Սոված մնալը դարձել է հայտնի միտում, հատկապես նրանց շրջանում, ովքեր հույս ունեն նիհարել, սակայն Բրիտանական Կոլումբիայի համալսարանի (UBC Okanagan) նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սոված մնալը տարբեր կերպ է ազդում մարմնի տարբեր տեսակների վրա։
Կետոգենային՝ շատ ցածր ածխաջրային դիետայի շրջանակներում ծոմ պահելը գնալով ավելի տարածված է դառնում, քանի որ մարդիկ ձգտում են այրել կուտակված ճարպը՝ էներգիա ստանալու համար, երբ մարմնում ածխաջրերի մակարդակը նվազում է։
Դոկտոր Հաշիմ Իսլամը՝ Առողջապահության և ֆիզիկական կուլտուրայի գիտությունների դպրոցի և Քրոնիկական հիվանդությունների կանխարգելման և կառավարման կենտրոնի դոցենտ, ասում է, որ սոված մնալը և ցածր ածխաջրածնային սնունդը կարող են օգտակար լինել շատ մարդկանց համար, սակայն դրանց ազդեցությունը կարող է տարբեր լինել ճարպակալում ունեցող անձանց մոտ։
«Այս դիետիկ միտումները շարունակում են ժողովրդականություն վայելել,- ասում է դոկտոր Իսլամը։- Բայց մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճարպակալում ունեցող մարդիկ կարող են սոված մնալուն այլ կերպ արձագանքել, քան ավելի նիհարները, հատկապես այն առումով, թե ինչպես է արձագանքում նրանց իմունային համակարգը»։
Սոված մնալը հայտնի է դարձել ԶԼՄ-ներում հիշատակումների շնորհիվ, սակայն, ինչպես նշում է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Հելենա Նոյդորֆը, գիտնականներն այն գնահատում են նաև այն բանի համար, որ այն մարմինը շաքար այրելուց անցնում է ճարպ այրելուն՝ կետոնների առաջացմամբ։
Նա հավելել է, որ սոված մնալը կարող է բարելավել առողջությունը՝ փոխելով նյութափոխանակությունը, ամրապնդելով իմունային համակարգը և նվազեցնելով քրոնիկական բորբոքումը, որը կապված է բազմաթիվ հիվանդությունների հետ։
«Մենք ցանկանում էինք պարզել, թե արդյոք սոված մնալը կարող է տարբեր կերպ է ազդել նյութափոխանակության և իմունային համակարգի վրա՝ ճարպակալում ունեցող և նիհար մարդկանց մոտ»։
Գիտնականների թիմը ճարպակալում ունեցող մարդկանց և նրանց նիհար հասակակիցներին խնդրել է 48 ժամ հրաժարվել սնունդից։ Մասնակիցները սննդակարգի սկզբից առաջ, ընթացքում և դրանից հետո արյան նմուշներ են հանձնել, որպեսզի հետազոտողները կարողանան չափել հորմոնների, մետաբոլիտների մակարդակը, նյութափոխանակության արագությունը, բորբոքումը և T-բջիջների ակտիվությունը. այդ բջիջները սպիտակ արյան բջիջներ են, որոնք պայքարում են վարակների դեմ, բայց կարող են նաև առաջացնել քրոնիկական բորբոքում։
Դոկտոր Իսլամի և պրոֆեսոր Ջոնաթան Լիթլի խմբերի կողմից UBCO-ի Քրոնիկական հիվանդությունների կանխարգելման և կառավարման կենտրոնում անցկացված և վերջերս iScience ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճարպակալում ունեցող մարդիկ ավելի շատ բորբոքային T-բջիջներ ունեն և դրանք շարունակում են բորբոքային ազդանշաններ արտադրել նույնիսկ սոված մնալուց հետո։ Այս նույն խումբը ցույց է տվել կետոնների մակարդակի ավելի քիչ աճ և ավելի ցածր մակարդակի կարևոր քիմիական ռեակցիաներ, որոնք կապված են իմունիտետի կարգավորման հետ, ինչպիսիք են կետոնները ամինաթթուներին կամ սպիտակուցներին միացնելը։
«Մենք նաև պարզեցինք, որ նիհար մասնակիցների իմունային բջիջները հարմարվել են սոված մնալուն՝ սկսելով ավելի շատ ճարպ այրել։ Ճարպակալում ունեցող մարդկանց մոտ նման բան տեղի չի ունեցել»,- ասում է դոկտոր Նոյդորֆը։ «Ընդհանուր առմամբ, նրանց անցումն ավելի հավասարակշռված և հակաբորբոքային վիճակին ավելի թույլ է եղել»։
Դոկտոր Իսլամը նշում է, որ սոված մնալը կարող է օգտակար լինել, սակայն ճարպակալումը, ըստ ամենայնի, նվազեցնում է դրա դրական ազդեցությունը նյութափոխանակության և իմունային համակարգի վրա։
«Ճարպակալում ունեցող մարդիկ կարող են երկօրյա սննդակարգին այլ կերպ արձագանքել, քան նիհարները, բայց մենք դեռ չգիտենք՝ դա լավ է, թե վատ», - ավելացնում է նա։ «Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս սննդի, նյութափոխանակության և իմունային համակարգի աշխատանքի միջև բարդ փոխհարաբերությունները, ինչպես նաև այն, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է սննդակարգն օգտագործել որպես բուժական մեթոդ՝ մարմնի տարբեր տեսակներ ունեցող մարդկանց համար»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day