• Latest news

Ինչպե՞ս անվտանգ դիմանալ շոգին. բժշկի խորհուրդները

4 օգոստոսի, 2025  22:39

Հաշվի առնելով Հայաստանում տիրող շոգ եղանակը՝ բնակչությանը խորհուրդ է տրվում կեսօրից հետո դուրս չգալ փակ տարածքներից, փորձել գտնվել ստվերում, օգտագործել շատ ջուր, տնից դուրս գալիս օգտագործել հովանոց։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է թերապևտ Մելիտա Կարապետյանը։

«Բացի այդ, խորհուրդ է տրվում արևի տակ չգտնվել՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից խուսափելու համար։

Շոգը հատկապես վատ է անդրադառնում տարեցների, երեխաների, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների վրա։ Բնակչության այս խմբերը պետք է խուսափեն օրվա շոգ ժամերին փակ տարածքներից դուրս գալուց։

Շոգը կարող է հանգեցնել, այդ թվում, ճնշման տատանումների, սրտի քրոնիկ հիվանդությունների սրացումների։ Իշեմիկ հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ կարող է առաջանալ ստենոկարդիա, տախիկարդիա և նույնիսկ սուր ինֆարկտ։

Ջրազրկման պայմաններում շոգը սպառնալիք է ներկայացնում այն մարդկանց համար, ովքեր տառապում են նաև արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։ Չեն բացառվում թրոմբոզները, երակների հիվանդությունները, արյունատար համակարգի հիվանդությունները, լեյկոզները, սակավարյունությունը։

Երեխաները նույնպես գտնվում են խոցելի խմբում, նրանք կարող են թուլանալ, հրաժարվել սննդից, վատ քնել։

Շատրվանները որոշակի վտանգ են ներկայացնում, որն առաջին հերթին կապված է սուր վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ աղիքային հիվանդությունների հետ։

Օդորակիչը շոգ եղանակին անհրաժեշտ տեխնիկա է, սակայն հիվանդանալու ռիսկը մեծանում է, եթե գտնվեք անմիջապես դրա ազդեցության տակ, քանի որ ջերմաստիճանի կտրուկ տատանումները բացասական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։

«Ես նաև խորհուրդ եմ տալիս շատ ջուր խմել և քաղցր ըմպելիքներ չօգտագործել։ Խորհուրդ է տրվում խմել թան, որն արգելակում է ջրազրկման գործընթացը»,- նշել է Կարապետյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll