե աշխատակիցներից ում որտեղ ուղարկել, որոշվեց վիճակահանությամբ, և Արտակը քաշեց «Սալեխարդ» գրությամբ թղթի կտորը։

Գտնվելով տարօրինակ, անծանոթ քաղաքում՝ նա պատկերացնում անգամ չուներ, որ կահույքի կցամասերի 3 տուփը իրեն երջանկություն կբերի իր ողջ կյանքում...

Այդ ժամանակ Օլգա անունով մի երիտասարդ աղջիկ, ով ապահովագրական ընկերությունում հաշվապահ էր աշխատում, դեռ չէր հասցրել իր բոլոր իրերը տեղափոխել հին բնակարանից։ Օլգայի մայրն առաջարկեց միասին գնալ դրանք հավաքելու։ Մտնելով բնակարան՝ աղջիկը տեսել է երեք տղաների, որոնք մոր խնդրանքով եկել էին օգնելու տեղափոխությանը։ Աղջիկը նկատել է, որ երկուսը միասին հավաքել են միայն մեկ արկղ, իսկ երրորդը՝ մենակ երեք հատ հավաքել էր։ Դա Արտակն էր...

Երիտասարդ զույգն ամուսնացել է, որոշ ժամանակ անց տեղափոխվել Հայաստան։ Հետո եկավ երեխաների ծնունդը՝ դուստր ու տղա։ Այժմ Արտակն աշխատում է որպես ներկարար, իսկ Օլգան՝ տեխնիկական աշխատող է բանկում և մի քանի այլ վայրերում։ Նրանք ապրում են վարձով բնակարանում։

Օլգան դեկտեմբերի սկզբին կլորավուն գնդիկ է զգացել կրծքում։ Բիոպսիան կատարվել է երկու անգամ՝ ուռուցքի շարժունակության պատճառով։ Առաջին բիոպսիայից հետո Օլգային ասացին, որ նա ուղղակի բորբոքային պրոցես ունի, սակայն երկրորդ բիոպսիան ցույց տվեց՝ կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղ, 2-րդ փուլ։

Եվ սկսվեց «տառապանքի ուղիներով» դեգերումը: Թեև առողջապահության ոլորտի պատասխանատուները մշտապես պնդում են, որ Հայաստանում քաղցկեղի բուժումն իրականացվում է պետական պատվերով, սակայն մոռանում են պարզաբանել՝ վերջնական ախտորոշումից հետո միայն։ Եվ պետպատվերն ամբողջությամբ տարածվում է միայն վիրաբուժության ու ճառագայթային թերապիայի վրա, այն էլ ոչ բոլոր բժշկական կենտրոններում։ Դուք պետք է հավելավճար վճարեք նորագույն ճառագայթային սարքավորումների, ինչպես նաև քիմիաթերապիայի համար։ Իսկ իմունոթերապիան ընդհանրապես չի ծածկվում պետական պատվերով: Իսկ Օլգային իր ախտորոշման դեպքում կարող է օգնել միայն իմունոթերապիան։

Ամբողջ ժամանակահատվածում ընտանիքը անալիզների և հետազոտությունների վրա ծախսել է մոտ մեկուկես միլիոն դրամ։ Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան, որը առաջարկվում էր բուժման ավելի հասցեական մոտեցման համար, և որի արժեքը Հայաստանում մոտ 500 հազար դրամ է, պարզվեց՝ անհասանելի է իրենց գրպանին։

Օլգային բուժում են նշանակել 12 կուրս քիմիաթերապիա՝ շաբաթական մեկ անգամ, և 8 իմունոթերապիա՝ 3 շաբաթը մեկ անգամ:

Մեկ հիվանդի քիմիաթերապիայի պետական քվոտան 300 հազար դրամ է։ Եթե քիմիաթերապիայում օգտագործվող դեղերի արժեքը գերազանցում է այս գումարը, հիվանդը վճարում է տարբերությունը իր գրպանից։ Եվ դա գերազանցում է: Բացի այդ, իմունոթերապիայի դեղամիջոցի մեկ սրվակն արժե 500 դոլար: Օլգան յուրաքանչյուր կուրսի համար ստանում է երկու ամպուլ: Հայաստանում իրականացվում է քաղցկեղի բուժման ևս մեկ պետական ծրագիր՝ HER-դրական կրծքագեղձի վաղ փուլի քաղցկեղի բուժումը տրաստուզումաբով։ Բայց Օլգան ունի քաղցկեղի այլ տեսակ, և նա չի համապատասխանում այս ծրագրին: Այսպիսով, ստացվում է, որ կնոջ բախտը չի՞ բերել իր ախտորոշմամբ։ Հենց այս ախտորոշման համար պետպատվերը ծածկում է բուժման ծախսերի միայն չնչին մասը:

Քիմիաթերապիայի պրոցեդուրան տեւում է 7 ժամ, Օլգայի համար ֆիզիկապես դժվար է այն անցնել նստած, ուստի այն իրականացվում է հիվանդասենյակում, որի համար նա ամեն անգամ պետք է վճարի 15 000 դրամ։ Գլխացավից և մազաթափությունից խուսափելու համար հարկավոր է վճարել հատուկ սառեցնող սաղավարտի համար՝ ևս 35 000 դրամ։ Պրոցեդուրաների համար անհրաժեշտ մնացած պարագաները նույնպես պետք է ձեռք բերել սեփական միջոցների հաշվին։

Գործընկերներն ու ընտանիքը օգնել են հավաքել նախնական գումարը հետազոտությունների և բուժման համար: Օլգայի քույրը ՌԴ–ում հանել է մայրության կապիտալը՝ բնակարանային պայմանները բարելավելու համար, սակայն իմանալով քրոջ հիվանդության մասին՝ գումարն ուղարկել է՝ ասելով, որ ավելի լավ է մնալ առանց տան, բայց կենդանի քրոջ հետ։

Մինչ օրս Օլգան ստացել է քիմիաթերապիայի 3 և իմունոթերապիայի 2 կուրս։ Առջևում դեռ քիմիոթերապիայի 9 և իմունոթերապիայի 6 կուրս կա։

Նրանց համար, ովքեր ցանկանում են օգնել կնոջը.

Օլգա Հարությունյանի քարտի համարը

4355053924423173

Օլգայի որդու հեռախոսահամարը՝ Դավիթ Հարությունյան

094331023

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll