Կոֆեինը կարող է կանխել խրոնիկական սթրեսի հետևանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների և ուղեղի միջև կապի վրա։ Չինաստանում նման եզրակացության են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։ Աշխատանքը հրապարակվել է European Journal of Pharmacology (EJP) բժշկագիտական հանդեսում։
Լաբորատոր մկների մասնակցությամբ անցկացված փորձի ժամանակ գիտնականները մոդելավորել են խրոնիկական սթրեսը, որը, ինչպես հայտնի է, մարդկանց մեջ դեպրեսիվ ախտանիշներին նման վարքային փոփոխություններ է առաջացնում։ Կենդանիների մի խմբի նախապես կոֆեին են տվել, ապա նրանց վարքագիծը, աղիքային առողջությունը և օրգանիզմում բորբոքման մակարդակը համեմատվել են որևէ պաշտպանությունից զուրկ և սթրեսի մեջ գտնվող մկների հետ։
Արդյունքները հատկանշական էին. կոֆեին ստացած մկները նույնքան ակտիվ էին պահում իրենց, որքան սթրեսի չենթարկված վերահսկիչ խումբը: Նրանց մեջ պահպանվել էր հետաքրքրությունը քաղցրահամ ջրի նկատմամբ, մարմնի զանգվածը չէր նվազել և դեպրեսիվ վարքի նշաններ չէին դրսևորվել։ Բացի դրանից, այդ կենդանիների շրջանում աղիքային պատնեշի որևէ խախտում չի հայտնաբերվել, և արյան մեջ և հիպոկամպում՝ ուղեղի այն հատվածում, որը կապված է տրամադրության հետ, բորբոքային մոլեկուլների մակարդակը մնացել է նորմայի սահմաններում։ Աղիքային լորձաթաղանթի ամբողջականությունն ապահովող սպիտակուցների մակարդակը չի նվազել, իսկ միկրոֆլորայի կազմը գրեթե առողջ է եղել։
Հեղինակները շեշտում են, որ աշխատանքը դեռևս նախնական փուլում է։ Սա կանխարգելիչ ազդեցություն է. պարզ չէ՝ արդյոք կոֆեինը կարո՞ղ է թեթևացնել արդեն իսկ առկա դեպրեսիան։ Սակայն արդյունքները հաստատում են սննդակարգի, աղիքային միկրոբիոմի և հոգեկան առողջության միջև կապի վերաբերյալ հետագա հետազոտությունների կարևորությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day