«Հաղթենք Դիաբետը Միասին» հիմնադրամը և մատակարարող ընկերությունը բանակցություններ են վարում Eli Lilly ամերիկյան դեղագործական ընկերության հետ՝ այդ արտադրողի անալոգային ինսուլինի մատակարարումները Հայաստանում վերսկսելու շուրջ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է հիմնադրամի ղեկավար Խանդութ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ծնողների դժգոհությունները՝ կապված ամերիկյան Eli Lilly–ի արտադրության ինսուլինը դանիական Novo Nordisk-ի արտադրանքով փոխարինելու հետ։
Հիմնադրամի ղեկավարը շեշտել է, որ կազմակերպության հիմնական խնդիրն է ապահովել առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին (0-ից 28 տարեկան) ժամանակակից, որակյալ ինսուլիններով, ինչպես նաև անհրաժեշտ ուսուցմամբ՝ այդ հիվանդությամբ լիարժեք կյանք վարելու համար։ Պետությունը՝ առողջապահության նախարարության միջոցով, ավանդաբար անվճար ինսուլին է տրամադրում բոլոր հիվանդներին։
Eli Lilly VS Novo Nordisk
Նա հիշեցրել է, որ հիմնադրամի և Առողջապահության նախարարության համատեղ երկարատև և հետևողական աշխատանքի արդյունքում 2015 թվականին ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, որի շնորհիվ մեկնարկվեց «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագիրը, որը գործում է արդեն 10 տարի։ Այս ծրագրով առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող բոլոր մինչև 28 տարեկան բուժառուները հնարավորություն ստացան օգտվելու ժամանակակից անալոգային ինսուլիններից։
Սակայն 2023 թվականին մատակարարող ընկերությունը բախվեց լուրջ լոգիստիկ խնդիրների։ «Ռուս-ուկրաինական հակամարտությամբ և առաջացած լոգիստիկ դժվարություններով պայմանավորված՝ ամերիկյան ընկերությունը ժամանակավորապես դադարեցրեց ինսուլինի մատակարարումը Հայաստան, – պատմել է Հովհաննիսյանը։ – Մենք ստիպված եղանք անցում կատարել դանիական անալոգներին։ Այդ անցումը բավականին բարդ ընթացավ»։
Միաժամանակ հիմնադրամի ղեկավարն ըմբռնումով է մոտենում ծնողների դժգոհություններին, որոնք սկզբում դժվարությամբ հարմարվեցին նոր դեղամիջոցին, քանի որ անհրաժեշտ էր դեղաչափերի ճշգրտում, և ավելի սերտ աշխատանք բժիշկների հետ։ Սակայն, նրա խոսքով, սա ամենևին չի նշանակում, որ նոր դանիական ինսուլինը իր որակով զիջում է նախորդ ամերիկյանին։
«Կան ինսուլին արտադրող երեք հիմնական ամերիկյան, դանիական և ֆրանսիական ընկերություններ, որոնք համաշխարհային առաջատարներն են՝ բարձրորակ դեղամիջոցներով։ Դանիական անալոգ–ինսուլիններին անցնելուց հետո շատ հազվադեպ են եղել այն դեպքերը, երբ բժիշկները անհատական արձագանքի պատճառով խորհուրդ են տվել փոխել դեղամիջոցը։ Մենք ուշադիր և հետևողական աշխատել ենք պացիենտների հետ, ճշգրտել ենք դեղաչափերը և բացատրել իրավիճակը։ Հիմա, կարծես, անցումային փուլը ավարտվել է, և իրավիճակը կայունացել է։ Մենք շարունակում ենք բանակցությունները ամերիկյան Eli Lilly ինսուլին արտադրող ընկերության հետ՝ մատակարարումները Հայաստան վերականգնելու համար, սակայն մինչ այդ շարունակում ենք աշխատել դանիական ինսուլին արտադրող ընկերության NovoRapid և Levemir անալոգ–ինսուլիններով», — նշել է նա։
Ինչո՞ւ փոխվեց դեղերի տրամադրման ժամկետը
Շատ ծնողներ դժգոհել են ոչ միայն դեղամիջոցի փոփոխման, այլև դեղերի պաշարի տրամադրման ժամկետի կրճատման պատճառով։ Եթե նախկինում դեղերի պաշարը տրամադրվում էր երեք ամսով, ապա վերջին շրջանում այդ ժամկետը կրճատվել է մինչև մեկ ամիս։ Խանդութ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ դա ժամանակավոր միջոց էր, որը նույնպես պայմանավորված էր մատակարարի առջև ծառացած լոգիստիկ խնդիրներով։ Մատակարարումների ուշացումների պատճառով առողջապահության նախարարությունը ստիպված էր ինսուլինը տրամադրել մեկ ամսով, որպեսզի հնարավոր լինի պաշարը հավասարաչափ բաշխել բոլոր բուժառուների միջև։ Նա վստահեցրեց, որ այդ ճգնաժամը արդեն հաղթահարված է, և դեղերը կրկին տրամադրվում են երեք ամսով։
Ծնողների դժգոհության ևս մեկ պատճառ է դեղերի կենտրոնացված տրամադրումը։ Երևանից դուրս միայն մեկ մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսեր է գործում՝ Գյումրիում։ Հայաստանի մյուս բոլոր մարզերի բնակիչները ստիպված են իրենց երեխաների համար նախատեսված եռամսյա պաշարը ստանալու նպատակով մեկնել Երևան։ Խանդութ Հովհաննիսյանը համաձայն է, որ դա մեծ անհարմարություն է պատճառում մարզերի, հատկապես հեռավոր համայնքների բնակիչներին։ Սակայն, նրա խոսքով, տեղերում մանկական էնդոկրինոլոգիական ծառայությունների ստեղծման համար անհրաժեշտ են որակավորված մասնագետներ, դեղերի տեղափոխման համար հատուկ սառցային շղթայի պահպանում և այլ պայմաններ։ Նրա խոսքով՝ այս ամենը դեռ չկա, սակայն հիմնադրամը կողմ է այս հարցի լուծմանը։
Գլյուկոմետրեր և ստրիպներ. մատակարարման խնդի՞ր
Ինչ վերաբերում է գլյուկոմետրերին և ստրիպներին, ապա, Խանդութ Հովհաննիսյանի խոսքով, այս հարցում ևս «Հաղթենք Դիաբետը Միասին» հիմնադրամի աշխատանքների շնորհիվ առողջապահության նախարարությունը վերանայել է քանակական չափանիշները։ Եթե նախկինում պետությունն ապահովում էր մեկ ամսվա համար երկու տուփ ստրիպ (100 հատ), ինչը նախատեսված էր օրական երեք չափման համար, և ծնողները ստիպված էին լրացուցիչ գնում անել, ապա 2024 թվականի ապրիլից հիվանդներն ամսական ստանում են չորս տուփ (200 ստրիպ), ինչը թույլ է տալիս կատարել օրական 5–7 չափում։
Գլյուկոմետրերը տրամադրվում են անվճար, և մատակարարի փոփոխության դեպքում՝ ըստ մրցույթի արդյունքների, պացիենտները ստանում են նոր սարքեր՝ համապատասխանող ստրիպներով։ Վերջին մրցույթով մատակարարված ստրիպների որակի վերաբերյալ ծնողների դժգոհությունների կապակցությամբ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ Հայաստան մատակարարվում են երեք ընկերությունների գլյուկոմետրեր և ստրիպներ՝ Contour, Gmate և Akku Chek, որոնք բոլորը համապատասխանում են մրցույթի ընթացքում սահմանված որակի պահանջներին։
Նա հավելեց, որ դժգոհությունները կրկին կապված էին ստրիպների մատակարարման խափանումների հետ․ առաջացել էր դադար, և մինչ մատակարարման շղթայի վերականգնումը, հիմնադրամը սեփական միջոցներով գնել և բաժանել է մեկական տուփ ստրիպ բոլոր բուժառուներին։
«Դժվար փուլ էր, իրոք և ծնողի համար, և մեզ համար և նախարարության համար։ Ինչ-որ լարվածություն եղավ, բայց այդ հարցն էլ կարգավորվեց, պլյուս այս ամբողջից հետո մի հատ շատ լավ բան եղավ, 18-ից 28 տարեկաններին էլ է պետությունը նախատեսում տրամադրել ստրիպներ, երկուական տուփ, որը մինչ այժմ չի եղել», – ասաց նա։
Նախկինում առողջապահության նախարարությունը չէր ապահովում 18 տարին լրացած բուժառուներին, քանի որ ենթադրվում էր, թե նրանք արդեն կարող են ինքնուրույն գումար վաստակել և գնել դրանք։ Սակայն իրական կյանքում դա միշտ չէ, որ այդպես է, և ծնողների ու հիմնադրամի ջանքերի շնորհիվ պետությունը վերանայել է իր մոտեցումը, հավելեց Խանդութ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ դրական երևույթ է այն, որ պետությունը շուրջ հինգ տարի տրամադրում է նաև հիպոգլիկեմիայի ժամանակ շտապ ներարկման համար նախատեսված դեղամիջոց՝ գլյուկագոն։ Դրա օգտագործման դեպքում դատարկ սրվակը վերադարձվում է, և բուժառուն ստանում է նոր սրվակ։ Եթե այն չի օգտագործվում, ապա դեղը փոխարինվում է պահպանման ժամկետի ավարտից հետո։
Անալոգային ինսուլինից անցում սովորականի. գենսուլինը՝ լրացուցիչ խնդի՞ր
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն, որ բուժառուի 28 տարին լրանալուց հետո պետությունը թեև շարունակում է տրամադրել ինսուլին, սակայն ոչ թե անալոգային, այլ սովորական։
Եվ եթե մինչ 2024 թվականը տրամադրվում էր դանիական ընկերության ոչ անալոգային ինսուլին, ապա անցած տարվա մրցույթում հաղթել է լեհական արտադրության գենսուլինը, որի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ են առաջացել։
«Այս անգամ տենդերը հաղթել էր լեհական գենսուլինը, որը իր որակի հետ կապված շատ կասկածելի է, իր թղթաբանությունն էլ ենք նայում, այնտեղ կա Թաիլանդի առողջապահության նախարարության եզրակացությունը, որը հրաժարվել է այդ դեղից, ես հույս ունեմ այս 25 թվականի սեպտեմբերին Հայաստանում էլ կհրաժարվեն», - ասել է Խանդութ Հովհաննիսյանը.
Նա պատմել է, որ անցած տարվա գարնանը անձամբ այցելել է բազմաթիվ էնդոկրինոլոգների և հավաքել 31 ստորագրություն նախարարությանը ուղղված դիմումի տակ, որպեսզի վերանայեն գենսուլինի վերաբերյալ կայացված որոշումը, քանի որ կան բողոքներ ինչպես բժիշկներից, այնպես էլ բուժառուներից։
Մասնավորապես, հիվանդները բողոքում են, որ գլյուկոզայի նորմալ մակարդակը պահպանելու համար հարկավոր է մի քանի անգամ մեծացնել դեղաչափը։ Բազմաթիվ ալերգիկ ռեակցիաներ են գրանցվում, հիվանդները նաև բողոքում են տեսողության վատթարացումից և վերջույթների ցավերից։
«Եթե դա կարճ ժամանակում է տեսանելի, դուք պատկերացնում եք, երկարատև օգտագործման դեպքում ինչքան արագ բերելու է, այսպես ասեմ, դիաբետի բարդությունների, դիաբետը տեղից ինքը արդեն ռիսկային է», - նշել է նա, հավելելով, որ հուսով է. նախարարաության որոշումը դրական կլինի։
Սենսորային գլյուկոմետրեր՝ փրկություն երեխաների և հղիների համար
«Հաղթենք Դիաբետը Միասին» հիմնադրամի ղեկավարը հույս ունի, որ առողջապահության նախարարությունը կնախաձեռնի սենսորային գլյուկոմետրերի ձեռքբերումն երեխաների և հղի կանանց համար՝ ստրիպային համակարգերի փոխարեն։ Որպեսզի փոքր երեխաները օրական մի քանի անգամ մատը ծակելու պատճառով սթրեսային իրավիճակում չհայտնվեն։
Գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի սենսորները՝ փոքրիկ սարքեր են, որոնք կպչում են մաշկին և յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ տվյալներ են փոխանցում գլյուկոզայի մակարդակի մասին՝ սմարթֆոնի կամ հատուկ սարքի վրա։ Ի տարբերություն ավանդական գլյուկոմետրերի, որոնք պահանջում են օրական 4–7 ցավոտ ծակում, սենսորները նվազագույնի են հասցնում անհարմարությունը։
«Ես տեսել եմ, թե ինչպես էր երեք տարեկան մի երեխա ամեն ծակումից հետո լաց լինում։ Մեզ մոտ կան բուժառուներ, ովքեր դիաբետով հիվանդացել են դեռ երկու ամսականից։ Սենսորները հանում են այդ ծանրաբեռնվածությունը՝ ծնողներին տալով վստահություն իրենց երեխայի անվտանգության հարցում։ Օրինակ՝ ես ինքս օգտագործում եմ Abbott ընկերության սարքը, որն իրական ժամանակում ցույց է տալիս գլյուկոզայի դինամիկան և նախազգուշացնում է կրիտիկական մակարդակների դեպքում։ Սա հատկապես կարևոր է երեխաների և հղի կանանց համար, երբ ճշգրիտ վերահսկումը կենսական նշանակություն ունի», — նշել է նա։
Մեծահասակների դիաբետ․ խզում համակարգում և արդար աջակցության որոնում
Նրա խոսքով՝ ևս մեկ լուրջ խնդիրն այն է, որ 28 տարին լրանալուց հետո պետական ծրագիրը դադարեցնում է ոչ միայն անալոգային ինսուլինի, այլև ստրիպների և մյուս անհրաժեշտ պարագաների տրամադրումը։ Սա ստեղծում է լուրջ ռիսկեր՝ կապված հիվանդության վերահսկման կորուստի հետ, հատկապես մարզերում, որտեղ բժշկական օգնության հասանելիությունը սահմանափակ է։ Շատ պացիենտներ մնում են մենակ հիվանդության դեմ։ Ոմանք տարիներով չեն չափում գլյուկոզայի մակարդակը, ուրիշները ինսուլինը ներարկում են պատահական կերպով։ Մեկն, օրինակ, խոստովանել է, որ ջարդել է իր գլյուկոմետրը՝ չդիմանալով ինքնահսկողության պատճառած ամենօրյա հոգեբանական ճնշմանը։
Բացի այդ, մինչ 2024 թվականը դիաբետ ունեցող երեխաները ավտոմատ կերպով ստանում էին հաշմանդամության կարգ մինչև 18 տարեկանը, ինչը թույլ էր տալիս անվճար հետազոտություններ անցկացնել և ստանալ շուրջ 40 000 դրամի չափով նպաստ։ Սակայն 2024-ից մոտեցումը փոխվել է․ հիմա կարգավիճակը տրվում է միայն ֆունկցիոնալ խանգարումների առկայության դեպքում։ Արդյունքում՝ շատ ընտանիքներ զրկվել են բժշկական բազային ծառայություններից, չնայած շարունակվող ծախսերին բուժման համար։ Միևնույն ժամանակ, շատ ծնողներ իրենք են դեմ «հաշմանդամ» պիտակին՝ չցանկանալով, որ իրենց երեխան ընկալի իրեն որպես սահմանափակ կարողություններով մարդ։
Օպտիմալ լուծումը, Հովհաննիսյանի կարծիքով, կլինի դիաբետ ունեցող երեխաներին բժշկական անվճար հետազոտությունների և խորհրդատվությունների իրավունք տալը՝ անկախ հաշմանդամության կարգավիճակից։ Սա կօգներ պահպանել կենսական նշանակություն ունեցող աջակցությունը՝ առանց խարանման և հոգեբանական ճնշման վտանգի։
Դիաբետի դպրոցներ․ կրթություն, աջակցություն և պատասխանատվության ձևավորում
«Հաղթենք Դիաբետը Միասին» հիմնադրամը ստանձնել է կարևոր առաքելություն՝ դիաբետի դպրոցներ կազմակերպել Երևանում և մարզերում՝ բուժառուներին ու նրանց ընտանիքներին տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ հիվանդությունը արդյունավետ վերահսկելու և առողջությունը պահպանելու համար։
Ներկայումս հիմնադրամի հովանու տակ գործում են երեք գրասենյակներ՝ երկուսը Երևանում՝ «Մուրացան» համալսարանական կլինիկայում և «Արաբկիր» մանկական հիվանդանոցում, և մեկը՝ Գյումրիում։ Այս կենտրոններում պարբերաբար անցկացվում են դիաբետի դպրոցներ՝ օգտագործելով միջազգային վկայագրում ստացած նյութեր, օրինակ՝ Միջազգային Դիաբետիկ Ֆեդերացիայի (IDF) կողմից հաստատված։
Դասընթացները ներառում են դիաբետով ապրելու հիմնական ասպեկտները՝ ախտանշանների ճանաչում, ածխաջրերի հաշվարկ, ներարկման տեխնիկա և շաքարի մակարդակի վերահսկում։ Բացի այդ, հիմնադրամը անվճար անցկացնում է գլիկոզիլացված հեմոգլոբինի անալիզ (ցույց է տալիս վերջին երեք ամսվա արյան շաքարի միջին մակարդակը)։ Բուժառուները ստանում են նաև անհրաժեշտ պարագաներ՝ ասեղներ և ներարկիչ-գրիչներ։ Երեխաների համար կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ և ժամանցային միջոցառումներ՝ պահպանելու դրական տրամադրվածությունը և կյանքի ուրախությունը։
«Դիաբետի դպրոցը օգնում է հասկանալ, թե ինչպես ապրել այս հիվանդության հետ և ինչպես ճիշտ գործել տարբեր իրավիճակներում, — բացատրում է հիմնադրամի ղեկավարը։ — Դա հատկապես կարևոր է ծնողների համար, քանի որ Հայաստանում դեռ պահպանվում են դիաբետի վերաբերյալ հնացած կարծրատիպեր։ Շատերը ամաչում են բարձրաձայնել այս ախտորոշման մասին, իսկ որոշ բժիշկներ նույնիսկ օգտագործում են «տառապել շաքարախտով» արտահայտությունը, որը միջազգային ժամանակակից չափանիշներով համարվում է սխալ և խարանող»։
Հոգեբանական աջակցություն և կյանքի որակ
Այս համատեքստում Հովհաննիսյանը անդրադարձավ նաև դիաբետ ունեցող երեխաների ինտեգրմանը մանկապարտեզներ և դպրոցներ․ «Իրավական առումով որևէ խնդիր չկա, սակայն գործնականում մենք հանդիպել ենք մի շարք կողմնապահ դեպքերի։ Որոշ հաստատություններ հրաժարվել են ընդունել երեխային՝ հղում անելով նրա «հիվանդությանը» և իբր չկարողանալով ապահովել “պատշաճ խնամք»։
Այդպիսի դեպքերում «Հաղթենք Դիաբետը Միասին» հիմնադրամը միջամտում է և իրազեկման աշխատանք է կատարում անձնակազմի հետ։ Կարևոր է հասկացնել, որ դիաբետով երեխան վտանգավոր չէ, վարակիչ չէ և մեկուսացման կարիք չունի։ Նա պարզապես պետք է պահպանի որոշակի ռեժիմ և վերահսկի արյան շաքարը։ Երբեմն, օրինակ, դաստիարակին պարզապես անհրաժեշտ է նախաճաշին կամ ճաշին զանգահարել ծնողին՝ պարզելու ածխաջրերի քանակը՝ ինսուլինի դեղաչափը ճշգրտելու համար։ «Մենք 5–7 տարեկանից սկսած երեխաներին և ծնողներին ուղղորդում ենք աստիճանաբար վերցնել պատասխանատվությունը իրենց վրա․ սկզբում՝ ծնողների վերահսկողությամբ, հետո՝ ինքնուրույն։ Դիաբետը դառնում է նրանց առօրյայի մի մասը՝ ինչպես շնչելը․ սկզբում՝ գիտակցված, հետո՝ ավտոմատ կերպով», — ընդգծել է Հովհաննիսյանը։ «Հաղթենք Դիաբետը Միասին» հիմնադրամը շուրջ 5 տարի է անվճար տրամադրում է հոգեբանական խորհրդատվություն բոլոր շահառուներին և ընտանիքի անդամներին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day