• Latest news

10 սովորություն, որոնք կարող են օգնել դանդաղեցնել դեմենցիայի զարգացումը․ The Times

22 հուլիսի, 2025  15:03

Դեմենցիայի զարգացման դանդաղեցման համար անհրաժեշտ է զարգացնել հաղորդակցությունը, նվազեցնել շաքարի սպառումը, պարբերաբար ստուգել լսողության առողջությունը և արդյունավետ օգտագործել տեխնոլոգիաները։ Այս մասին The Times հրատարակությանը պատմել է Վեստմինստերի համալսարանի նյարդավիրաբույժ պրոֆեսոր Քեթրին Լավդեյը։

Լավդեյի խոսքով՝ ընկերական հարաբերությունների պահպանությունը և հասարակական կյանքում ակտիվ մասնակցությունը նվազեցնում են սթրեսը և անհանգստությունը, ինչը թուլացնում է օրգանիզմում բորբոքային գործընթացները։ Նախկինում գիտնականները հաստատել են, որ հենց քրոնիկ բորբոքումը կարող է արագացնել ճանաչողական խնդիրների զարգացումը։

Հիմնական դերակատարում ունի նաև հիշողության մարզումը։ Պրոֆեսորը խորհուրդ է տալիս ամեն օր քնելուց առաջ գրանցել օրվա ընթացքում տեղի ունեցած ամենը։ Այս մեթոդը ակտիվացնում է ինտերվալային կրկնության մեխանիզմը, որը համարվում է տեղեկությունները ամրապնդելու ամենաարդյունավետ եղանակներից մեկը։

Դոկտոր Լավդեյն ընդգծում է, որ տեխնոլոգիաների օգտագործումը չպետք է ամոթ առաջացնի. ընդհակառակը, հեռախոսային գրառումները և նավիգատորները կարող են զգալիորեն պարզեցնել հիշողության խանգարումներ ունեցող մարդկանց առօրյա կյանքը։ Նրա խոսքով՝ առցանց քարտեզներից օգտվելու ունակությունը օգնում է տարեցներին պահպանել ինքնուրույնությունն ու հանգստությունը, իսկ գեոլոկացիայի գործառույթը կարող է օգտակար լինել հարազատների համար արտակարգ իրավիճակում։

Կոգնիտիվ առողջությունը պահպանելու ևս մեկ միջոց է անցյալի մասին խոսակցությունները։ Պրոֆեսորի խոսքով՝ Ալցհայմերի հիվանդությամբ տառապող հիվանդները հաճախ լավ են հիշում մանկության իրադարձությունները, իսկ նոստալգիական զրույցները՝ օրինակ՝ սիրելի երաժշտության կամ դպրոցական տարիների մասին, օգնում են պահպանել ինքնության զգացումը։

Բժիշկ Քեթրին Լավդեյը նաև հիշեցրել է ֆիզիկական ակտիվության և առողջ սննդակարգի կարևորության մասին՝ որպես դեմենցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ։ Նրա խոսքով՝ նույնիսկ պարզ զբոսանքները օգտակար են, քանի որ տարածության մեջ կողմնորոշումը խթանում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են հիշողության համար։

«Շաքարի մեծ քանակությունը սննդակարգում կարող է բարձրացնել օրգանիզմի բորբոքման մակարդակը և առաջացնել գլյուկոզայի կտրուկ տատանումներ, ինչը բացասաբար է անդրադառնում ուղեղի աշխատանքին։ Կարևոր է նաև պահպանել քնի ռեժիմը, քանի որ ինչպես քնի պակասը, այնպես էլ ավելցուկը մեծացնում են դեմենցիայի զարգացման վտանգը», — բացատրել է նյարդավիրաբույժը։

Եզրափակելով՝ փորձագետը հիշեցրել է, որ 60 տարեկանից հետո անհրաժեշտ է պարբերաբար՝ առնվազն երկու տարին մեկ անգամ, ստուգել լսողությունն ու տեսողությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ լսողության կորստի ժամանակին բուժումը կարող է հետաձգել դեմենցիայի զարգացումը, թեև այս ազդեցության ճշգրիտ մեխանիզմները դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll