Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը (ՊԿՁՀ) վերարտադրողական տարիքի կանանց շրջանում ամենատարածված հորմոնալ խանգարումներից է: Չնայած հիվանդության զգալի տարածմանը, Հայաստանում դրա ախտորոշումը մնում է ոչ այնքան ճշգրիտ, իսկ բուժման մոտեցումները հաճախ հատվածային են եւ մակերեսային։ Շատ կանայք բախվում են ճիշտ ախտորոշման երկարատեւ որոնման խնդրին բուժզննման եւ միասնական ախտորոշիչ ստանդարտների անբավարարության հանդեպ որոշ բժիշկների ոչ համակարգված մոտեցման պատճառով։ Դա հանգեցնում է այն բանին, որ պացիենտները ստանում են սիմպտոմատիկ բուժում առանց հիվանդության նախապատճառները վերացնելու։
Ճանապարհ դժվարությունների միջով. մի պացիենտի պատմությունը
Մարգարիտան բախվել է խնդրի, որը փոխել է նրա կյանքը դեռահաս տարիքում։ 14-16 տարեկանում նա կանոնավորապես այցելել է մաշկաբանի մաշկի ցանի պատճառով։ Բժշկական միջամտությունները, քսուքներն ու հաբերը միայն ժամանակավոր թեթեւացում են տվել՝ ցանն անհետացել, բայց վերադարձել է նոր ուժով: Ժամանակն անցնում էր, իսկ մաշկի խնդիրները միայն ավելի էին վատանում: Մաշկի թերությունները թաքցնելու համար Մարգարիտան սկսել է չարաշահել կոսմետիկան, բայց դա միայն վատթարացրել է վիճակը՝ առաջացնելով նոր բորբոքումներ։ Աղջիկը բառացիորեն փորձել է «քողարկել» իր խնդիրը, սակայն չի կարողացել ազատվել մշտական ցանից։ Անընդհատ անհանգստությունների ու սթրեսների ֆոնին Մարգարիտայի մոտ առաջացել է մեկ այլ խնդիր՝ հիրսուտիզմ՝ մարմնի մազերի ավելորդ աճ։ Դա իսկական հարված էր նրա ինքնագնահատականին: Մաշկի հետ պայքարի երկու տարուց հետո մաշկաբանը նրան խորհուրդ է տվել դիմել այլ ոլորտի մասնագետի՝ գինեկոլոգ-էնդոկրինոլոգի։ Նոր բժշկին առաջին այցն իսկական ցնցում էր նրա համար։ «Նա ասաց, որ ես «ՊԿՁՀ ունեմ, որ ես պետք է «նստեմ» հակաբեղմնավորիչների վրա, որ երբ սկսեմ երեխա պլանավորել, պետք է երկարատեւ բուժում ստանամ, իսկ հղիանալու հետ կապված խնդիրներ կլինեն, ասաց, որ, գուցե, չկարողանամ երեխա ունենալ»,- հիշում է Մարգարիտան։ Այս խոսքերը 16-ամյա աղջկան բառացիորեն դեպրեսիայի են մատնել։
Բայց Մարգարիտայի ծնողները որոշեցլ են վերստուգել ախտորոշումը, քանի որ ցիկլի խանգարումներ, որոնք բնորոշ են ՊԿՁՀ-ին աղջկա մոտ չկային։ Նրանք դիմել են մեկ այլ մասնագետի, որը հետազոտություններից եւ անալիզներից հետո ասել է, որ աղջկա մոտ դեռ ՊԿՀՁ չկա, բայց վիճակը մոտ է այդ հիվանդությանը, եւ ախտորոշել է «հիպերանդրոգենիա»։ Նա նրան մի շարք դեղամիջոցներ է նշանակել, որոնց մեջ կրկին հակաբեղմնավորիչներ են եղել։ «Հակաբեղմնավորիչների առաջին ընդունումից հետո վիճակն իսկապես բարելավվել է։ Բայց երբ դրանց ընդունումը դադարեցվել է, ամեն ինչ վերադարձել է կրկնակի ուժով։ Ես մի քանի տարի այցելում էի մասնագետի, եւ ամեն ընդունելության ժամանակ ինձ հակաբեղմնավորիչներ էին նշանակում կամ դադարեցնում, յուրաքանչյուր այցելություն ուղեկցվում էր ուլտրաձայնային հետազոտությամբ, արյան անալիզով եւ խորհրդատվությամբ: Դեղերի եւ անալիզների համար մենք հսկայական փողեր էինք ծախսում։ Բայց արդյունքներ չկային։ Միեւնույն ժամանակ, ես սկսեցի գիրանալ, թեեւ փոխել էի սննդակարգս»,- նշել է Մարգարիտան։
Այսպես շարունակվեց եւս երկու տարի։ Նրա կյանքը վերածվեց իսկական մղձավանջի. բազմաթիվ անալիզներ, թեստեր եւ ավելի ու ավելի շատ դեղամիջոցներ, բայց ոչ մի իրական բարելավում: Անալիզների թղթապանակը մեծանում էր։ «Հետագայում ինձ խորհուրդ տվեցին դիմել այլ մասնագետի։ Երբ ես նրա մոտ եկա անալիզների թղթապանակով, նա նայեց դրանք եւ ասաց. «Էս ի՞նչ կինո է»: Բժիշկը հավաստիացրեց, որ մեր կատարած ուլտրաձայնային հետազոտությունը՝ որովայնի առաջնային պատի, հիվանդության իրական պատկերը ցույց չի տալիս։ Բացի այդ, բացարձակապես կարիք չկար դա այդքան հաճախ անել։ Այստեղ ինձ նորից ախտորոշեցին ՊԿՁՀ: Առաջին հերթին դադարեցրին հակաբեղմնավորիչը, նշանակեցին վիտամինային կոմպլեքս ու մեկ այլ դեղամիջոց։ Վիճակը սկսեց լավանալ։ Հիմա մաշկի միակ խնդիրներից մնացել են պզուկների հետքերը, որոնց դեմ շարունակում եմ պայքարել։ Երբեմն լինում են առանձին ցաներ։ Բժիշկը շատ հաճախ աշխատում է իմ էմոցիոնալ վիճակի վրա։ Ամենամսյա ուլտրաձայնային հետազոտություներն ու անալիզները վատ երազի պես եմ հիշում»,- ասում է Մարգարիտան։
Սխալների քննում. ՊԿՁՀ-ն անպտղություն չի ենթադրում
Մարգարիտայի պատմությունը ընդամենը մեկ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է ախտորոշման անբավարար ճշգրտությունը եւ մակերեսային մոտեցումը բուժման հանդեպ դժվարացնել ժամանակին օգնությունը պացիենտներին։ Հիմա եկեք պարզենք, թե ինչն այնպես չէր եւ ինչ սխալներ էին թույլ տրվել տարբեր փուլերում։ Մենք դիմեցինք գինեկոլոգ Իզաբելա Մազմանյանին՝ խնդրելով բացատրել իրավիճակը եւ պատմել, թե իսկապես ՊԿՁՀ-ն դատավճիռ է, որը խաչ է քաշում մայրության մասին երազանքների վրա։
«ՊԿՁՀ ախտորոշումը պահանջում է համալիր մոտեցում ախտորոշմանը եւ կլինիկական ախտանիշների առկայությանը։ ՊԿՁՀ ախտորոշումը չի կարող տրվել միայն ուլտրաձայնային հետազոտության հիման վրա։ Ավելին, կարեւոր է հասկանալ, որ 16 տարեկանում ՈՒՁՀ-ի հիման վրա կարող է լինել բազմաֆոլիկուլյար ձվարանների պատկերը, բայց դա ՊԿՁՀ ախտորոշման հիմք չէ։ Այս ախտորոշումը տրվում է առնվազն մենարխեից 5 տարի հետո, եթե պահպանվում են որոշ ախտանիշները։ Բացի այդ, դեռահասների պարագայում ավելի լավ վիզուալացման եւ ավելի ստույգ ախտորոշման համար օգտագործում են տրանսռեկտալ ՈՒՁՀ։ Այդ ՈՒՁՀ-ով կարելի է ստանալ շատ ավելի մանրամասն պատկեր, եւ բազմաֆոլիկուլյար ձվարանները պարզելու հավանականությունն այդ փուլում անհամեմատ ավելի բարձր է։ Բացի այդ, իրականացվում են լաբորատոր հետազոտություններ ճիշտ ախտորոշում կայացնելու համար»,- նշել է Մազմանյանը։
Բացի այդ, բացատրել է բժիշկը, կա այնպիսի հասկացություն, ինչպիսին Ռոտերդամի չափորոշիչներն են. դրանք են՝ դաշտանային ցիկլի խանգարումները՝ կապված հազվադեպ կամ բացակայող ձվարտադրության հետ, հիպերանդրոգենիան՝ արտահայտված Մարգարիտայի դեպքում հիրսուտիզմով, ինչպես նաեւ ձվարանների պոլիկիստոզ մորֆոլոգիան ՈՒՀՁ տվյալներով։ Ենթադրվում է, որ ՊԿՁՀ ախտորոշումը կարող է իրականացվել, եթե բավարարվեն երեք չափանիշներից երկուսը, սակայն շատ բժիշկներ համաձայն չեն դրա հետ եւ կարծում են, որ ախտորոշման համար անհրաժեշտ են բոլոր երեք չափանիշները: «Առանց ձեռքի տակ եղած անալիզների արդյունքների՝ ինձ համար դժվար է հստակ գնահատել իրավիճակը, սակայն ես նման ախտորոշում չէի դնի 16 տարեկանում, մենարխեից 2 տարի անց, առանց ցիկլի խանգարման»,- նշել է Մազմանյանը։
Բժիշկը ՊԿՁՖ-ը չի համարում հղիությունը բացառող դատավճիռ։ «Պոլիկիստոզի հիման վրա անպտղության ախտորոշումը սխալ է, իհարկե, կարող են խնդիրներ լինել, բայց ֆոլիկուլների առկայության դեպքում հղիանալու հավանականություն կա, թեեւ որոշ դեպքերում կարող է պահանջվել օվուլյացիայի խթանում: Նույնիսկ եթե խթանումը չի օգնում, միշտ կարելի է օգտագործել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ, ինչպիսին է ԱՄԲ-ն»,- նշել է Մազմանյանը։
«Բացի այդ, կարեւոր է նաեւ իմանալ, որ բազմաֆոլիկուլյար ձվարանները կարող են ինքնաբերաբար օվուլյացիա ունենալ, հետեւաբար, նույնիսկ եթե աղջիկն առաջին սեռական հարաբերությունն ունենա, նա կարող է անմիջապես հղիանալ, քանի որ ձվարանն ինքնաբերաբար կարող է ձվազատել: Բայց պոլիկիստոզը կարող է նաեւ տարբեր լինել ծանրության աստիճանով, եթե դաշտանային ցիկլի երկար բացակայություն կա՝ 6 ամիս, սա լուրջ վիճակ է, որը պահանջում է պարտադիր թերապիա, քանի որ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ կնոջ առողջության համար, որովհետեւ էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ռիսկը մեծանում է: Բայց նույնիսկ այս դեպքում անպտղության ախտորոշումը միանշանակ չէ»,- ասել է նա։
Ե՞րբ եւ ինչո՞ւ չեն օգնում հակաբեղմնավորիչները
Մազմանյանի խոսքով՝ համակցված օրալ հակաբեղմնավորիչները (ՀՕՀ) հանդիսանում են պոլիկիստոզ հիվանդության, ակնեի եւ հիրսուտիզմի բուժման հիմնական միջոցը: «Սակայն կարեւոր է հասկանալ, որ պոլիկիստոզային հիվանդությունը բուժում չունի, ՊԿՁՀ թերապիայի հիմնական նպատակը կենսակերպի փոփոխությունն է՝ ճիշտ սնունդ, կանոնավոր վարժություններ եւ լավ քուն: Սա հատկապես վերաբերում է դեռահասներին, որոնք հաճախ են սթրես ապրում քննությունների պատճառով, վատ են քնում եւ վատ են սնվում: Այս բոլոր գործոններն ազդում են հորմոնալ հավասարակշռության վրա եւ կարող են վատթարացնել վիճակը»,- նշել է Մազմանյանը։
«Կարեւոր է հակաբեղմնավորիչ թերապիայի ճիշտ օգտագործումը: Մարգարիտայի դեպքում կարճ ժամանակահատվածում մի քանի անգամ փոխվել է ՀՕՀ նշանակման սխեման, ինչը կարող է միայն վատթարացնել հորմոնալ վիճակը: Եթե հակաբեղմնավորիչներ են նշանակվում, ապա դրանք պետք է ընդունվեն առնվազն վեց ամիս՝ արդյունք տեսնելու համար: Այսօր շատերը վախենում են հորմոնալ թերապիայից եւ խուսափում են դրանից, բայց իրականում հորմոն ընդունող կինը տարբերվում է նրանով, որ այդ դեղերի հետեւանքով առաջացած բարդություններից խուսափելու համար նրան ավելի հաճախ է վերահսկում բժիշկը, քան մյուսներին։ Դրական կողմը կա՝ կանոնավոր մոնիթորինգը թույլ է տալիս ժամանակին բացահայտել հնարավոր բարդությունները եւ անհրաժեշտության դեպքում կարգավորել բուժումը»,- նշել է բժիշկը։
«Եթե ՊԿՁՀ ունեցող կինը կամ ծնողները դեմ են հակաբեղմնավորիչներին, եւ ՊԿՁՀ ախտանիշները լուրջ մտահոգություն չեն, կարող են փորձել այլ մոտեցումներ: Օրինակ՝ այլընտրանքային բուժումներ, ինչպիսիք են ինովիտոլ դեղամիջոցը կամ հոմեոպաթիան, թեեւ դրանց արդյունավետությունը միշտ չէ, որ ապացուցված է: Բացի այդ, եթե աղջիկը չունի դաշտանային ցիկլի լուրջ խախտումներ, եւ նա չի ցանկանում հորմոններ ընդունել, կարող է ամեն ինչ թողնվել այնպես, ինչպես կա մինչեւ հղիության պլանավորումը: Այս դեպքում նա կարող է հղիանալ առանց հորմոնալ թերապիայի, եթե նրա հորմոնալ հավասարակշռությունը կարգավորվի»,- ասել է Մազմանյանը։
«Ինովիտոլ դեղամիջոցի արդյունավետությունը կարող է կասկածելի լինել, սակայն եթե հիվանդը դեմ է հորմոնալ թերապիային, իսկ վիճակը կրիտիկական չէ, կարող եք փորձել եւ գնահատել արդյունքը անհատապես: Բայց այստեղ եւս կարեւոր է հասկանալ, որ կան դեպքեր, երբ ՀՕՀ նշանակումն անխուսափելի է: Եթե կինը հրաժարվում է հորմոնալ թերապիայից, այդ դեպքում անհրաժեշտ է նրան հստակ բացատրել այն ռիսկերը, որոնց նա կարող է բախվել»,- տեղեկացրել է բժիշկը։
Հորմոնների անհրաժեշտության դեպքում դրանք պետք է երկար ընդունել։ Հորմոնալ թերապիա ընդունող կինն ավելի հաճախ է այցելում իր բժշկին եւ պարբերաբար հետազոտություններ անցնում։ Նախքան դեղեր նշանակելը անհրաժեշտ է մանրակրկիտ ախտորոշում, այնուհետեւ պացիենտին վերահսկում են սովորականից ավելի ուշադիր: Սրանում դրական կողմ կա՝ կանոնավոր մոնիթորինգը թույլ է տալիս ժամանակին բացահայտել հնարավոր բարդությունները եւ անհրաժեշտության դեպքում կարգավորել բուժումը:
Այսպիսով, Մարգարիտայի պատմությունը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է ստանալ ՊԿՁՀ ճշգրիտ ախտորոշում եւ համապարփակ բուժում: Սխալները ախտորոշման փուլում եւ թերապիայի քաոսային նշանակումը կարող են ոչ միայն խորացնել խնդիրը, այլեւ հանգեցնել ավելորդ ապրումների։ ՊԿՀՁ-ն դատավճիռ չէ, եւ գրագետ մոտեցման դեպքում կարելի է զգալիորեն բարելավել կյանքի որակը, վերականգնել հորմոնալ հավասարակշռությունը եւ, անհրաժեշտության դեպքում, հաջողությամբ պլանավորել հղիությունը։ Գլխավորը բանիմաց մասնագետ գտնելն է, հարցեր տալուց չվախենալը եւ հասկանալը, որ ճիշտ բուժումն սկսվում է ճիշտ ախտորոշումից։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day