Ամերիկացի և բրազիլացի գիտնականները պարզել են, որ կոմբուչան (կաթնաթթվային, քացախաթթվային բակտերիաներից և խմորիչներից բաղկացած խոհարարական սիմբիոտիկ ֆերմենտացման մշակույթ՝ ՍՔՈԲԻ) նպաստում է աղիքային օգտակար մանրէների բազմացմանը և նվազեցնում է ճարպակալմանն առնչվող մանրէների համամասնությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition (JNutri) հանդեսում։
Ճարպակալումն արդեն վնասում է աշխարհում մեկ միլիարդից ավելի մարդկանց։ Չնայած բազմաթիվ հետազոտություններին, գենետիկական, վարքային և ֆիզիոլոգիական գործոնների շրջակա միջավայրի հետ փոխազդեցության ճշգրիտ մեխանիզմները դեռևս ամբողջ խորությամբ հետազոտված չեն։ Աճող գիտական ապացույցները մատնանշում են քաշի կարգավորման գործում աղիքային միկրոբիոմի առանցքային դերը:
Ութ շաբաթ տևած գիտափորձի ընթացքում նորմալ քաշ ունեցող, ինչպես նաև ճարպակալումից տառապող 38 մասնակիցներն ամեն օր 200 մլ լաբորատորիայում պատրաստված կոմբուչա էին խմում։ Սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը վերահսկելու համար մասնակիցները նաև հատուկ հարցաթերթիկներ են լրացրել։
Փորձից առաջ և հետո կղանքի, մեզի և արյան նմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ 145 ֆենոլային միացություններ պարունակող ըմպելիքը խթանում էր օգտակար միկրոօրգանիզմների աճը։ Ազդեցությունը հատկապես ցայտուն էր ճարպակալումից տառապող մարդկանց օրգանզիմում. նրանց աղիքներում բուտիրատներ (իրենց հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններով հայտնի կարագաթթվի աղերը) արտադրող մանրէների քանակը մեծացել էր։
Հետազոտության մասնակիցների օրգանիզմում նվազել էր նաև ճարպակալմանն առնչվող մանրէների, մասնավորապես՝ Ruminococcus-ի և Dorea-ի մակարդակը։ Սակայն սնկային միկրոբիոտայի ընդհանուր բազմազանությունը մնացել է կայուն կամ նույնիսկ նվազել։ Այս ըմպելիքի օգտակար ազդեցության սկզբունքներն ավելի ճշգրիտ հասկանալու համար գիտնականները նախատեսում են լրացուցիչ հետազոտություններ անցկացնել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day